Մեկնաբանություն

09.02.2012 17:10


Ջայլամը՝ նախագահականի խորհրդանիշ

Ջայլամը՝ նախագահականի խորհրդանիշ

«Ջայլամները, կազուարները, նանդուները և կիվիները պատկանում են անողնուց թռչունների փոքր խմբին: Էվոլյուցիոն զարգացման ընթացքում կորցրել են թռչելու հատկությունը: Կրծոսկրը շատ փոքր է, իսկ ողնուցն իսպառ բացակայում է: Թևերը թույլ են, թերզարգացած կամ զարգացած, սակայն թռիչքի համար՝ ոչ պիտանի, այդ պատճառով դրանց անվանում են վազող թռչուններ: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Ջայլամները վտանգավոր են մարդկանց համար» (Դպրոցական մեծ հանրագիտարան, Գիրք I): Այս հետաքրքիր կենդանիներն առանձնանում են նաև իրենց էքսցենտրիկ պահվածքով՝ վտանգի պահին գլուխները ավազի մեջ մտցնելով։ Նրանց թվում է, թե այդպիսով անտեսանելի են դառնում շրջապատի համար։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն իր խորհդանիշը թերևս հենց ջայլամն է ընտրել։ Բազում անգամներ է, ինչ ՀՀ նախագահի մամուլի ծառայությանը «7օր»–ի ուղղած գրավոր հարցերը մնացել են անպատասխան։ Անդրադառնանք ամենաթարմ օրինակին։ Դեռևս 2011թ. դեկտեմբերի 16–ին նախագահականին հետևյալ հարցերն էինք հղել.

1. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին տարում ընդլայնված ձևաչափով հանդիպումներ էր կազմակերպում ՀՀում գրանցված տասնյակ կուսակցությունների ղեկավարների հետ՝ քննարկելով տարբեր թեմաներ։ Խնդրում ենք պատասխանել՝ ինչո՞ւ  ավելի քան երկու տարի է՝ նման հանդիպումներ չեն լինում։ Ո՞րն է պատճառը՝ դրանք անարդյունավե՞տ էին, ՀՀում այլևս հաղթահարված են բոլոր խնդիրները, և տասնյակ կուսակցապետերի հետ այլևս խոսելու թեմա չկա՞, թե՞ այլ պատճառներ կան։

2. 2008թ. Սերժ Սարգսյանն Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարեց, որ նման ուղերձները պարբերաբար են լինելու։ Այդ ուղերձից հետո, սակայն, այլ ուղերձներ չեղան։ Կխնդրեինք պարզաբանել, թե «պարբերաբար» ասելով՝ Սերժ Սարգսյանն ինչպիսի՞ ժամանակային  ինտերվալ էր պատկերացնում։

Ինչպես նախորդ դեպքերում, այս հարցերն էլ մնացին անպատասխան, իսկ դրանք իրոք պարզաբանման կարիք ունեն։ Սրանց պատասխանները լույս կսփռեին Սերժ Սարգսյանի որդեգրած թամաշայական գործելաոճի վրա։ Թեև առանց դրանց էլ արդեն իսկ ամեն ինչ ակնհայտ է։ Պարզապես կարելի է ենթադրել, որ մարդիկ ուղղակի պատասխանելու բան չունեն։ Ի՞նչ պետք է ասեն՝ Սերժ Սարգսյանն անսկզբունքայի՞ն է, կուսակցությունների ղեկավարների հետ համալիրյան քննարկումները պարզապես ձեռառնոցի՞ էին, Սերժ Սարգսյանը, «պարբերաբար» ասելով, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե ինչ ժամանակային ինտերվալ էր պատկերացնում, էնքան որ, բան էր, ասում էր, էլի....

Համոզված ենք, որ նախագահականում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին շատ լավ ծանոթ են, բայց դե, չզլանանք ու մեկ անգամ էլ մեջբերենք հոդված 9–ի 7–րդ կետը.

«Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.

1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում.

2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում.

3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Դժվար չէ նկատել, որ 2011թ. դեկտեմբերի 16–ից մեկ 5–օրյակ չէ, որ անցել է, իսկ պատասխան չկա ու չկա, ինչն օրենքի խախտում է։ Պարզապես նախագահականում երևի մտածում են, որ իրենց սիրելի խորհրդանիշ ջայլամի նման եթե նրանց ուղղված «անհարմար» հարցերն անտեսեն, ապա կստացվի, որ ոչ մի հարց էլ իրենց չի տվել։ Ուռաաա՜, պարոնա՛յք, առա՛ջ դեպի ջայլամային Հայաստան։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը