Մեկնաբանություն

06.02.2012 14:57


Իշխանության PR–փուչիկը և «Ֆլեշը»

Իշխանության PR–փուչիկը և «Ֆլեշը»

Եվ այսպես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ իրենք սկսում են նախընտրական արշավը։ Շատ լավ հասկանալով, որ տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ձախողվել է, և «երկրորդ սերնդի բարեփոխում» կոչվածը տապալվել է՝ իշխանությունը որոշել է մարդկանց գլուխն արդուկելով զբաղվել։ Ընտրողներին փորձելու են համոզել, որ ոչ թե իրենց կյանքն է վատացել, աղքատների քանակն է ավելացել, գներն են բարձրացել, վերջին չորս տարիների ընթացքում ՀՆԱ–ն է շուրջ 25 տոկոսով կրճատվել, այլ ՀՀ քաղաքացիները պարզապես իրազեկված չեն, թե ինչ լավ բաներ է արել ՀՀԿ–ական իշխանությունը և ահա այդ անտեղյակության պատճառով է, որ վատ են ապրում ու փառք չեն տալիս տիգրանսարգսյանական կառավարությանը։ Այսինքն՝ «նանոտեխնոլոգիաների» և «միջազգային կենտրոնների» մասին բլեֆին փոխարինելու է գալիս դեմագոգիան։

«Լավ ընտրություններին» ընդառաջ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը չեն մոռացել նաև ընտրակաշառքի մասին, բայց այս անգամ այն բաժանվելու է ոչ թե մասնավոր, այլ պետական խողովակներով։

Հանդես գալով հեղուկ վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերության գովազդային գործակալի դերում՝ Տիգրան Սարգսյանը վերջերս ի լուր աշխարհի հայտարարեց, որ գյուղացիներին շուկայականից զգալիորեն ցածր գնով՝ 350 դրամով, դիզվառելիք են բաժանելու նշյալ կազմակերպության միջոցով (լցակայաններում այն 440 դրամ է)։ Գնի տարբերությունն էլ «Ֆլեշին» փոխհատուցելու են պետբյուջեից։

Առաջին հայացքից թվում է, թե վատ չէ, բայց ակնհայտ է, որ «բարեշրջիչների» թիմը որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ։ Հաճելին այն է, որ «էժան վառելիք ենք տալիս  գյուղացուն» ծրագրի շրջանակներում իրականում «մին լյավ» փող են աշխատելու՝ մտնելով թե՛ հարկատուների, թե՛ պետբյուջեի գրպանը, ինչպես նաև զուգահեռաբար նպաստելու են յուրային գործարարի է՛լ ավելի հարստացմանը։ Իսկ օգտակարն այն է, որ ձայներ ստանալու ակնկալիքով, փաստացի, ընտրակաշառք է բաժանվելու։ Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիայի դասական օրինակ։  

Գաղտնիք չէ, որ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Տիգրան Սարգսյանի «տերտերական» շրջապատը ներկայացնող սուբյեկտ է, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ընկերներից է։ Բարսեղ Բեգլարյանը Տիգրան Սարգսյանի հետ միասին նաև «Բարեպաշտ սերունդ» կազմակերպության հիմնադիրներից է։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության ու բիզնեսի սերտաճման վառ ապացույց։

Գործարք կնքելով «Ֆլեշի» հետ՝ կառավարությունը արտոնյալ պայմաններ է ստեղծում այդ կազմակերպության համար։ Եվ սա արվում է կառավարության այն ղեկավարի միջոցով, ով սիրում է խոսել օլիգոպոլիաներից, անազատ մրցակցությունից ու այլ «փիս–փիս» բաներից։

Դիզվառելիքի մատակարարման բացառիկ իրավունքը «Ֆլեշին» տալով՝ իշխանությունը ոչ միայն «ատկատներով» փող աշխատելու և պետական գանձարանից փողերը «շըփ–թըփ» դուրս գրելու հնարավորություն է ստեղծում իր համար, ոչ միայն նախընտարական փուլում քաղաքական կոռուպցիայով է զբաղվում, այլև կոպիտ ձևով միջամտում է հեղուկ վառելիքի շուկային՝ նպաստելով դրա գերկենտրոնացմանը։ Ասել է թե՝ սրանք Աստծո անունը տալով, ըստ էության, սատանայական գործեր են անում։

Ակնհայտ է, որ «Ֆլեշը», մատը մատին չտալով, գյուղատնտեսության ոլորտը միանգամից որպես շուկա է ստանում և գերարտոնյանլ պայմաններում հայտնվում, ինչը, հաշվի առնելով հայկական իրողությունները, կարող է հանգեցնել դիզելային վառելիքի շուկայի վերաձևման և սուպերմոնոպոլացման։ Թե ինչ հետևանքների կբերի դա, բացատրելու կարիք չկա։ Ձվի շուկայում համանման գործընթացներ արդեն տեղի են ունեցել։ Ճիշտ է, այնտեղ վերաբաշխումն այլ ձևով ընթացավ, բայց բովանդակային առումով ամեն ինչ նույնն է։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հետևողական է «Մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» համակարգ ստեղծելու հարցում։ Հասարակությունն այս ամենից պետք է հետևություններ անի ու ընտրական փուլում ասեղով պայթեցնի այն փուչիկը, որը փչվում է նախագահական նստավայրում։ Այսպես երկար շարունակվել չի կարող։ Կամ–կամ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Ֆլեշ» ընկերությունը ճիշտ կանի, եթե փոխի իր՝ «Բարի համբավը ամենաթանկ կապիտալն է» կարգախոսը։ Շատ ավելի ազնիվ կլինի, եթե «Ֆլեշում» ընտրեն «Նախագահ և վարչապետ ընկեր ունենալն ամենաթանկ կապիտալն է» ձևակերպումը։ 

Այս խորագրի վերջին նյութերը