Մեկնաբանություն

09.02.2012 19:38


Վարչախումբը ձայն չունի

Վարչախումբը ձայն չունի

Ընդամենը մեկ օր Տիգրան Սարգսյանը տղամարդ էր կտրել ու գլուխ էր գովում, թե առանց ԲՀԿ-ի իրենք կարող են մի օրում 10 օրինագիծ ընդունել: Իրենք ասելով՝ նկատի ունեն, հավանաբար, Ս. Նիկոյանին ու ևս մի քանի տասնյակ ՀՀԿ-ական պատգամավորի: Ստույգ թիվը, հնարավոր չէ, նույնիսկ կռահել: Իսկ «կարող ենք օրենք ընդունել» ասելով էլ նկատի ունեին կեղծիքներով օրենք անցկացնելը։

Այսօր, ԱԺ-ում մի շարք օրենքներ ընդունվել են «լցոնումների» արդյունքում: Դահլիճում, ակնհայտորեն քվորում չի եղել և մի խումբ պատգամավորներ քվեարկել են ուրիշների փոխարեն` Հերմինե Նաղդալյան, Արա Բաբլոյան, Արեգ Ղուկասյան և այլք: Բոլորն էլ ՀՀԿ-ական պատգամավորներ:

EPP-ին անդամագրվելու օրը` ՀՀԿ-ն կեղծում է արաբա-թուրքական լավագույն ավանդույթների համաձայն: Անկախ նրանից կեղծողը կին է, բժիշկ, թե գործարար, միևնույն է այլանդակությունը դրանից չի փոխվում:

Տեսախցիկների ֆիքսած կադրերը, երբ ՀՀԿ-ական պատգամավորները կեղծում են քվեարկությունը, լրջագույն հետևությունների առիթ է տալիս.

  1. Ս. Նիկոյանը չի տիրապետում ԱԺ պրոցեսներին,
  2. Վարչապետը չի տիրապետում իր կուսակցության ներքին պրոցեսներին,
  3. Սերժ Սարգսյանը, այլևս,  չի տիրապետում երկրում ընթացող պրոցեսներին,
  4. Իշխանությունները պատրաստվում են ամենաայլանդակ ձևերով կեղծել առաջիկա ընտրությունները,
  5. Բոլոր առաջադեմ ուժերի թիվ 1 խնդիրը  ընտրակեղծիքների դեմ լայն ճակատի ստեղծումն է` անկախ կուսակցական պատկանելիությունից,
  6. Անհրաժեշտ է հավատալ և բարձրաձայն հայտարարել` «Չե՛ք կեղծելու»:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը