Հարցազրույց

30.01.2012 17:17


Հմայակ Հովհաննիսյան.

Հմայակ Հովհաննիսյան. Հարցազրույց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ –Ինչպե՞ս կգնահատեք այս նախընտրական իրավիճակը։ –Նախընտրական զարգացումներն արդեն իսկապես սկսվել են և մեծ  մտահոգությունների տեղիք են տալիս։ Առաջին հերթին ընտրություններին մասնակցություն է ունենում կրիմինալ հատվածը, որը ծառայություններ է մատուցում իշխանությանը, և ոստիկանությունը պետք է զսպի նրան։ Ընտրություններում ոստիկանությունը մեծ դերակատարություն ունի՝ պաշտպանելով հասարակական կարգը և իրավունք չունի սպասարկելու այս կամ այն կուսակցության շահը։ Իմ մտահոգությունն այն է, որ ոստիկանությունն իր այդ դերը չի կատարում և հայտնվել է մի իրավիճակի առջև, երբ այդ ինստիտուտը կանգնել է իր դեմքը կորցնելու  և փլուզման եզրին։ Տեսե՛ք, Խաչատրյան Կարենը, ով կուսակցական գործիչ էր, հանդես եկավ հայտարարությամբ, որ դուրս է գալիս ԲՀԿ–ից և պաշտպանելու է հանրապետության նախագահին։ Դրանից հետո նա ծառայության անցավ ոստիկանության պատասխանատու  պաշտոնում։ Ինքն այդ հեռանկարն ունեցել էր, որ նման հայտարարություն է արել։ Ստացվում է, որ երկրի ղեկավարի կողմից խրախուսվում է մասնակցությունը կուսակցական գործընթացներին։ Այսինքն, եթե ուզում ես ունենալ ծառայողական առաջխաղացում, ապա պետք է ոչ թե կատարես քո սահմանադրական պարտքը, այլ սկզբից ակտիվ զբաղվես կուսակցական ինտրիգներով, ինչը շատ վատ  նախադեպ է և կարող է բացասական անդրադառնալ տվյալ կառույցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ –Խոսակցություններ կան, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ –Նորանկախ պետության այս 20 տարիների ընթացքում նման բան առաջին անգամ պետք է լինի։ Ճիշտ է՝ այս տարիներին շատ բացասական ավանդույթներ են ձևավորվել, բայց միակ լավ ավանդույթը, որ կար, դա այն էր, որ թեկուզ ֆորմալ առումով նախագահի ինստիտուտը զերծ էր մնում միջկուսակցական պայքարից։ Այսպես, Լևոն Տեր–Պետրոսյանը սառեցրեց իր անդամությունը ՀՀՇ–ին, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես անկուսակցական էր։ Իհարկե, նախագահն ունենում էր նախասիրություն, բայց ֆորմալ առումով նախագահի ինստիտուտը վերևում էր կանգնած ու արբիտրի դեր էր խաղում։ Այդ պատճառով էլ խորհրդարանական ընտրությունները մեզանում հիմնականում անցնցում էին անցնում։ Այսօր, երբ նախագահը կայսր Կոմմոդի նման թողնելով իր նախագահական պոդիումը, որոշել է իջնել կուսակցական գլադիատորական մարտերի արենա և մասնակցել այդ մարտերին, նախագահական ինստիտուտը կորցնում է իր գործառույթը, և ինքը դառնում հակամարտող կողմ։ –Եթե Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ցուցակը, ապա հնարավո՞ր է, որ կրկնվեն մարտի 1–ի իրադարձությունները։ –Մեր քննարկման ընթացքում ես արդեն ասել եմ, որ դա հենց այն մտահոգությունն է, որ մենք դրել ենք մեր նախաձեռնության հիմքում, և դա է մեզ մտատանջում։ Ընդդիմությունն արդեն հայտարարում է, թե այս ընտրությունները չի դիտում որպես խորհրդարանական, այլ դիտում է արտահերթ նախագահական ընտրություններ, քանի որ ցուցակը  գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Այս ընտրությունները կարող են դիտարկվել նաև որպես Լևոն Տեր–Պետրոսյան–Սերժ Սարգսյան առճակատման շարունակություն, որը հղի է նախորդ անգամվա դեպքերի  կրկնությամբ։ Խորհրդարանական ընտրությունները մեզանում երբեք չեն դիտարկվել որպես իշխանության հարցի  լուծման բանալի, բայց Սերժ Սարգսյանի մասնակցության պայմաններում հենց այդպես էլ ընկալվելու են։ –Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին որպես հիմնական «PR» գործիք՝ օգտագործում էր Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելն ու նրա դեմ պայքարը։ Ի՞նչ եք կարծում՝ մարտավարական և ռազմավարական տեսանկյունից սա ճի՞շտ էր։ –Ես արդեն ասել եմ, որ մեր քաղաքականության մեջ եղել է երկու ուղություն՝ տերպետրոսյանական և քոչարյանական։ Առաջինն այն է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը նշում էր, թե առանց Ղարաբաղի  հիմնահարցի շուտափույթ լուծման՝ մեր  երկրի զարգացումը և տնտեսական խնդիրների լուծումը հնարավոր չեն։ Երկրորդն էլ այն է, որ Ղարաբաղի  իշխանությունները, ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, պնդում էին, որ երկրում զարգացում հնարավոր է առանց ղարաբաղյան խնդրի ամեն գնով լուծման ու  անպայման ստատուս–քվոյի, այսինքն՝ մեր  հաղթանակի պահպանմամբ։ Հիմա Սերժ Սարգսյանն այս երկուսի մեջ պետք է ընտրություն կատարեր, որովհետև երրորդը տրված չի։ Եվ ահա նրա մոտեցումները երկչոտ ու երկիմաստ են։ Մի կողմից նա հայտարարում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը փորձում է հայրենասիրական հռետորաբանության բոլոր  հնարավորությունները՝ քողարկելով զիջումների  գնալու  իր պատրաստակամությունը։ Եթե հաշվի առնենք, որ  նրա նախաձեռնությամբ հայ–թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն սկսվեց, և հենց սահմանի բացմամբ պայմանավորեցին Հայաստանի տնտեսության բարգավաճումն ու առաջընթացը, ապա կհասկանանք, թե որ կողմ է թեքվում նա։ Այստեղ էլ գալիս է նրա վերաբերմունքը  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որը նույնպես երկիմաստ է։ Սերժ Սարգսյանը նաև խախտեց այն ավանդույթը, որը ձևավորել էր Ռոբերտ Քոչարյանը՝ կապված նախագահի՝ խորհրդարանական ընտրություններին չմիջամտելու սկզբունքի հետ։ Ռոբերտ Քոչարյանն անկուսակցական էր և ասում էր, որ նախագահը պետք է լինի դիտորդ։ Իսկ Սերժ Սարգսյանը իր համամասնական ցուցակում ընդգրկում է քրիստոնյա ժողովրդավարների, ազգային միաբանների, ինչը չի հանդարտեցնում կրքերն ու չի պակասեցնում առճակատման վտանգը։ Եվ ես այսօր ամբողջ օրն եմ ասել, որ սա շատ բացասական է, իհարկե բացասական է։ –Իսկ ովքե՞ր են այսօր քաղաքական դաշտի ֆավորիտները։ –Ֆավորիտները պարզ են՝ ԲՀԿ–ն, որն ունի կայացած քաղաքականություն,  ՀՀԿ–ն՝ ի շնորհիվ 500 հազար մեռյալ հոգիների և մեծամասնական համակարգը պաշտպանելու  պատրաստակամությամբ, ՀԱԿ–ը, որի լիդերի՝ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը արդարացնում է Սերժ Սարգսյանը, ով փորձելու է  ղեկավարել ՀՀԿ ցուցակը և դրանով փրկելու է ՀԱԿ առաջնորդին, քանի որ հակառակ դեպքում Լևոն Տեր–Պետրոսյանն իր նշաձողը կիջեցներ։ Առանց այդ էլ  քաղաքապետի ընտրություններին մասնակցելով և Գագիկ Բեգլարյանի հետ  մրցելով՝ նա իր վարկանիշը գցել էր։ Իսկ  ԲՀԿ–ն, որն ամենալայն հնարավորություններն ունի, այն ուժն է, որը կարող է ընտրազանգված հավաքել և՛ ՀԱԿ–ի, և՛ ՀՀԿ–ի տիրույթից։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը