Քաղաքական

12.05.2009 17:04


Հայ–թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը մեկ փաթեթու՞մ պետք է լինեն

Հայ–թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը մեկ փաթեթու՞մ պետք է լինեն

Վահան Փափազյան.-Ակնհայտ ճշմարտություն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում (դիվանագիտական ոլորտում) գոնե մի ինչ-որ տեղաշարժ չկա։ Հետևաբար, քանի որ Հայաստանի իշխանություններն իրենց առջև նպատակ են դրել ամեն գնով հասնել հայ-թուրքական հարաբերությունների իրե՛նց պատկերացրած կարգավորմանը կամ սահմանի բացմանը և հանուն դրա պատրաստ են ցեղասպանության խնդրում նույնիսկ զիջումների գնալ (և արդեն իսկ գնացել են), ուրեմն հայ-թուրքական հանգույցը բացելու համար Ղարաբաղի հարցում դիվանագիտական աշխույժ գործընթաց է անհրաժեշտ։ Ինչքան էլ խոսեն, թե նախապայմաններ չպետք է լինեն, նախապայմաններն ակնհայտորեն կան։ Սա նշանակում է, որ Ղարաբաղյան բանակցային գործընթացը, անկասկած, ակտիվացել է և, ամենայն հավանականությամբ, ավելի կակտիվանա։

«7օր»-Պարո՛ն Շահնազարյան, համաձա՞յն եք Վահան Փափազյանի այս հայտարարության հետ։

Դավիթ Շահնազարյան-Փափազյանը՝ որպես բարձրաստիճան դիվանագետ, շատ դիվանագիտորեն ասաց։ Իրականում, Թուրքիան ասում է՝ տղա՛ ջան, մինչև էս հարցը չլուծե՛ս, ոչ մի բանի մասին չերազե՛ս։ Ասում է առնվազն շաբաթը երեք անգամ։ Թուրքիան ձգտում է ստեղծել մի ֆորմատ, որտեղ իրար հետ նույն կաթսայում քննարկվելու են թե՛ ԼՂ-ի կարգավորումը, թե՛ հայ-թուրքականը։ Ախր, սրանք փաստեր են։

«7օր»-Դուք դրան կո՞ղմ եք։

Դ.Շ.-Իհարկե՝ դեմ ենք։ Ո՞նց կարելի է այդ երկու հարցերն իրար միացնել։

«7օր»-Բայց մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելութում թեև ասաց, որ այդ հարցերն իրար շաղկապցված են, սակայն նաև դրական տարրեր տեսավ այդտեղ։ Այսինքն՝ դուք համամի՞տ չեք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Դ.Շ-Դուք կամ Տեր-Պետրոսյանի ելույթը լավ չեք կարդացել, կամ հիմա մեզ չհասկացաք։ Թուրքիան այսօր որպես նախապայման ստանալով այն, ինչ ուզում էր՝ պատմաբանների հանձնաժողովը' հիմա որպես նախապայման ավելացնում է Ղարաբաղյան կարգավորումը։

«7օր»-Այդտեղ դրական տարրեր է տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանը։

Դ.Շ-Վաաա՜յ։

Վ.Փ.-Իհարկե, ցանկացած կարգավորման գործընթաց, որպես էդպիսին, կարող է դրական տարրեր պարունակել, բայց եթե դուք լավ հիշեք, իսկ ես, ինձ թվում է, լավ եմ հիշում, Տեր-Պետրոսյանի ասած դրականը կայանում էր նրանում, որ Միացյալ Նահանգները բարոյական պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ հովանավորելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Եվ հիմա հասկանալով, որ դա առանց ԼՂ-ի հարցի կարգավորման տեղի ունենալ չի կարող՝ բարոյական պատասխանատվություն է վերցրել ակտիվ մասնակցություն ունենալ ԼՂ-ի հարցի կարգավորման գործընթացում։ Այ, այստե՛ղ է դրականը։ Եվ նաև, քանի որ հայ ժողովրդի սիրելի Բարաք Օբաման հրաժարվեց ցեղասպանություն բառն օգտագործելուց, նաև այդ պատճառով նա բարոյական պատասխանատվություն ունի փորձել ԼՂ-ի հարցում ավելի օբյեկտիվ դիրքորոշում ցուցաբերել։

«7օր»-Եթե թույլ տաք, ընթերցեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածը։ Այստեղ խոսքը Օբամայի մասին չէ։

Դ.Շ.-Մեկնաբանության խնդիր է...

«7օր»-Այս ամենով հանդերձ, «թեկուզ նման տխուր արդյունքով ավարտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը բոլորովին զուրկ չէ դրական տարրերից։ Մի կողմից՝ Թուրքիայի բնական շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ մյուս կողմից՝ այդ կարգավորման պայմանավորումը հայ-ադրբեջանական հարաբերություններում ակնկալվող տեղաշարժով, որոշ հող է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի խթանման համար»,–ասել է Լևոն Տեր–Պետրոսյանը։

Վ.Փ.-Բա ես ի՞նչ ասացի։ Նույն բանն ասացի։

«7օր»-Ես այլ բան եմ հասկանում։

Վ.Փ-Դուք չե՞ք ուզում, որ Ղարաբաղյան հարցը կարգավորում ստանա։ Մինչև ե՞րբ պիտի շարունակվի «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը...

«7օր»-Նայած՝ ի՞նչ գնով։

Վ.Փ.-Ճիշտ է, բայց, ըստ էության, ուզու՞մ ենք, որ այդ հարցը լուծում ստանա, թե՞ ոչ։ Թե՞ ուզում ենք, որ էսպես շարունակվի։

«7օր»-Դուք կողմ կլինե՞ք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթում ընդգրկվի ԼՂ-ի հարցը։

Դ.Շ.-Իհարկե՝ ո՛չ։ Ավելին, մոտեցումը միշտ եղել է՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ կողմով։ Վե՛րջ։

«7օր»-Իսկ համաձա՞յն եք, որ ԼՂ-ի հարցը լուծվի ի հաշիվ տարածքներից որեև մեկի հանձնման։

Դ.Շ.-Մենք միշտ կողմ կլինենք այն ամենին, ինչին կողմ է Ղարաբաղը։ Եթե մենք այստեղից սկսում ենք լուծում թելադրել, դա նշանակում է՝ մենք հրաժարվում ենք ինքնորոշման իրավունքից։ Ինչին Ղարաբաղը համաձայն է, այդ համաձայնությունը մենք կպաշտպանենք։ Որոշողը պետք է լինի Ղարաբաղը։

«7օր»-Եթե Ղարաբաղը որոշի տարածք հանձնել, կհամաձայնե՞ք։

Դ.Շ-Ամեն ինչին, ինչին համաձայն է Ղարաբաղը, մենք համաձայն ենք։

Արեգնազ Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը