Մեկնաբանություն

11.02.2012 17:35


Երևանը և երևանցիները

Երևանը և երևանցիները

Մայրաքաղաքի իշխանությունների համար ձյունը ձմռանը միշտ անսպասելի է գալիս։ «Անսպասելիությունն» է դառնում այն միակ արդարացումը, որի հետևում փորձ է արվում թաքցնել վատ կառավարումն ու ապաշնորհությունը։ Այ եթե ամռանը ձյուն գար, ապա քաղաքապետարանի կողմից ամեն ինչ վերահսկողության տակ կլիներ, քանզի անսպասելիության պահ չէր լինի ...

Այս օրերին երևանցիները հասկացան, որ անտերանոց է քաղաքում։ Ճիշտ է, Երևանի քաղաքապետարանը փորձում էր մի բան անել, բայց դա այնքան էլ լավ չէր ստացվում. փողոցները հատկապես առավոտյան մեծ մասամբ անանցանելի էին։ Էլ չեմ խոսում բակերի մասին, որտեղ ձնե սարեր էին գոյացել, ինչը թույլ չէր տալիս, օրինակ, շտապ օգնության մեքենաներին խուսափել «բուքսավատից» և մարդկանց արագ տեղափոխել հիվանդանոց։

Երևանցիները հասկացան նաև, որ փողոցների անցանելիությունը հիմնականում ապահովվեց ոչ այնքան քաղաքապետարանի, որքան ակամայից փողոցները մաքրողի վերածված մեքենաների անիվների (գնալ–գալու հաշվին) և արևի օգնությամբ։ Ասել է թե, շարքային վարորդներն ու բնությո՛ւնը, մեծ հաշվով, տեր կանգնեցին Երևանին ու երևանցուն, այլ ոչ թե քաղաքային իշխանությունը։

Եթե հիշում եք, նոր քաղաքապետ նշանակվելուն հաջորդած երդման ձևական արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով «դռայվերին» փոխարինած Տարոն Մարգարյանին, նշեց, թե կուզենա, որ Տարոնը հուսախաբ չի անի։ Բոլորի մոտ հարց առաջացավ, թե ում պետք է հուսախաբ  չանի Տարոնը և որն է լինելու այն չափանիշը, որով գնահատվելու է հուսախաբության պահը։

Դատելով այն հանգամանքից, որ ձնառատ օրերին նախագահականից որևէ քննադատություն չի հնչել Երևանի քաղաքապետարանի հասցեին և գնահատական չի տրվել փողոցներում ու բակերում տիրող անտերությանը՝ կարող ենք ասել, որ «Տարո՛ն, մեզ հուսախաբ չանես» ասելով ՀՀԿ «ճկուն» ղեկավարն այլ բան էր ի նկատի ունեցել։

Հիմա արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանին պետք է Երևանի մի քաղաքապետ, ով կնշանակվի իր կողմից, կլինի Բաղրամյան 26–ի հլու–հնազանդ կամակատարն ու կզբաղվի ՀՀԿ–ի կրծքանշաններ բաժանելով։ Այս առումով Տարոնն, իրո՛ք, հուսախաբ չի անում իր կուսակցական ղեկավարին, ու ջհանդամ թե Երևանը ձնակույտերի մեջ չի թաղվի։

Տարոն Մարգարյանը նշանակվել է քաղաքապետ, ոչ թե ընտրվել։ Եթե ընտրվեր, ապա ստիպված կլիներ հուսախաբ չանել ընտրողներին և գիշեր–ցերեկ չարչարվելով ձյունից կմաքրեր փողոցները։ Բայց քանի որ Տարոնը նշանակվել է, ուստի ձգտում է հուսախաբ չանել իրեն նշանակողին։ Իսկ նշանակողը չի պահանջում փողոց մաքրել։ Նշանակողը պահանջում է այլ բաներ։

Կարեն Հակոբջանյան 

Այս խորագրի վերջին նյութերը