Հարցազրույց

06.02.2012 22:44


Խաչատուր Քոքոբելյան

Խաչատուր Քոքոբելյան

Հարցազրույց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ

–Քաղաքական դաշտի ո՞ր հատվածում է գործում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ։

–Ակնհայտ է, որ մենք ընդդիմադիր ազատական դաշտում գործող քաղաքական ուժ ենք։ Մամուլում հրապարակված այն նյութերը, թե իբր մենք իշխանամետ ենք, չարախոսությունների և չարակամությունների դրսևորումներ են։ Որոշ քաղաքական անհատներ կամ խմբեր ուզում են մեր քաղաքական ուժի դեմ դուրս գալ։ Ես իրենց անհանգստությունը հասկանում եմ. նման հերյուրանքներ ու շղարշներ ստեղծողները մեզ հիմնական մրցակից են տեսնում։ Մեղմ ասած՝ փիլիսոփայորեն եմ վերաբերվում այդպիսի բաներին։ Շատ կարճ ժամանակ է մնացել, որ մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվել, և ինչ է կատարվում այսօր։ Մեր կուսակցությունում կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում պայքարել են հանուն արդարության։ Ի տարբերություն շատ քաղաքական գործիչների և ուժերի՝ մենք մեր սկզբունքները չենք փոխել, չենք փոխելու և գնալու ենք առաջ։ Երկրի այսօրվա իրավիճակը պարզապես վայ կառավարիչների և տնտեսվարողների քաղաքականության արդյունքում ստեղծված իրողություն է, և մենք ուղն ու ծուծով դեմ լինելով այս ամենին՝ հանրությանն առաջարկում ենք ա՛յլ կոնցեպցիա, կառավարման ա՛յլ էֆեկտիվ ձև, որը կհանի Հայաստանն այս վիճակից։

–Տպավորություն է, որ «Ազատ դեմոկրատները» ներկայացնող տարբեր անձանց ելույթներն ուղղված են ՀԱԿ–ի կամ ԲՀԿ–ի դեմ, որն էլ առիթ է տալիս կասկածելու, որ Դուք ոչ հրապարակավ համագործակցում եք ՀՀԿ–ի հետ։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության վերաբերյալ, ըստ էության, որևէ քննադատություն չի հնչել «Ազատ դեմոկրատների» կողմից։ Ի՞նչ կասեք այս մասին։

–Այդպիսի դատողություններն ու հրապարակումները ևս անհիմն են։ Դուք չեք կարող մատնանշել որևիցե հրապարակում կամ ելույթ, որ ես առանձնահատուկ ՀԱԿ–ին կամ ԲՀԿ–ին քննադատեմ։ Եթե քննադատել եմ ԲՀԿ–ին, ապա այնքանով, որքանով նա իշխանությունների մաս է կազմում։ Այսօրվա իրավիճակի հետ կապված՝ ինքն էլ ունի իր պատասխանատվության մասը։ Սա մի գիտակցում է, որից հնարավոր չէ հրաժարվել, որովհետև դա՛ է իրողությունը։ Ավելին՝ ես միշտ ասել եմ, որ ընդդիմությունն ընդդիմությանը չպետք է թիրախ դարձնի, այլ պետք է քննադատի իշխանությանը, որովհետև ընդդիմությունն այդքան ռեսուրս չունի։ Ես միշտ կոչ եմ արել և հիմա էլ կոչ եմ անում ընդդիմադիր դաշտում գտնվող մեր գործընկերներին, այդ թվում և մեր ընդդիմախոսներին (գաղափարական առումով), որ կարողանան վեր կանգնել նման բաներից։ Ընդդիմությունն ինքնափոշիացմամբ զբաղվելու իրավունք չունի։

–Պարո՛ն Քոքոբելյան, Դուք կո՞ղմ եք ընտրակարգի հետ կապված քաղաքական դաշտում առկա «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը զարգացնելուն և իշխանափոխության գործիք սարքելուն։

–Ես կողմ եմ, որ ոչ միայն ողջ քաղաքական դաշտը, այլ ողջ ՀՀ քաղաքացիները համախմբված պայքարեն Հայաստանում դրական փոփոխություններ արձանագրելու համար։ Դա իմ նպատակներից մեկն է։ Նաև ուզում եմ նշել, որ պետք է կարողանանք տարբերակել, թե ով ինչ նպատակներով է պայքարում, և ով է իրականում նոր Հայաստան ունենալու կողմնակից։ Ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ գտնում եմ, որ արդար ընտրություններն անհրաժեշտ պայման են ՀՀ զարգացման համար, բայց բավարար չեն. շատ կարևոր է՝ արդար ընտրությունների արդյունքում ինչպիսի իշխանություն կձևավորվի, և ուր կտանի այդ իշխանությունը Հայաստանն առաջիկա 5 տարիներին։ Այսօրվա զարգացող աշախարհում չի կարելի ժամանակավրեպ լինել, իսկ Հայաստանում նման տենդենց կա։

–Իսկ հնարավոր համարո՞ւմ եք համատեղ ընտրակեղծիքների դեմ պայքարում համագործակցություն ԲՀԿ–ի հետ։

–Ցանկացած քաղաքական ուժի հետ, որը որպես քաղաքական ուժ կգնա ընտրակեղծիքների դեմ պայքարի, մենք պատրաստ ենք համագործակցել։

–Ո՞ւմ հետ եք տեսնում համագործակցության հնարավորություն հետընտրական շրջանում և ո՞ւմ հետ եք բացառում։ Օրինակ՝ ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի հետ հավանական համարո՞ւմ եք համագործակցությունը։

–Ձեր ասած չափորոշիներով՝ ո՛չ մի իշխանական ուժի՝ ո՛չ ՀՀԿ–ի, ո՛չ ՕԵԿ–ի, ո՛չ ԲՀԿ–ի հետ չեմ պատկերացնում համագործակցություն։

–ՀԱԿ–ը հայտարարում է, թե ԱԺ ընտրություններն իրենք օգտագործելու են Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու համար։ ԲՀԿ–ն, ակնհայտ է, որ չի պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ Դուք կո՞ղմ եք Սերժ Սարգսյանի հրաժարականին։

–Մենք Սերժ Սարգսյանի հրաժարականը նոր չէ, որ պահանաջում ենք, և դա էլ ենք համարում այն հարցերից, որը ոչինչ չի նշանակում։ Պահանջում ենք, պահանջում են բոլորը, հետո՞։ Ես ավելի կողմնակից եմ, որ իրատեսական քաղաքականություն իրականացվի, որի արդյունքում մենք կկարողանանք հասնել իշխանափոխության, այլ ոչ թե խոսքերով լինի։ Հենց այսօր էլ ընտրակեղծիքներ լինում են։ Մարդկանց գայթակղելը, կաշառելը բոլորն էլ խախտումներ են, ու լավ կլինի՝ դրա մասին էլ խոսեն, որովհետև ընտրակեղծիքը միայն ընտրությունների օրը չէ. դա սկսվում է ընտրություններից շատ առաջ, և այն բոլոր քաղաքական ուժերը, ովքեր խոսում են արդար ընտրությունների մասին, իրենց մեջ քաղաքական կամք գտնեն (ներառյալ մենք) ու հայտարարեն, որ զերծ են մնալու նաև նմանօրինակ բաներից։ Հստակությունից լավ բան չկա։

–Դուք նշել եք, որ համագումարից հետո պարզ կլինի, թե ԱԺ ընտրություններին «Ժառանգության» հետ համատե՞ղ եք գնալու, թե՞ առանձին։ Այդ հավանական դաշինքում նախագահականի Ձեր թեկնածուն հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը լինի։

–Հնարավոր է, ինչո՞ւ չէ, բայց այսօր խոսել նախագահի թեկնածուի մասին դեռ վաղ է։ Ես գտնում եմ, որ մենք կպաշտպանենք այնպիսի թեկնածուի, որն ազատական կլինի, և հուսով եմ, որ ազատական դաշտում կամ ավելի լայն դաշտում (թեկուզ չափավոր ազգայնականների) կկարողանանք քաղաքական կամք դրսևորել և հանդես գալ մեկ թեկնածուվ։ Որովհետև փոշիացումն ընդդիմության համար ամենամեծ վտանգն է։

–Այսպիսի մի հիպոթետիկ իրավիճակ պատկերացնենք՝ նախագահական ընտրություններին երեք նախագահներն են մասնակցում՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը...

–Ես Հայաստանի Հանրապետության հետ կապված զարգացումներն ու ապագան պատկերացնում եմ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների եռանկյունից դուրս։

–Այնուամենայնիվ, եթե երեքը լինեն, ո՞ւմ կընտրեք որպես չարյաց փոքրագույն։

–Ես երբեք չեմ պայքարելու այդ երեքից որևէ մեկին իշխանության բերելու համար։ Բնականաբար, ես ամեն ինչ անելու եմ, որ լինի ա՛յլ թեկնածու։ Իմ խորին համոզմամբ՝ նրանք երեքն էլ հնարավորություն ունեցել են իրենց դրսևորելու։ Ես չէ, որ պետք է գնահատեմ իրենց գործունեությունը։ Նրանք երեքն էլ և՛ լավ կողմեր են ուենցել, և՛ վատ, ու տարել են իրենց ուսերին այս վատ ժամանակները։ Մեղմ ասած՝ ես իրենցից ոչ մեկի հետ հույս կապել չեմ կարող։ Գտնում եմ, որ ազատական առողջ քաղաքական դաշտը պետք է միասնական թեկնածուով հանդես գա։

–Պարո՛ն Քոքոբելյան, բայց Դուք Լևոն Տեր–Պետրոսյանի լավ ու վատ կոմերն էլ էիք տեսել, այն ժամանակ որպես չարյաց փոքրագույն ընտրեցիք նրան ու նրա կողքը կանգնեցիք, հիմա ինչո՞ւ եք նման հավանականությունը բացառում։

–Կարճ ասեմ, որ նույն ջուրը երկրորդ անգամ չես մտնի, ու մարդ իր ապրած կյանքը նորից չի ապրի։

–Համամիտ եք, չէ՞, որ այսօրվա լրատվական դաշտի հիմնական մասը վերահսկվում է իշխանություների կողմից։

–Դե ոչ բոլորը. օրինակ՝ դուք չեք վերահսկվում իշխանությունների կողմից։ Այսպես ասեմ՝ թերթերն ու կայքերն ավելի ազատ են, քան հեռուստաընկերությունները։

–Պարո՛ն Քոքոբելյան, իսկ ինչո՞վ կբացատրեք, որ հենց նույն հեռուստաընկերությունները Ձեզ հաճախ են լուսաբանում ու հյուր են կանչում։

–Դե չէի ասեի, որ հաճախ, բայց հրավիրում են։ Կարծում եմ, քանի որ հիմա լրատվամիջոցները մոնիթորինգի տակ են, այդ հնարավորությունն ընձեռված է, և ընդդիմությունն էլ պետք է օգտվի դրանից ու գնա օգտագործի այդ եթերը։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը