Մեկնաբանություն

06.02.2012 18:21


ՀՀԿ–ն ընդդեմ փոքր ու միջին բիզնեսի

ՀՀԿ–ն ընդդեմ փոքր ու միջին բիզնեսի

Ինչպես արդեն հայտնի է, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, չմասնակցելով կառավարության ներկայացրած օրինագծի քվեարկությանը, տապալեց այն օրինագիծը, որով հարված էր հասցվելու փոքր ու միջին բիզնեսի շահերին։

«Բարեշրջիչ» Տիգրան Սարգսյանի թիմը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի միջոցով ուզում էր առևտրի կազմակերպման կետերին պարտադրել բանկային համակարգով փոխանցումներ կատարել մատակարարներին, ինչը լրջագույն դժվարությունների ու անհարմարությունների առաջ էր կանգնեցնելու տնտեսվարողներին։ Բարդ իրավիճակում էին հայտնվելու հատկապես փոքր խանութներն ու մարզերի առևտրականները։

Օրինագծի տապալումն իսկական հիստերիայի պատճառ դարձավ ԱԺ–ում։ Տիգրան Սարգսյանի հետևից մշտապես վազող Սամվել Նիկոյանն իր տեղը չէր գտնում։ ՀՀԿ–ականները խառնվել էին իրար։ Տիգրան Սարգսյանի ներքինիի և կոճակ սեղմողի դերում հանդես եկող խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները դժգոհում էին կոալիցիոն ոխերիմ գործընկերոջից և մտածում, թե ինչպես են դուրս գալու տեղի ունեցածի տակից։

Փաստորեն, մեծամասնության տիրապետող ուժը չկարողացավ գլխաքանակ ապահովել ու դակել գործադիրի ուղարկած փաստաթուղթը, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀԿ–ն արդեն ներսից փտած կառույցի է վերածվել։

Պատկերացնել կարելի է, թե ինչեր են սպասվում հետագայում։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ին, ապա Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը ցույց տվեց, որ չի պատրաստվում հլու–հնազանդ ենթարկվել «վերևից» եկած հրահանգներին։ ԲՀԿ–ն նաև ցույց տվեց, որ ձեռք է մեկնում փոքր ու միջին բիզնեսին և հասկացրեց, որ ձեռներեցների այդ խավն ունի գործընկեր քաղաքական ուժ, որը պատրաստ է տորպեդահարել «բարեշրջիչների» անհեթեթ և տնտեսությանը վնաս հասցնող նախաձեռնությունները։

Արման Սահակյան 

Այս խորագրի վերջին նյութերը