Մեկնաբանություն

20.01.2012 17:55


Առանց «նեյնիմների»` պարոնայք Քոչարյան, Տեր-Պետրոսյան և Ծառուկյան

Առանց «նեյնիմների»`  պարոնայք Քոչարյան, Տեր-Պետրոսյան և Ծառուկյան

Երբ մենք ասում ենք, որ գործող ռեժիմը վերարտադրվելու որևէ ռեսուրս չունի` մենք անկեղծ ենք: Երբ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ գործող ռեժիմը վարկանիշ չունի` անկեղծ է ժողովուրդը: Բայց դա չի նշնակում, որ ռեժիմը առանց պայքարի, սահուն զիջելու է: Ամենևին` ոչ: Նրանք դեռ մի որոշ ժամանակ դիմադրելու են, և օգտագործելու են անազնիվ պայքարի բոլոր հայտնի միջոցները:

Նրանք շարունակելու են ձերբակալությունները, հայբուսակներին, դավիթշահնազարյաններին, անդրանիկքոչարյաններին, փոխքաղաքապետերին և այլոց օգտագործելն ու պայթեցնելը, նրանք ողջ թափով աշխատացնելու են ազատ, բայց լիովին իրենց տակ գործող լրատվամիջոցները, պարբերաբար օգտագործելու են  ՀԱԿ-ի և Միշիկի հետ 50 /50 աշխատող օրաթերթերը` ու ամենավտանգավոր պատվերները նրանց միջոցով են իրականացնելու, նրանք նվագելու են «ժողգործիքների» ողջ կազմով, նրանք լիարժեք օգտագործելու  և շպրտելու են «ազնիվ քյարփինջների» դասակարագը:

Այսուհետ ԲՀԿ-ն ամեն օր ներկայացվելու է որպես թմրամոլների և կրկնահանցագործների կուսակցություն, իսկ ՀԱԿ-ը՝ միայն «Ազատիչ դեմոկրատների»  և «ճտերի» շնորհիվ կայացած ուժ, որը հիմա արնաքամ է լինում:

Դրան զուգահեռ Վիգեն Սարգսյանն ու Էդիկ Նալբանդյանը ամեն առիթով «մեր մեջ իհարկե» ասելու են, թե եվրոպացիներին արդեն առել ենք ու  գնահատականը լինելու է փայլուն` անկախ ընտրակեղծիքներից:

Սա, ի դեպ, նորմալ է: Ինչքան Էդիկ Նալբանդյանը լուծեց Ֆրանսիայում ցեղասպանության հարցերը կամ Շվեյցարիայում հայ-թուրքակլան հարցերը, այնքան էլ Վիգեն Սարգսյանը ժամանակին Բաբկեն Արարքցյանի օգնականը լինելով լուծեց ՀՀՇ-ի «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսով ընտրության հարցերը: Որքան շատ նման «պռավալշիկներ» լինեն ռեժիմի առաջին գծում, այնքան լավ: Փակելով Եվրոպացիների թեման, հիշեցնենք միայն, որ ամենաքցող կոնտինգենտը հենց նրանք են: Հիշեք միայն Քադաֆիի օրինակը: Թե որքան փող էր տվել Քադաֆին արեմտաեվրոական երկրների ղեկավարներին գիտեն միայն տվողն ու վերցնողը: Բայց  թե ինչպես Եվրոպան ծախեց Քադաֆիին` գիտենք բոլորս:

Դառնանք մեր խնդրին: Որպեսզի հեռացող ռեժիմը չհասցնի շատ ավերածություններ անել՝ անհրաժեշտ է, որպես առաջին քայլ, որպեսզի Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը , թեկուզ ոչ հրապարակային, բայց իրենց հոգու խորքում ընդունեն մի քանի սխալներ:

Քոչարյանը պետք է ընդունի, որ հանուն Սերժ Սարգսյանի չէր կարելի ամեն գնով հասնել նրա ընտրությանը։ Քոչարյանը պետք է ընդունի, որ կրում է բարոյական պատասխանատվություն Սերժ և Տիգրան Սարգսյանների քառամյա գործունեության համար:

Տեր-Պետրոսյանը պետք է ընդունի, որ չէր կարելի վերադառնալ քաղաքականություն բոլորին ավազակ, թաթար-մոնղոլ անվանելով ու բոլորին պատժելու մոլուցքով: Տեր-Պետրոսյանը պետք է ընդունի, որ ողջ 2008–ի նախագահական ընտրություններից հետո մինչև 2011-ի հոկտեմբեր ամիսը նա հզոր շարժումը ուղղորդում էր միայն պաշտոնաթող Քոչարյանի դեմ՝ դրանով իսկ ծառայելով Սերժ Սարգսյանին: Ու կապ չունի, թե ինչ հաշվարկներից ելնելով էր Տեր–Պետրոսյանը հիշել Եղիազար Այնթապցու պատմությունը:

Հիմա վիճակը փոխվել է, իսկ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի ներքին մտորումները և վերաիմաստավորումները կարևոր են միայն ու միայն այն բանի համար, որ նրանց թշնամանքն ու սուր հակամարտությունը ձեռնտու է,  ու օդ ու ջրի նման անհրաժեշտ Ս. Սարգսյանին:

Հայաստանը անձնական հակակրանքերը պարզելու փորձադաշտ չէ: Այս երկիրը պարտավոր չէ միշտ ցնցումների և կատակլիզմների մեջ լինել: Հայ ժողովուրդը ուզում է խաղաղություն, նորմալ կյանք, իր երկրում ապրելու հնարավորություններ: Ով խանգարեց այս սցենարին, առաջիկայում Հայաստանում սպասվող փոփոխությունների ալիքի տակ է ընկնելու:

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Ծառուկյանը ժամանակն է, որ վերջ դնեն կիսաքայլերին: Հասարակական հիմնական պահանջը դա է: Ձեր առաջ  անպարտելի ուժ չէ, այլ թուլացած, բայց դեռևս ավերածությունների ունակ ռեժիմ:

Ի դեպ, ռեժիմն այդ պետք է տարանջատել ՀՀԿ–ի մեծ մասից։ ՀՀԿ–ում կան առողջ ուժեր, որոնք նույնպես պետք է ներքին որոշում կայացնեն ու դրա արդյունքում մաս կազմեն վաղվա Հայաստանին, իսկ այսօրվա արկածախնդիրներին պետք է ուղարկել պետական համակարգից հեռու և հետագայում վատ երազի պես հիշել սերժսարգսյանական կառավարման տարիներն ու բացասական էմոցիաները հաղթահարել անեկդոտների միջոցով, որոնց համար այնքան առատ նյութ է տվել, օրինակ, վարչապետը։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը