Աշխարհ

11.05.2009 19:07


Եթե նույնիսկ Թուրքիան «բարեկամաբար» բացի սահմանը...

Եթե նույնիսկ Թուրքիան «բարեկամաբար»  բացի սահմանը...

Իրական կայունություն տարածաշրջանում կհաստատվի միայն այն դեպքում, եթե`

1.      Թուրքիան ճանաչի իր կատարած Հայոց ցեղասպանությունը և մեղա գա մարդկության առջև,

2.      որպես օկուպանտ և ցեղասպանության փոխհատուցում՝ Հայաստանին վերադարձնի 1920թ. օգոստոսի 10-ին նաև իր ստորագրած Սևրի դաշնագրով և Վիլսոնյան իրավարար վճռով Հայաստանին պատկանող տարածքները, որոնք Թուրքիան զավթեց նույն 1920թ. աշնանը.

3.      որպես իրական մեղանչում՝ ցեղասպանության ենթարկված ժողովրդին փոխհատուցի պատճառած ամբողջ վնասը` Հայաստանի Հանրապետությանը կատարելիք վճարումների տեսքով:

Սա ռոմանտիկ կամ պաթետիկ ժանրից չէ, այլ այն անհրաժեշտը, որին պետք է հասնել բոլոր հնարավոր միջոցներով: Հասկանալի է, որ Թուրքիան ընդհուպ մինչև պատերազմ կընդդիմանա, սակայն Թուրքական կայսրությունն այսօր ապրում է, գուցե, իր ոչ վերջին ճգնաժամը: Թուրքիայի ապագան մռայլ է, ու նա մի օր կտրոհվի 3 մասի։ Եվ Հայաստանը պետք է վերադարձնի պատմականորեն ու միջազգայնորեն իրեն պատկանող տարածքները: Այսօր մենք կանգնած ենք թուրքական բիրտ ուժի առջև և չենք համարձակվում պաշտոնապես հայտարարել այս պահանջատիրության մասին, բայց մի ողջ ժողովուրդ ոչ միայն սպասում, այլև պայքարում է այդ օրվա համար: Որևէ իշխանություն իրավունք չունի խաթարելու այդ պայքարը՝ նույնիսկ տնտեսական շահերից ելնելով: Հայաստանը պետք է Թուրքիային հստակ պատասխանի, որ զավթիչն իրավունք չունի զավթիչ կոչելու մի ժողովրդի, որի նկատմամբ կատարել է մարդկությանը հայտնի ամենամեծ ոճիրը: Ես չգիտեմ՝ ու՞մ բերանով դա կասվի, բայց ժողովուրդը սպասում է այդ իշխանավորին:

Եթե նույնիսկ Թուրքիան բացի սահմանը, դա լինելու է կարճ ժամանակով, իսկ հետո հայկական տնտեսությունը կանգնելու է ավելի մեծ փաստի առջև, գրեթե այնպիսի փաստի, ինչպիսին եղավ ԽՍՀՄ-ի քանդվելուց հետո. բոլոր նախկին տնտեսական կապերը մեկ օրում ի չիք դարձան, և պետությունը հայտնվեց չսպասված շրջափակման մեջ: Բացի այդ, սահմանի փակումը Հայաստանի գլխին կախված մշտական սպառնալիք է լինելու: Արդյոք պե՞տք է բացել մի բան, ինչը տեղով մեկ վտանգ է և ենթակա փակման, ասենք թե, վաղը չէ մյուս օրը: Իսկապես, ճիշտ է մամուլում արդեն արտահայտված այն կարծիքը, թե Թուրքիան է փակել սահմանը, թող ինքն էլ բացի:

Թուրքիան առանց Հայաստանի չի կարող Կովկասում, նաև Եվրամիությունում լուրջ հավակնություններ ունենալ, իսկ եթե, իրոք, ձգտում է իրական ու երկարատև  կայունության, թող ազատի Հայաստանից բռնազավթած տարածքները: Վերջապես, ճշմարտությունը չի դադարում այդպիսին լինելուց, եթե անգամ դիմացինդ ուժեղ է իր մկաններով:

Գնդակն արդեն Թուրքիայի դաշտում չէ, ինձ կների իմ նախագահը, իսկ մեր դիվանագիտական ողջ թիմն ապրիլի 22-ից խաղում է Թուրքիայի դաշտում՝ չնկատելով, կարծես, որ գնդակը տասնմեկ մետրանոց նշանակետում է'սեփական դարպասի առջև:

Արտակ Սարգսյան

«Միջազգային փորձի ուսումնասիրության

գիտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ,

պատմաբան

Այս խորագրի վերջին նյութերը