Մեկնաբանություն

27.01.2012 17:45


Իշխանության վերջին հույսը

Իշխանության վերջին հույսը

Սերժ Սարգսյանի գլխավորած թիմի վերջին հույսը դհոլներն ու դրածոներն են։ Նկատենք, որ բոլոր կուսակցություններում էլ այդպիսիք գտնվում են, քանի որ երկիրը սոցիալ–տնտեսական ծանր վիճակում է հայտնվել, և մարդիկ չեն դիմանում օրվա բեռին։ Ոմանք, որպես «ազնիվ քյարփինջ», ինքնաբուխ են ծառայում ռեժիմին, իսկ մյուսները՝ «կոռմի» դիմաց։

Իսկ ինչպե՞ս տարբերել տարատեսակ կուսակցություններում հանգրվանած ականներին ու ժողգործիքներին, կամ, այլ կերպ ասած, Արթուր Բաղդասարյանի ու Արտաշես Գեղամյանի հետևորդներին։

Եթե, օրինակ, ՀԱԿ–ը ներկայացնող գործիչը դեմ է արտահայտվում Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը՝ ընդդիմանալով ընտրակեղծիքների դեմ իջևանյան տարբերակով ԲՀԿ–ի հետ համատեղ պայքարելու գաղափարին, ապա մի՛ կասկածեք, որ գործ ունեք շարքային ականի և Սերժի հաճախորդի հետ։ Ուշագրավն այն է, որ երբ սերժանպաստ «երկխոսություն» էր տեղի ունենում ՀԱԿ–ի ու կոալիցիայի միջև, նույն այդ մարդիկ, ովքեր ԲՀԿ–ի դեմ այսօր դհոլություն են անում, երկու ձեռքով կողմ էին գյալաջիին։

ՀԱԿ–ական ականներին մենք արդեն անդրադարձել ենք (Արամ Զավենի Սարգսյան, Անդրանիկ Քոչարյան, Դավիթ Շահնազարյան և այլն)։ Նրանք բոլորն էլ ծառայում են ռեժիմին։ Կլինեն նոր դեմքեր՝ նրանց էլ կանդրադառնանք։

Անցնենք առաջ։ Եթե ԲՀԿ–ականը սկսում է քծնել Սերժ Սարգսյանին ու «Հայբուսակ»–ի Անոյի պես էժանագին ու քծնանքային հայտարարություններ անել, ապա մեր առջև կրկին հաճախորդ է, ինչպիսին դարձավ նաև նորաթուխ ախքիկի վերածված Արարատի նախկին փոխքաղաքապետը, ում ուսադիրներ նվիրեցին արթուրբաղդասարյանություն անելու դիմաց։

Օրերս ի հայտ եկավ նաև «Ժառանգությունում» հայտնված, բայց իրականում ռեժիմին ծառայող մեկը։ Խոսքս Կարինե Հակոբյանի մասին է, ով կրկին սերժանպաստ և հակաբարգավաճական հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, թե գործարարներին պատկանող ԲՀԿ–ն չպետք է գրանցվի ԿԸՀ–ում և չպետք է մասնակցի ԱԺ ընտրություններին։ Չենք կասկածում, տիկինը շատ լավ գիտի, որ մեր երկրի թիվ մեկ օլիգարխը Սերժ Սարգսյանն է, բայց, արի ու տես, որ օլիգարխիայի դեմ իր հերսը թափում է Գագիկ Ծառուկյանի վրա։ Սա դասական գեղամյանություն է և Սերժի հաճախորդին հատուկ վարքագիծ։

Այսպիսով իշխանությունը հիմա պարզապես ականների պայթեցման շարք է սկսել և անում է առավելագույնը, որպեսզի քանդի «կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»համագործակցության ձևաչափը։ Այնպես որ առաջիկայում զնգոցներ ու գմփոցներ դեռ կլինեն։

Այս ամենը հուշում է, որ մենք հիմա քաղաքական լարված շրջանում ենք գտնվում, և սպասվում են տարատեսակ  հայբուսակների, ախքացած ոստիկանների և «ընդդիմադիր» կանանց նոր խմբաքանակների ներմուծման երևույթներ։ Հետևաբար պետք է պատրաստ լինել ամեն ինչի ու ոչ մի բանի վրա չզարմանալ, այլ սառնասրտորեն բնում խեղդել իշխանության բոլոր նախաձեռնությունները։

Սերժ Սարգսյանի թիմը հետևողականորեն ապականելու և ականապատելու է քաղաքական դաշտը, իսկ մենք էլ ոչ պակաս հետևողականությամբ «փչացնելու» ենք բոլոր նրանց, ում հանգիստ չեն տալիս Գեղամյանի դափնիները։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը