Լրահոս

12.05.2009 18:20


Ռուբեն Հակոբյան. «Իշխանություններն այսօր պատրաստ չեն արդար ընտրություններ անցկացնելուն»

-Այն գործընթացները, որոնք այսօր ընթանում են Հայաստանի ներքաղաքական կյանքում, բացարձակապես հակադարձ համեմատական են այն իրականությանը, որը գոյություն ունի Հայաստանի շուրջ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուբեն Հակոբյանը։

Նա համոզված է, որ Հայաստանի ճակատագիրն այսօր լուծվում է Հայաստանի ներսում, և արտաքին քաղաքականությունը միշտ ածանցյալ է ներքին քաղաքականությանը։

-Այսօր մեր ներքաղաքական իրավիճակը շատ մտահոգիչ է։ Մի պետությունում, որտեղ ընդհանրապես ընտրություններ չեն կայանում, որն ունի քաղբանտարկյալներ, որտեղ ժողովրդին վախեցնում են ընտրություններից ընտրություն, լուրջ հարցեր լուծելու մասին խոսելն իրատեսական չէ։ Ազգի ճակատագրի համար կարևորագույն հարցերը կարող է լուծել այն իշխանությունը, որն իսկապես ունի վստահության քվե և լեգիտիմ է։ Այսօրվա իշխանությունն այդ քվեն, դժբախտաբար, չունի,- ասել է նա։

Անդրադառնալով մայիսի 31-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին՝ նա հավելել է.

-Երբ նայում եմ ընտրություններին մասնակից թիմերին, հատկապես՝ իշխանական, տպավորություն եմ ստանում, թե զտարյուն մտավորականն այսօր սկսել է ծափահարել տգիտությանն ու ժարգոնին։ Սա է մեր ներքաղաքական որակը։ Իշխանություններն այսօր միանշանակ պատրաստ չեն արդար ընտրություններ անցկացնել։

Այս խորագրի վերջին նյութերը