Մեկնաբանություն

03.02.2012 16:16


Համահայկական ցուցակներ

Համահայկական ցուցակներ

Քաղաքական դաշտի երեք հիմնական ուժերը սկսել են համամասնական ընտրացուցակների կազմումը:  Ներքին խմորումները առայժմ փակ են պահվում: Բայց, անկասկած, բախվում են լուրջ շահեր և առաջիկայում լինելու են  անակնկալներ:

ՀՀԿ-ականները միաբերան հայտարարում են` «մենք ոչինչ չգիտենք, դա նախագահի որոշելիքն է»: Այս ձևակերպումը, ակնհայտ ինքնանվաստացման տարրեր է պարունակում: Հասուն մարդիկ իրենց քաղաքական ճակատագրերը զիջել են մեկ մարդու: Եթե նույնիսկ դա երկրի նախագահն է, այնուամենայնիվ ստորացուցիչ է: Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, այնպես է «պոդստավկա» անելու ՀՀԿ–ին, ինչպես «Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, երբ միանձյան գիշերային որոշում կայացրեց, հետո էլ ստիպեց կուսակիցներին արդարացնել իր ակնհայտ սխալ որոշումը։

ՀՀԿ-ի ցուցակի մասով ժողովրդական բանահյուսությունը ասում է. «Բուհերի նման կան վճարովի և անվճար տեղեր.  90/10 հարաբերակցությամբ»: Բայց մի տարբերություն կա` «տարկետման» իրավունք այստեղ տալիս են  վճարովիներին: Այսինքն` վերջում «քցվողները» հիմնականում լինելու են անվճարները, որովհետև շատ դժվար է հսկայական գումար մուծած պատգամավորի թեկնածուին ասել` դու չկաս:

ՀՀԿ-ում, մեծ հաշվով, կռիվ է գնում փողատերերի և երբեք սեփական կարծիք չունեցող ու թութակի պես Սերժի ասածները կրկնող տառաճանաչների միջև: Այս խմբերը միմյանց զուգահեռ են և չեն խաչվում:

ՀԱԿ-ում պրոցեսներն, իհարկե,  ավելի  քաղաքական են: Բայց դրանից խճճվածությունը չի մեղմվում: Բոլորն ամբիցիաներով են, բոլորն էլ սիրում են պատգամավորի կարգավիճակը, արտոնությունները, մեծ հաշվով, բոլորն էլ հոգնել են փողոցում պայքարելուց: Մի հարցում, թերևս ՀՀԿ-ի հետ նմանություն կա` վերջին խոսքը լինելու է լիդերինը` Լ. Տեր-Պետրոսյանինը: Իհարկե, ֆինանսական գործոնը այստեղ քիչ  դեր է ունենալու: Փոխարենը` ուժեղ է լինելու լիդերի սուբյեկտիվությունը: Տեր–Պետրոսյանը, հավանաբար, այնպիսի որոշում կկայացնի, որ, պատկերավոր ասած, հա՛մ գայլերը կուշտ մնան, հա՛մ ոչխարները՝ ողջ։

Նույն, եթե ոչ ավելի բարդ և խճճված իրավիճակ  է ԲՀԿ-ում: Ամբողջ խնդիրն այն է ,որ այստեղ անվանական ցուցակը կախված է կուսակցության առաջիկա անելիքների տրամաբանությունից: Եթե կուսակցությունը հավատարիմ է «հաջորդ դասի» սկզբունքին, եթե կուսակցությունը պատրաստ է լուրջ հայտ ներկայացնել   երկրում բարեփոխումների հիմնական շարժիչը դառնալու իմաստով, եթե կուսակցությունը որոշել է մինչև վերջ պայքարել ընտրակեղծիքների դեմ,  և վերջապես, եթե Ծառուկյանը մինչև վերջ գիտակցել է տվյալ ժամանակահատվածում իր կարևոր առաքելությունը, ապա ԲՀԿ-ի ցուցակը ունենալու է միանգամայն այլ տեսք, քան ենթադրում են ոմանք: Այսինքն՝ լինելու են անակնկալներ։ Այդ դեպքում, այն իրոք, կարող է դառնալ, ինչպես Ծառուկյանն է ասել, «հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովող»: Ու այս պարագայում, միակ խնդիրը դառնալու է առողջ մրցակցությունը, որովհետև շատ ու շատ պարկեշտ ու պատրաստված, հանրությանը հայտնի  մարդիկ կհայտնվեն Ծառուկյանի կողքին:

Իսկ եթե վերը նշված  4 կետերը հստակ չեն, ապա ԲՀԿ ցուցակը կազմված կլինի բոստանջյաններից և  հույբուսակներից: Այսինքն, կլինի ՀՀԿ-ի ավելի վատ տեսակը: Այդ դեպքում` պարկեշտ ու հեղինակություն ունեցող մարդիկ հեռու կմնան ԲՀԿ-ից:

Ամփոփում.

ՀՀԿ-ն գնում է նախորդ տարիների դասական սխեմայով` փող, ազդեցություն, վերջում` «քցոցի»:

ՀԱԿ-ում ամենալուրջ խնդիրը ամիբիցիաներն են ու փոխադարձ ատելությունը:

ԲՀԿ-ում նախ պետք է կայացվեն վերջնական որոշումներ` կուսակցության առաջիկա դերի և բովանդակության մասին: Դրանից էլ կախված կլինի ցուցակի տեսքը:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը