Քաղաքական

11.05.2009 15:19


Տիգրան Թորոսյան. «Հայ–թուրքական հարաբերություններում բացվել է նոր էջ»

Տիգրան Թորոսյան. «Հայ–թուրքական հարաբերություններում բացվել է նոր էջ»

-Ապրիլի 23-ով փակվեց հայ-թուրքական հարաբերությունների մեկ էջ, և այժմ բացվել է նոր էջ,- «7 օր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։ Նրա համոզմամբ՝ թուրքերը մեծ մտավախություն ունեին, թե ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահը «Ցեղասպանություն» բառը կներառի իր ուղերձում, և հանուն դա թույլ չտալու՝ փորձեցին անել ամեն ինչ ։

-Հիմա  այդ նպատակին հասել են, և վստահ եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում  թուրքերի հետագա գործողությունները նոր որակ են ստանալու։ Մյուս կողմից, այս նախընթաց ժամանակահատվածում Էրդողանի հայտարարությունները եղել են նույն հարթությունում. նոր բան չի ասում։ Հայաստանի իշխանությունները համառորեն չէին ուզում տեսնել, որ Թուրքիայի առաջին դեմքը՝ վարչապետը, ասում է բոլորովին այլ բան, քան արտգործնախարարը, ավելին՝ նույնիսկ նախագահն ավելի մեղմ էր արտահայտվում, քան Էրդողանը։

Ըստ Տիգրան Թորոսյանի՝ Գյուլի հայտարարություններն ավելի երկիմաստ են դարձել. «Կարծում եմ՝ Էրդողանի այս դիրքորոշումն արտահայտում է Թուրքիայի իրական մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։

-Ցավոք, Հայաստանի իշխանությունները տարվեցին արարողակարգային և քարոզչական ինչ-ինչ թվացյալ ձեռքբերումներով և անցած ութ ամիսներին Թուրքիային հնարավորություն տվեցին հասնել այն բանին, ինչ իրենք անգամ չէին կարող երազել այս ժամանակահատվածի համար։ Սա է իրողությունը,- ասել է ԱԺ պատգամավորը։

-Այս հայտարարությունն ինքնին նախապայման չէ՞։

-Ընդհանրապես, այդ մոտեցումն ինքնին թուլացնում էր Հայաստանի դիրքերը ի սկզբանե՝ դեռևս 15-16 տարի առաջ, երբ այս մոտեցումը հռչակվեց որպես հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ Հայաստանի դիրքորոշում։ Այն հասկանալի է, բայց Թուրքիայի ագրեսիվ պահվածքի հանդեպ պասիվ  վերաբերմունք է պարունակում։ Ի վերջո, Թուրքիան որևէ իրավունք չուներ միջազգային իրավունքին հակասող այդ քայլն անելու՝ Հայաստանի առաջ սահմանը փակելու, և հայ-թուրքական հարաբերությունների նախապայմանը պետք է լիներ հենց սահմանը բացելը։ Թուրքերը կբացեին սահմանը, և դրանից հետո  նոր իմաստ կունենար նստել ու խոսել։ Այս ութ ամսվա ընթացքը, իմ կարծիքով, Հայաստանի համար անիմաստ էր և ապարդյուն, բայց շատ արդյունավետ՝ Թուրքիայի համար։ Հայաստանը մեկ հստակ մոտեցում պետք է ունենար՝ կհարգեք միջազգային իրավունքի նորմերը, կբացեք սահմանը, դրանից հետո կխոսենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։ Սա պետք է լիներ հարաբերությունների կարգավորման պայմանը,- պատասխանել է Տիգրան Թորոսյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը