Լրահոս

08.05.2009 19:23


«Ժառանգություն» կուսակցության անդամներն ընտրական հանձնաժողովներում կգործեն Դաշնակցության ներկայացուցիչների հետ միասին

«Ժառանգություն» կուսակցության անդամներն ընտրական հանձնաժողովներում կգործեն Դաշնակցության ներկայացուցիչների հետ միասին

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը Մամուլի ազգային ակումբում ասել է, որ որևէ երաշխիք, որ այս ընտրությունները լավ իմաստով որևէ կերպ տարբերվելու են նախորդ ընտրություններից չկա։

-Նայե՛ք վերջին հեռուստաբանավեճերը. ընտրական կրքերը, լարվածությունը քաղաքական ուժերի միջև արդեն ժայթքում է հեռուստատեսության էկրաններից։ Կենտրոն հեռուստատեսության եթերում Տիգրան Կարապետյանի և Պետրոս Ղազարյանի բանավեճը, «Շանթ»-ի եթերում՝ Նվեր Մնացականյան-Գագիկ Ծառուկյան, Նվեր Մնացականյան-Հարություն Փամբուկյան բանավեճերը, նայեք և կտեսնեք մրցակիցների առճակատման չափը։ Նման մթնոլորտում ընթացող քարոզարշավը որևէ լավ բան չի կարող խոստանալ,-ասել է նա։

Ինչ վերաբերվում է նրան, թե ի՞նչ միջոցներ է կիրառելու «Ժառանգություն» կուսակցությունը ընտրությունները վերահսկելու համար, Ստեփան Սաֆարյանն ասել է.

-Մենք ընտրություններին չենք մասնակցելու, բայց կազմավորել ենք բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում մեր ներկայացուցիչների ցանկը և ներկայացրել հաստատման։ Մեծ հույս ունենք, որ այս անգամ Ժառանգություն կուսակցության անդամները հանձնաժողովներում մենակ չեն լինի և կգործեն Դաշնակցության ներկայացուցիչների հետ միասին, եթե հարկ լինի հակակշռելու ընտրակեղծիքներին։

Նա նաև տեղեկացրել է, որ իրենք ստեղծել են տեղեկատվական կենտրոն, որտեղ լինելու են  արագ արձագանքման խմբեր։ Դրանք բաղկացած են լինելու լրագրողներից, իրավապաշտպաններից, փաստաբաններից  և շատ արագ արձագանքելու են ցանկացած իրավախախտման, ինչպես նաև առնվազն երեք ժամը մեկ պարբերականությամբ, դիտարկված ընտրախախտումների վերաբերյալ, անց են կացվելու ճեպազրույցներ։

Այս խորագրի վերջին նյութերը