Լրահոս

03.02.2012 13:31


Ո՞վ էր Հրայր Զորյանը և ինչո՞ւ նա՛ նշանակվեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Ո՞վ էր Հրայր Զորյանը և ինչո՞ւ նա՛ նշանակվեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ

«7օր»-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես» գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը։ Վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մի քանի օր առաջ էր աշխատանքից ազատել, ինչն առաջացրել էր մի շարք լրագրողների վրդովմունքը։

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին «Արմենպրեսի» աշխատակիցները նամակ էին տարածել, որում իրենց դժգոհությունն էին հայտնել այդ ժամանակ իրենց ղեկավար Հրայր Զորյանից։ Նրանք մասնավորապես բողոքել էին, որ Զորյանն աշխատակիցների հանդեպ արհամարհական ու անմարդկային վերաբերմունք է արտահայտում, նաև խիստ ցածր աշխատավարձով, բարեփոխումների անվան տակ կադրային կրճատումներ է անում, միջանցքում կամ ամեն առավոտ կազմակերպվող առավոտյան ժողովների ժամանակ հազիվ թե բարեհաճում է աչքերը բարձրացնել և պատասխանել իր աշխատակիցների բարևներին, նա իր աշխատողների շահերը պաշտպանում է միայն այն դեպքում, երբ դրանք համընկնում են հենց իր շահերին, մշտապես լրագրողների փոխարեն ինքն է արտերկիր գործուղումների մեկնում և այլն։

Այս բոլոր բողոքները Հրայր Զորյանը, իհարկե, չէր ընդունել և ներկայացրել էր ի՛ր հիմնավորումները, սկայն մի քանի օր անց հրաժարականի դիմում էր ներկայացրել, և «Արմենպրես»–ի տնօրեն էր նշանակվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Արամ Անանյանը։ Աշխատանքից հեռանալու իր քայլը Զորյանը պատճառաբանել էր այլ աշխատանքի անցնելու հանգամանքով։

2011թ. դեկտեմբերին մամուլում լուրեր եղան, թե Զորյանը շուտով կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության կապերի վարչության աշխատակից, քանի որ դրա ղեկավար Մերի Հարությունյանը ժամանակին աշխատել է Զորյանի ղեկավարած «Հայլուրում»։

Բայց, ինչպես արդեն պարզվեց, նա պաշտոն ստացավ ԱԺ–ում։ Թե ինչո՞ւ է Սամվել Նիկոյանի ընտրությունը հենց նրա վրա կանգնել, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ երբ մի քանի օր առաջ լրագրողներից մի քանիսը հանդիպել էին նրա հետ և պահանջել հրաժարվել Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու մտադրությունից, Նիկոյանը նախ ասել էր, թե իր որոշումը չի փոխի, իսկ հետո վստահեցրել էր, որ Գոհար Պողոսյանին փոխարինողը ևս կլինի լրագրողների շրջանում հարգված ու ընդունված անձնավորություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը