Մեկնաբանություն

04.02.2012 14:46


Իշխանության ինքնագովազդը և գովազդային գործակալները

Իշխանության ինքնագովազդը և գովազդային գործակալները

Սերժ Սարգսյանի թիմը «վազգենացավ» է կպել։ Կեղծ պաթոսն ու դեմագոգիան հորդում են եթերից։ Սկզբում վարչապետն այցելեց Վազգեն Սարգսյանի տուն ու լուսանկարվեց վերջինիս ընտանիքի անդամների հետ, իսկ հետո էլ պաշտպանության նախարար Օհանյանը նույն «վոյաժն» արեց, ու այդ ամենը կրկին ավարտվեց «հուզիչ» լուսանկարով։

Ի դեպ, այն ընթացքում, երբ վարչապետն ու պաշտպանության նախարարը լուսանկարվում էին Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպման համար դատապարտված ու Սերժի միջոցով վաղաժամ ազատ արձակված Վազգենի եղբոր՝ Արմենի հետ, լրահոսում հերթական վատ լուրը հայտնվեց՝ բանակում կրկին զինվոր էր սպանվել։ Բայց դե նախարարը, վարչապետն ու միջնորդավորված ձևով Վազգենենց տնեցիների հետ «պաչ–պռոշտիների» մեջ մտած Սերժ Սարգսյանը նման «մանր» հարցերով զբաղվելու ժամանակ չունեն. եկել է Վազգեն Սարգսյանով PR լինելու ժամանակը։

Փաստորեն, ԱԺ ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը որոշել է Վազգեն Սարգսյանի հետևում թաքնվել ու «փիառվել»։ Երևի հաշվել են, որ դա իրենց շրիշակից ցածր մակարդակի վրա գտնվող վարկանիշը կբարձրացնի։ Ասեմ, որ չարաչար սխալվել են, քանզի տեսարանները նողկալի են, բայց դե, իրենց գործն է։ Ինչևէ։

Հարց կարող է առաջանալ՝ լա՛վ, բա իրեն ընդդիմադիր հռչակած Վազգենի մյուս եղբայրը՝ Արամը, չի՞ հասկանում, որ ինքն ու եղբայրը վերածվել են սերժատիգրանական զույգի գովազդային գործակալների։ Ըստ իս՝ շատ լավ էլ հասկանում է։ Հասկանում ու մի բան էլ անկեղծանում է թերթերում, թե Տիգրանը հաճախ է լինում իրենց տանը, և իրենք շատ լավ քիրվայություն են անում։ Ճիշտ է, նույն Արամը նաև նեղ շրջապատում տարածում է, թե հենց իմացել է, որ Տիգրան Սարգսյանն իրենց տուն է գալիս, անմիջապես «թռել» է տանից, բայց դե դա էլ արդեն երկակի խաղեր տալու է նմանվում։

Արամ Զավենիչի հրապարակային խոսքն ու գործը համադրելով՝ կարող ենք գալ հետևյալ եզրակացության. ինքը ՀԱԿ–ի հանրահավաքների ժամանակ սարսափելի մեղադրանքներ է ներկայացնում Սերժ Սարգսյանին, դաժանորեն քննադատում է «տիրացուի»՝ տնտեսության հերն անիծող և արտագաղթին նպաստող քաղաքականությունը, իսկ հանրահավաքներից ազատ ժամանակ օժանդակում է իշխանությանը՝ իշխանության PR–ատրիբուտ դարձնելով սպանված եղբորը, ինչպես նաև հարկ եղած դեպքում սերժանպաստ հարցազրույցներ տալով սերժատու լրատվամիջոցներին։

Տեղին է հիշեցնելը, որ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո Արամ Սարգսյանն ու դեռևս իրեն սատարող ՀՀԿ–ն պահանջում էին այն ժամանակվա ԱԱԾ ղեկավար Սերժ Սարգսյանի ու Հանրային հեռուստատեսության ղեկավար Տիգրան Նաղդալյանի հրաժարականները։ Թե ինչ եղավ հետո, բոլորը գիտեն. Նաղդալյանը սպանված է, իսկ Սերժ Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ–ն։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ու Վազգենենց ընտանիքի փոխհարաբերություններին, ապա այստեղ գործարքն ակնհայտ է. Արմենն ազատության մեջ է, իսկ Արամն էլ գեղամյանական ոճով պահանջում է Սերժի հրաժարականը։ Ահա և Վ. Սարգսյանի ու Տ. Նաղդալյանի սպանությունների պատմության վերջաբանը։

Նման դեպքերում են ասում, որ քաղաքականությունն անբարոյականություն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը