Հարցազրույց

08.02.2012 10:58


Արծվիկ Մինասյան.

Արծվիկ Մինասյան.

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի հետ

–ՀՀ վարչապետի հրահանգով այս նախընտրական շրջանում նախարարները սկսել են դրական ֆոնի վրա հաշվետվություններ ներկայացնել իրենց կատարած բարեփոխումների վերաբերյալ։ Հաշվի առնելով հանրապետության այսօրվա վիճակը՝ արդյո՞ք դա չի ունենա բումերանգի ազդեցություն։

–Ակնհայտ է, որ կառավարությունը ձախողել է իր ծրագրային դրույթները առնվազն 70%–ով, իսկ սրա մեջ մտնում են այն բոլոր չիրականացված  խոստումները, որոնք պետք է բերեին բարեկեցության աճ, երկրի մրցունակության բարձրացում, տնտեսվարող սուբյեկտների առավել դյուրին գործունեության ծավալում, ստվերային տնտեսության կրճատում։ Բայց ցավոք, քանի որ չեն ձեռնարկվել այս գործողությունները, կառավարությունը ամենատարբեր  պատճառներն է ներկայացնում՝ սկսած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից, ավարտված երկրի ներսում բարեփոխումներին ընդդիմացողների ակտիվ կեցվածքով։ Պարզ է մեկ բան՝ ցավոք, կառավարությունը ժամանակին չգիտակցեց, որ անհրաժեշտ է ծրագրերում կատարել այնպիսի փոփոխություններ և այնպիսի վստահության քվե վերցնել հասարակությունից՝ ի դեմս ԱԺ–ում նոր ծրագրի ու նոր մոտեցումների ամրագրման, որոնք իրենց հնարավորություն պետք է տային հետագայում ձեռնարկելու համապատասխան ու հիմնարար փոփոխություներ կամ բարեփոխումներ։ Դրա փոխարեն կառավարությունը  գնաց այլ տարբերակով՝ սկզբում  ընտրեց քողարկման տարբերակը՝ քողարկելով սոցիալ–տնտեսական կյանքի իսկապես ծանր վիճակը։

-...ինչը կառավարությունը փորձում է արդարացնել տնտեսական ճգնաժամի հետևանքներով։

-Ճգնաժամի հաղթահարման ամանակարևոր գործիք համարավում էր այն, թե եկեք չխոսենք ճգնաժամի մասին։ Եվ դա ավարտվեց նրանով, որ կառավարությունը իրականացնում է եկամուտների զսպման քաղաքականություն կամ աղքատացման քաղաքականություն, որի հետևանքով քաղաքացիների ոչ միայն գնողունակությունն է ընկնում, այլև նվազագույն եկամուտները չեն բավարարում տարրական կենսամակարդակը ապահովելուն ուղղված  ծախսերը իրականանցելու համար։ Եթե մեկ  նախադասությամբ գնահատենք  կառավարության ծավալած գործունեությունը, ես կբնութագրեմ ճգնաժամածին քաղաքականություն։ Հիմա եկել է նախընտրական շրջան, բնականաբար, կառավարությունը պետք է փորձի, այսպես ասած, դրական գործերը ներակայացնել, և դա է պատճառը, որ  նախարարաթյուններին հավանաբար նման հարհանգ կա։ Բայց ցավում եմ, որ  կառվարությունը որևէ լուրջ արդյունք չի կարող ներկայացնել, իսկապես ցավում եմ, որովհետև ես չէի ցանկանա, որ  իմ կառավարությունը նման խեղճ վիճակում հայտնված լիներ։ Կուզեի, որ մենք  ավելի հպարտ կառավարություն տեսնեինք։

–Հավանական համարո՞ւմ եք, որ Ձեր նշած  ճգնաժամածին կառավարության ղեկավարը՝ Տիգրան Սարգսյանը, գլխավորի ՀՀԿ համամասնական ցուցակը։

–Ես մեր երկրում ոչինչ չեմ կարող բացառել, առավել ևս՝ քաղաքական մեծամասնության շատ հաճախ թեր կամ ցածր տրամաբանական գործողությունները՝ այդ թվում և նախընտրական ցուցակի կազմման գաղափարական տրամաբանությունը։ Դա ավելի շատ իրենց ներքին գործն է, և ես պարզապես կուզենայի, որ գոնե քաղաքական մեծամասնությունն ընդուներ, որ  ձախողել է բոլոր այն  ծրագրերը, որոնք նախապես հայատարարված էին, և որոնք, ցավոք, չկարողացան ձեռնարկել ներկա կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը։  Եթե անկեղծորեն ու  արդար ընտրությունների լույսի  ներքո դիտարկենք, ապա անկախ նրանից՝ Տիգրան Սարգսյա՞նը կգլխավորի համամասնական ցուցակը, թե՞ մեկ այլ հանրապետական պատասխանատու անձ, այդ ցուցակը չպետք է լուրջ հաջողություն ունենա այս ընտրություններում, որովհետև երկիրը հայտնվել է, իսկապես, սոցիալ–տնտեսական ծանր վիճակում. աղքատության պաշտոնական 35% մակարդակ, ոչ պաշտոնական կամ փորձագիտական վերլուծությամբ՝ շուրջ 70%, տնտեսության մեջ  մոնոպոլիզացիայի աճ, երկրի մրցունակության անկում և արտաքին պարտքի բեռի խայտառակ ավելացում։ Այս ամենով հանդերձ, կարծում եմ, որ կոալիցիոն բոլոր երեք ուժերն էլ արդար ընտրությունների պայմաններում, անկախ նրանից, թե ով կգլխավորի իրենց ցուցակները, չպետք է ստանան անհարաժեշտ ձայներ։ Բայց, ինչպես հաճախ է կատարվում մեր տիպի երկրներում և  հատկապես Հայաստանում, փաստորեն ձախողածներն ավելի շատ են ձայն ստանում, քան թե արժանիները։

–Իսկ ինչի՞ հաշվին։ ՀՀԿ–ն  էլ հայտարարում է, թե  մեծամասնություն է հավաքելու, իսկ ՀՅԴ–ն անընդհատ նշում է, որ սոցիալ–տնտեսական վիճակը ծանր է։ Այս իրավիճակում ինչի՞ հաշվին են այդ ձայները հավաքվելու։

–Ես կարծում եմ՝ երկրի հիմնական ռեսուրսի հաշվին, որից չեն խորշել բոլոր իշխանությունները՝ սկսած մեր անկախության  առաջին տարիներց՝ փող և վարչական լծակներ։ Ցավոք, այդպես է։ Մեր հույսն ու ապավենը կարող է միայն այն լիել, որ հասարակությունը ի վերջո կարողանա գնահատել, որ փողով և վարչական լծակով հնարավոր չէ ապահովել բարեկեցիկ Հայաստան։ Ավելին՝ այս պահի դրությամբ փողն ու վարչական լծակը պատրանք են ստեղծում, թե մենք գործ ունենք ուժեղ իշխանության հետ, բայց իրականում դա թույլին բնորոշ երևույթ է։ Եթե մեզ հաջողվի հասարակությանը համախմբել արդար ընտրությունների գաղափարի շուրջը, և յուրաքանչյուրն իր կամքին համապատասխան քվեարկի՝ կարծում եմ, այդ ժամանակ ինչքնան էլ դժվար լինի, հասարակությունը կտանի այդ դժվարությունը։ Բայց երբ կեղծվում են ընտրությունները, կամ կասկած է մտնում ընտրության արդյունքների մեջ, մեր հասարակությունն ընկնում է հուսահատության մեջ և սկսում է բռնել արտագաղթի ճանապարհը, ինչը բնորոշ է մեր երկրին։

–Ի՞նչ եք կարծում, նույն ՀՀԿ–ի գործարար կամ տնտեսությունում զբաղված  պատգամավորները գո՞հ են կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից։

–Ես այս մարդկանց երկու հարթության կբաժանեմ՝ մարդիկ, որ օգտվում են տնտեսական մենաշնորհներից և տրված արտոնյալ վիճակներից, ու տնտեսվարողներ, որ, այնուամենայնիվ, ուզում են՝ մրցակցային ու արդար կարգեր լինեն։ Առաջիններին, բնականաբար, հաճախ ձեռք չի տալիս այսօր վարվող քաղաքականությունը, որովհետև նրանք ինչ–որ ձևով նաև օտարվել են հանրային փողն ուղիղ վերցնելու հնարավորությունից, բայց նրանք ձգտում են այդ փողը հասարակությունից վերցնել նաև մենաշնորհային ոլորտներում դեմպինգային գործողություններից սպասվող գերշահույթներից։ Իսկ երկրորդ հատվածն իր մեջ այդքան ուժ չի գտնում, որ դեմ դուրս գա վարվող քաղաքականությանը, որովհետև մտածում են, թե կպատժվեն, կհալածվեն, և ի վերջո իրենց գործը կարող է փակվել։ Բայց որ դժգոհությունը թե՛ այս, թե՛ այն խմբի մոտ չափազանց բարձր մակարդակի է, դա միանշանակ է։ Ինչպես որ՝ կոալիցիայի ներսում։ Ես վստահ եմ, որ կոալիցիոն ուժերից յուրաքանչյուրը մյուսից դժգոհ է։ Բայց վարվող սոցիալ–տնտեսական քաղաքականության վերաբերյալ իրենց դժգոհության պատճառները տարբեր են։ Մի խումբը դժգոհում է, որ զրկվել է հանրային ռեսուրսից, բայց եթե նրան հնարավորություն տաս, չի ծառայեցնի հանրության շահերին, այլ  կծառայեցնի նեղանձնական շրջանակին։ Մի մասը դժգոհում է, որ չի հասնում այդ ռեսուսրին իր ձեռքերը, և ինքը, ի սկզբանե,  զրկված է դրանից։ Կա նաև  երրորդ խումբը,  որը լինելով փոքրամասնություն՝ փարձում է, այնուամենայնիվ, անօգուտ պայքար չմղել և հարմարվում է ստեղծված իրավիճակին։ Թե չէ, կոալիցիոն երեք ուժերն էլ նույն սանրի կտավն են։ Պարզապես նրանք կարող են արտահայտվել, դժգոհություններ հայտնել, բայց դա ոչ թե հասարակության վիճակը ավելի լավ ու  բարելավված դարձնելու համար է, այլ ուղիղ հակառակը՝ որ իրենք ավելի մոտ լինեն այդ ռեսուրսներին։ Նույնը վերաբերում է նաև կառավարությանը։

Զրույցը  վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը