Մեկնաբանություն

26.01.2012 17:53


Տիգրան Սարգսյանի «մետամորֆոզները»

Տիգրան Սարգսյանի «մետամորֆոզները»

2008–ի նախագահական ընտրություններից հետո վարչապետի աթոռին հայտնված Տիգրան Սարգսյանը մի շարք նյուվասյուկիստական ծրագրեր առաջ քաշեց։ Միամիտների վրա դա, միգուցե, որոշակի ազդեցություն գործեց։ Չկայացած քաղքենիների ականջը, թերևս, շոյում էր այն, որ Հայաստանի մարզերից մեկում շուտով ծով է լինելու (ըստ Ներսես Երիցյանի), մեր պետության գողտրիկ հանգստավայրերից մեկը դառնալու է միջազգային ֆինանսական կենտրոն (ծրագրի հեղինակ՝ Տիգրան Սարգսյան & co), իսկ մոծակների դեմ պայքարի շրջանակներում 50 միլիոն դրամ դուրս գրելով հնարավոր է լինելու Ջերմուկը դարձնել միջազգային առողջարանական կենտրոն (ՀՀ Կառավարության «մտքի թռիչքներից» է)։ Շատ չանցած, սակայն, բոլորը հասկացան, որ ի դեմս վարչապետի ու իր տնտեսական թիմի՝ գործ ունենք դիլետանտների կամ էլ փարիսեցիների, դեմագոգների, ցինիկների և պարզապես ստախոսների հետ։

Տիգրան Սարգսյանի վարչապետ դառնալուց մեկ տարի անց արձանագրվեց, որ ոչ թե Հայաստանը միջազգային կենտրոն է դարձել, այլ միջազգային մակարդակով ամենամեծ տնտեսական անկումն ունեցել։

Մեկը մյուսին հետևող ձախողումները Տ. Սարգսյանին ստիպեցին «քավության նոխազ» հռչակել «միջազգային տնտեսական ճգնաժամը», այնինչ հենց ինքն էր հայտարարել, թե Հայաստանի տնտեսությանը ոչինչ չի սպառնում, քանզի ճգնաժամը կշրջանցի մեզ։

Հանրության լայն շրջանակներն էլ ավելի խորքից ծանոթացան վարչապետի մտածողության, մասնագիտական կարողությունների և տեսակի հետ, երբ նա հայտարարեց, թե Հայաստանին ապրանքային արտադրություն պետք չէ։ Այդ հիմա է, որ վարչախումբն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի շուրթերով հայտարարում է, թե Հայաստանը պետք է լինի արտադրող ու արտահանող երկիր (ինչպիսի՜ փոխակերպումներ)։

Վերը նշված իրողությունները հուշում են, որ Սերժ Սարգսյանի գլխավորած նեղ թիմը բացառապես բլեֆների, «փուչիկ» PR–ի և ժողովրդի կարճ հիշողության վրա է հույսը դրել, բայց դա դատապարտված մոտեցում է, քանզի տերտերական առոգանությամբ ելույթներից ու կեղծ խոստումներից հետո ՀՆԱ–ն չի աճում, գները չեն իջնում, և աղքատությունը չի պակասում, այլ ճիշտ հակառակը։

Համոզված ենք, որ ԱԺ առաջիկա ընտրությունները հարմար առիթ են հանդիսանալու ընտրողների համար պատասխան պահանջել Իրան–Հայաստան չկառուցված երկաթգծի, նոր ատոմակայանի բացակայության, նանոտեխնոլոգիական բլեֆների և այլնի համար։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության համար մարդիկ տարբեր խորհրդանիշեր են առաջարկում շրջանառության մեջ դնել։ Մի մասը սրանց նույնացնում է չեղած ծովի հետ, մյուս մասը խորհրդանիշ է համարում կովի լվացած պտուկները, իսկ երրորդներն էլ կարծում են, որ կառավարությանը կարելի է նույնացնել «պայթած» օղու շշի հետ՝ հաշվի առնելով վարչապետի ելույթը Թաթայի համերգին։

Մեր կարծիքով, սակայն, կառավարության գործունեության հավաքական խորհրդանիշը բիոզուգարաններն են, որոնց վրա 100 միլիոնի փող է դուրս գրվելու։ Բիոզուգարաններն, ըստ այդմ, ամենացայտուն կերպով են բնութագրում «բարեշրջիչների» կառավարման տարիները, որոնք այլ կերպ, քան զուգարանային չես անվանի։

Այս խորագրի վերջին նյութերը