Մեկնաբանություն

28.01.2012 20:31


Վազգենին քծնելու և Վազգենով PR լինելու ժամանակը

Վազգենին քծնելու և Վազգենով PR լինելու ժամանակը

Նախընտրական քարոզարշավը գործնականում սկսվել է։ Ամեն մեկն ուզում է իրեն ցույց տալ, և «պուպուշ» իմիջ ձևավորել։ Այդ գործում հատկապես «փայլում» է վարչապետը, ով իր բուն պարտականությունները թողած՝ զբաղված է շոուով։ Մի խոսքով, փարիսեցիությամբ աչքի ընկնող Տիգրան Սարգսյանն այս օրերին  տարերքի մեջ է։

Ինչպես հայտնի է, երկրի տնտեսությունը երկնիշ անկման հասցրած «Հայկական աշխարհի» ճարտարապետն այցելել էր Վազգեն Սարգսյանի թանգարան, այնուհետև հյուրընկալվել նրա հայրական տանը, և այդ մասին գրել իր բլոգում՝ սպանված մարդու միջոցով սեփական քարոզը տանելու հստակ նպատակադրմամբ։

Վազգենի մորից ստացած «Վազգենը» գրքույկից Տ. Սարգսյանը մի մեջբերում էր տեղադրել համացանցում, որից հետո ներկայացրել սեփական գնահատականը։

«Սիրելի Վազգեն, դու, քո զինակիցները, համախոհները, ընկերները և եղբայրները, որ մշտապես քո կողքին էին, ապացուցեցին, որ «դափնիների հարցը վերջնականապես լուծված է»։ Ինչպես այն օրերին, այնպես էլ այսօր, դափնիները քոնն են»,– նշել է վարչապետը։

Փաստորեն, «տերտերապետության» կառուցման կողմնակիցների մոտ եկել է Վազգենին քծնելու և Վազգենի անունն օգտագործելով սեփական PR-արշավը կազմակերպելու ժամանակը։

Նկատենք, որ վազգենենց տուն այցելելով՝ «տիրացուն» ուզում է սեփական լեգիտիմությունը բարձրացնել ՀՀԿ–ում։ Ակնհայտ է, որ նա Վազգենին է շնորհում բոլոր դափնիները՝ զուտ քաղաքական հաշվարկից ելնելով։ Ասել է թե՝ վարչապետի արածը շարքային երեսպաշտություն է և քաղաքական ցինիզմ։ Ինչ որ չենք հիշում, որ փեսայական մամուլում Վազգենին «փչացնող» հոդվածների դեմ Տիգրան Սարգսյանն ընդվզեր։

Եթե Տիգրան Սարգսյանն այդքան բարձր է գնահատում Վազգեն Սարգսյանին, ապա ինչու իր դժգոհությունը չի հայտնում այն ժամանակ, երբ իր շեֆ Սերժ Սարգսյանին սատարող օդիոզ լրատվամիջոցներից մեկը պարբերաբար պախարակում և մեզանում տիրող բոլոր բացասական երևույթների արմատավորումը վերագրում է Վազգեն Սարգսյանին։ Եթե վարչապետի ներկա քայլերը վերլուծենք, ապա այնպիսի տպավորություն կստեղծվի, կարծես «աստվածավախ» Տիգրանը գիշերը լաց է լինում, երբ տեսնում է, թե ինչպես է սերժատու մամուլը ցեխ շպրտում իր «սիրելի» Վազգենի վրա, բայց ռիսկ չի անում ՀՀԿ «ճկուն» ղեկավարին ասել այդ մասին, ու դրա համար էլ որոշել է սիրտը հովացնել՝ Վազգենի թանգարան ու տուն այցելելով։

Եթե Տիգրան Սարգսյանն այդքան «վազգենամոլ» է, ապա ինչու՞ ծպտուն չի հանում, երբ Բաղրամյան 26–ի վերահսկողության տակ գտնվող մամուլը, ենթադրաբար ոչ առանց Սերժ Սարգսյանի գիտության, առաջարկում է անվանափոխել Վազգեն Սարգսյանի փողոցը, որի վրա է գտնվում Տիգրանի նախկին «օբյեկտ» Կենտրոնական բանկը, ինչպես նաև կոչ է անում Պանթեոնից մաքրել ՀՀԿ նախկին առաջնորդի գերեզմանը՝ համոզմունք հայտնելով, թե մինչև Վազգենին մոռացության չմատնենք, պետություն չենք դառնա։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է պահանջել «վազգենապաշտ» Տիգրան Սարգսյանից, ում Վազգենը պետք է եկել նախընտարական քարոզարշավի շրջանակներում։ Ընդամենը։

Եվս մի բանի վրա կուզենայի հրավիրել ընթերցողի ուշադրությունը։ 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ Տիգրան Սարգսյանը ընդդիմադիր Վազգեն Մանուկյանի կողմնակիցների մեջ էր։ Ինչպես հայտնի է, հետընտրական զարգացումների արդյունքում տանկերը քաղաք մտցնելուց հետո Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը նույնիսկ 100 % ձայն էլ հավաքեր, ապա իրենք իշխանությունը չէին զիջելու։ Այս ամենից ելնելով՝ կարող ենք ասել, որ ով ով, բայց Տիգրան Սարգսյանը, հասկանալի պատճառով, չպետք է հայտարարի, թե բոլոր դափնիները պատկանում են Վազգենին։

Եթե վարչապետը հիմա Վազգենին է հետմահու քծնում, ապա դա նշանակում է, որ կա՛մ 1996–ին Վ. Մանուկյանի թիմակից համարվելով՝ իրականում կողմ է եղել տանկերով ժողովրդական ընդվզումը ճնշելու գաղափարին, կա՛մ էլ այժմյան զարգացումներից ելնելով որոշել է նկարվել վազգենենց ընտանիքի հետ և օգտագործել Վազգենի անունն իր քաղաքական շահերից ելնելով։ Երկու դեպքում էլ գործ ունենք անբարոյական մոտեցման հետ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Հետաքրքրական է, որ իրեն «թունդ ընդդիմադիր» հռչակած Վազգենի եղբայրը՝ Արամ Սարգսյանն օգնում է Տիգրան Սարգսյանին ինքնահաստատվել ՀՀԿ–ում։  Այդպիսով ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Վազգենի մյուս եղբոր՝ Արմենի ազատ արձակման հետ կապված կա որոշակի պայմանավորվածություն Վազգենի ընտանիքի և Սերժ Սարգսյանի միջև։ Ըստ այդմ՝ Արամ Սարգսյանը շատ կոնկրետ պարտավորություններ ունի և երբ անհրաժեշտ է լինում իշխանությանը՝ նա շատ կոնկրետ ծառայություններ է մատուցում՝ տիգրանսարգսյանաբար թաքնվելով Վազգենի հետևում։

Սերժի առաջ ունեցած պարտավորություններն են նաև պատճառը, որ Արամը երկու ձեռքով կողմ է սերժանպաստ «երկխոսությանը» և դեմ՝ «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը կյանքի կոչելուն։

Այս խորագրի վերջին նյութերը