Աշխարհ

25.01.2012 15:08


Ֆրանսիան «թաղեց» ցյուրիխյան արձանագրությունները

Ֆրանսիան «թաղեց» ցյուրիխյան արձանագրությունները

Հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, հավանություն տվեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունել էր անցած տարվա դեկտեմբերի 22-ին:

Անշուշտ, Ֆրանսիայի խորհրդարանի այս օրինագիծը մի քանի օր հայ եւ թուրք հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առարկան կդառնա, որտեղ հուզականությունը կստվերի բազմաթիվ հարցեր` ուղղված քաղաքական զարգացումների, այդ թվում երկու հասարակությունների մերձեցման տեւապես դադարեցված գործընթացի գնահատմանը: Կարելի է պնդել, որ հաշտեցման այդ գործընթացում Ֆրանսիայի նախագահի կողմից օրինագծի հաստատման քաղաքական հետեւանքները կունենան ուղղակի ազդեցություն: Դրանք վերջնականապես «կթաղեն» մեռած, սակայն հարության հույսեր փայփայելու պատճառով միջազգային շատ ուժերի արտաքին քաղաքական օրակարգում պահպանված ցյուրիխյան արձանագրությունները:

Այն շրջանում, երբ մեջտեղ եկան հայ-թուրքական արձանագրությունները, քաղաքական ու վերլուծական շատ շրջանակներ կարծիք հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կանգ է առնելու, քանի որ Թուրքիան իրավունք է ստանալու պնդել, թե իրենք արդեն զբաղվում են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներով, հետեւաբար` միջամտությունն ավելորդ է: Եվ իսկապես` այդ նպատակով արձանագրություններից մեկում իրավական տեսք ստացավ հայ-թուրքական միջկառավարական պատմական հարցերով ենթահանձնաժողով ստեղծելու գաղափարը, որը Թուրքիայի համար` չնայած հայկական կողմի ինֆանտիլ պնդումներին, թե դա Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելուն չէր կարող վերաբերել, հենց նշված նպատակի իրականացմանն էր ծառայում:

Սակայն միջազգային պրակտիկայում ցանկացած կնճռոտ հարց կարող է հայտնվել քաղաքական օրակարգում, եթե դրա ետեւում կանգնած են մեծ տերություններն ու նրանց աշխարհաքաղաքական շահերը: Իհարկե, բոլորովին անհարկի է պնդել, որ Ֆրանսիայի այս քայլը Թուրքիայի` ցյուրիխյան արձանագրությունները չվավերացնելու քաղաքականության հետեւանքն էր: Ֆրանսիական շահերի ամբողջ համապատկերում դրանք չնչին նշանակություն ունեն եւ, նույնիսկ, անհամեմատելի են այն ճանապարհի հետ, որ միջազգային հանրությունն անցավ (ու կանցներ) արձանագրությունների վավերացման առկախված գործընթացում` անընդհատ թուրքական կողմի վրա ճնշումներ բանեցնելու տեսանկյունից:

Ուստի միջազգային խաղացողների շահերի դիտանկյունից բոլորովին անհիմն էին հայկական կողմի այն ակնկալիքները, թե պատմական ենթահանձնաժողովի քննարկելիք հարցերի թվում Թուրքիան չի կարողանա արծարծել Հայոց ցեղասպանության փաստը (հայկական կողմի ընդդիմանալու պատճառով) եւ, առավելեւս, արտաքին քաղաքականության մեջ այդ խնդիրը Թուրքիայի կողմից շահարկելիս` կկարողանա դրա բացասական հետեւանքների դեմն առնել: Միաժամանակ նույնքան անհիմն էին Թուրքիայի սպասումները, որ երբեւէ հնարավորություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հանել միջազգային խոշոր խաղացողների` իր վրա ճնշում գործադրելու գործիքակազմից:

 

Այդ տեսանկյունից Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների քրեականացման օրինագծի քննարկումներից առաջ արած հայտարարությունն իսկապես արտահայտությունն էր այն կեղծ հույսերի, որ հայ-թուրքական մեռած արձանագրությունները կարող էին դեռեւս ծառայել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կանխարգելման գործին: «Հասկանալի չէ՞, թե ինչու է Սարկոզին իր քաղաքական շահերի համար օգտագործում պատմաբանների որոշելիքը: Այսօր Սենատի որոշում է կայացվելու: Ըստ այդ որոշման՝ մենք էլ որոշում ունենք»,- ասել էր Էրդողանը:

Կարելի է կարծել, որ թուրքական կողմի ձեռնարկելիք այլեւայլ քաղաքական ու տնտեսական հակաքայլերից է դառնալու ցյուրիխյան արձանագրությունների վերջնական դուրսմղումը դիվանագիտական ու քաղաքական օրակարգերից` այդ թվում Թուրքիայի Ազգային մեծ ժողովում: «Մավրը չկատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»,- քիչ վերափոխելով դասականի խոսքը` կասվեր այս դեպքում, քանի որ Թուրքիայի հիմնական շահագրգռությունը, որ նա ցուցաբերել էր հայ-թուրքական հաշտեցման գործընթացում սեփական մասնակցության համար` կապված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմն առնելու հետ: Իսկ նման գործելաոճը Ֆրանսիայի ընդունած օրենքից հետո բոլորովին կորցնում է իր նշանակությունը: Միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դրա ժխտման քրեականացման ֆրանսիական օրինագծից հետո բոլորովին անհույս են դառնում Թուրքիայի ձգտումները` կանխարգելել այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու ժխտումը քրեականացնելու գործընթացները:

Նման զարգացումներն առավել քան հիմնավորում են Թուրքիայի ու Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման խնդիրները պատմական հարցերով ենթահանձնաժողովի ստեղծման հետ զուգորդելու ողջ անհեռանկարայնության հանգամանքը, որը տարիներ շարունակ շատ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից մատուցվել է գործող վարչակարգին: Ուստի պետք է ընդունել, որ այսօր, Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դե ֆակտո ապամոնտաժումից հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առաջ ընթանալու համար խոչընդոտներն առավել շատ են, քան երբեւէ:

Սարո Սարոյան Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը