Լրահոս

08.02.2012 16:48


Քաղաքացիները պնդում են, իսկ Գյումրու քաղաքապետարանը հերքում է

Քաղաքացիները պնդում են, իսկ Գյումրու քաղաքապետարանը հերքում է

Գյումրիում այսօր գիշերվանից տեղացող առատ ձյունը փաստի առաջ է կանգնեցրել թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին: Ժամը 12-ի դրությամբ՝ երկրորդ քաղաքի ձյունառատ փողոցները բազմաթիվ անհարմարություններ էին ստեղծում բնակիչների համար: Տրանսպորտը քաղաքի փողոցներում հազիվ է տեղաշարժվում, իսկ հետիոտները մայթերով քայլելիս մինչև գոտկատեղը խրվում են ձյան մեջ:

–Մինչև հիմա քաղաքի փողոցները գրեթե չեն մաքրվել: Շարժվել հնարավոր չէ: Քաղաքի ծայրամասից կենտրոն մի կերպ եմ հասել: Հիմա ձյունն է խանգարում, մի օր առաջ էլ՝ սառույցը,-«7 օր»–ի հետ զրույցում ասել է Գյումրու Գրիգոր անունով բնակիչը:

Քաղաքը ձյունից մաքրելու առումով նմանատիպ դժգոհություններ ունեն  բազմաթիվ քաղաքացիներ, որոնք քաղաքապետարանի ձեռնարկած քայլերը ոչ բավարար են համարում:

Հակառակ քաղաքացիների պնդումներին՝ Գյումրու քաղաքապետարանից հավաստիացնում են, որ իրենք երեկվանից միջոցառումներ են ձեռնարկել ձյունը մաքրելու ուղղությամբ:

–Քաղաքացիների դժգոհությունները հիմքեր չունեն: Երեկ՝ ժամը 11:00-ից սկսած, առատ ձյան հետևանքները վերացնելու համար քաղաքի գրեթե բոլոր փողոցներում աշխատել է ձյուն մաքրող չորս մեքենա: Իսկ առավոտյան դրան է գումարվել շինարարական կազմակերպություններից վաձակալած ևս 2 մեքենա»,-«7օր»–ին խնդրի առնչությամբ մեկնաբանություն է տվել Գյումրու քաղաքապետարանի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը:

Իսկ հարցին՝ հիմա կոնկրետ ո՞ր փողոցներում են մաքրման աշխատանքներ իրականացվում, Լիլիթ Աղեկյանը պատասխանել է. «Այժմ մաքրվում են Երևանյան և Թբիլիսյան խճուղիները, Մուսայելյան և Տերյան փողոցները: Դրանք ավարտելուց հետո կանցնենք նաև մյուս փողոցներին: Աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև փողոցներից ձյունը մաքրվի:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը