Մեկնաբանություն

12.02.2012 19:49


Իշխանությունը և ձեռներեցությունը

Իշխանությունը և ձեռներեցությունը

Պատասխանելով պատգամավորացուների ցուցակին վերաբերող հարցին՝ Տիգրան Սարգսյանը լրագրողներին շտապել է տեղեկացնել, որ ՀՀԿ–ում ձեռներեցներ չեն լինելու։ Հետաքրքիր է, ի՞նչ է հասկանում վարչապետը ձեռներեցության ասելով և ու՞մ նկատի ունի, երբ ասում է, որ ոչ մի ձեռներեց ՀՀԿ–ի ցուցակում չի լինելու։

Հայաստանում մասնավոր սեփականությունը դեռ պաշտպանված չէ, առկա է իշխանության ու բիզնեսի սերտաճում, ինչպես նաև չկա ազատ մրցակցություն։ Այս պայմաններում շատ հարաբերական են դառնում «ձեռներեցություն» և «ձեռներեց» հասկացությունները։

Եթե հիշում եք, հայաստանյան «Ֆորբսը» ՀՀ–ի ամենահարուստ մարդկանց ցուցակ հրապարակեց, որտեղ հիմնականում պետական բարձրաստիճան պաշտոնյաներ էին հայտնվել։ Սերժ Սարգսյանն էլ կար այդ ցուցակում։ Հիմա Սերժ Սարգսյանը ձեռներե՞ց է, թե՞ ոչ։ Եթե Սերժը ձեռներեց չէ, ապա որտեղից նրան այդքան հարստություն, որի մասին գրել էր «Ֆորբսը»։ Իսկ եթե նա ձեռներեց է, ապա երբ է հասցրել դրանով զբաղվել, երբ սովետի ժամանակ մասնավոր ձեռներեցություն ընդհանրապես չկար և ՀՀ այսօրվա նախագահն այն տարիներին ԼՂԻՄ–ում, ի պաշտոնե, օգնում էր հայատյաց Կեվորկովին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ մշտապես աշխատել է պետական համակարգում։

Հիմա հարց է առաջանում, թե արդյոք Ս. Սարգսյանը լինելու՞ է ՀՀԿ–ի ցուցակում։ Եթե հավատալու լինենք վարչապետի ասածներին ու հաշվի առնենք վերը նշվածը, ապա նախագահը դուրս է մնալու ՀՀԿ ցուցակից։

Եթե հիմք ընդունենք վարչապետի ասածները, ապա ինքը ևս չի լինելու ՀՀԿ–ի ցուցակում, քանզի «տիրացուից» էլ լավ ձեռներե՞ց։ Ո՞ր մի ձեռներեցին է հաջողվում մի քանի միլիարդի վարկ վերցնել դրսից ու հետո այնպես մսխել այդ փողերը, որ «իզ ու թոզը» չերևա, բայց վարկը փակելը մնա ՀՀ քաղաքացիների վրա։

Ո՞ր մի հայաստանյան ձեռներեցն է սեփական որոշմամբ դիզելային վառելիքի մատակարարման հսկայական պետպատվեր իջեցնում իր ընկերոջ համար ու դեռ մի բան էլ պետբյուջեից դոտացիա ապահովում։ Դե հիմա հաշվեք ենթադրյալ «ատկատներն» ու փող «լվալու» հնարավորությունները և կհամոզվեք, որ Տիգրան Սարգսյանը մի այլ կարգի «շուստրի» ձեռներեց է։

Ո՞ր մի ձեռներեցը կարող էր հաջողացնել պետության պահուստային դոլարները մեկ տարի շարունակ 305 դրամով «նստացնել» տալ հոգեհարազատ մասնավոր բանկերում, իսկ հետագայում գիշերային որոշմամբ 25 տոկոսով թանկացնել նույն այդ դոլարի գինն այն դեպքում, երբ թանկացումից ընդամենը մեկ օր առաջ 30 միլիոն դոլարի չափ կրկին վաճառել ես 305 դրամով։ Դե հիմա հաշվեք, թե միայն այդ մեկ օրվա գործարքից որքան փող են աշխատել դոլարի փոխարժեք որոշող ձեռներեցները 30 միլիոն դոլարը 305 դրամով դուրս գրելու և հաջորդ օրը 370–ով ծախելու արդյունքում։ Կա՞ մարդ, ով կասկածում է, որ գիշերային որոշում կայացնողները մատները «մեղրոտել» են։

Ո՞ր մի ձեռներեցն է հաջողացնում պետության հաշվին միլիոնավոր դոլարի վարկ վերցնել ու այդ վարկային միջոցներն ուղղել սեփական բիզնես հետաքրքրությունների տիրույթ։ Խոսքս «Նաիրիտի» վրա «դուրս գրած» վարկային միջոցներին են վերաբերում։

Ո՞ր մի ձեռներեցին կհաջողվեր այնպիսի գներով ԱՊՊԱ պարտադրել հանրությանն ու տարեկան կտրվածքով 50 տոկոսի չափ եկամուտ ապահովել սեփական շրջապատին։ Դե, բնականաբար, շրջապատը վարձահատույց եղած կլինի՝ «Շահում են ապահովագրող կազմակերպությունները, շահում է վարչապետը» թեմայով։

Այս հարցերը կարելի է երկար շարունակել։ Այնպես որ «ՀՀԿ ցուցակում ձեռներեցներ չեն լինելու» տիգրանսարգսյանական հայտարարությունը հերթական դեմագոգիան է։ Տեղին է հիշել ռուսական հայտնի ասացվածքը՝ ում  կովը բառաչի, քոնը պետք է լռի։ Հետևաբար՝ ավելի անկեղծ լինելու դեպքում Տիգրան Սարգսյանը լրագրողների հարցին պետք է հետևյալ պատասխանը տար. «Սերժ Սարգսյանը նախատեսել է Հայաստանը դարձնել «մեկ ազգ, մեկ օլիգարխ, մեկ տիրացու, մեկ փեսա» մոդելով կառավարվող երկիր։ Ուստի՝ բոլոր այն ձեռներեցները և փողատերերը, ովքեր չեն տեղավորվում այդ մոդելի մեջ, ՀՀԿ ցուցակում չեն լինելու, այլ մեր կողմից առաջադրվելու են մեծամասնական ընտրատարածքներում, որպեսզի ՀՀԿ–ի ցուցակում ներկայացվելիք մեծապատիվ մուրացկաններ հիշեցնող մտավորականների, անհայրենիք «ժելեոտածների», մարտնչող թրքաբոլշևիկների, ջահել խունվեյբինների և հաճախորդ քաղաքական թոշակառուների համար ձայներ ապահովեն։ Մենք այդ փողատեր–ձեռներեցներին հրապարակավ «փչացնելու» ենք ու տարանջատվելու ենք նրանցից, բայց միևնույն ժամանակ փորձելու ենք այդ մարդկանց խաբել, թե մեր լրատվամիջոցների քարոզչությունը ձեր դեմ դա ժողովրդին ֆռռացնելու ձև է և ոչ մի Դոմինգո ձեզ չի սպառնում։ Հենց որ «ընտրությունների» արդյունքում ոտքներս պնդացնենք՝ անմիջապես «քցելու» ենք մեզ համար ձայն բերած նույն այդ փողատերերին ու նրանց հերթով դարձնելու ենք անհանդուրժելի՝ չմոռանալով, իհարկե, հօգուտ «մեկ օլիգարխի» կուլակաթափ անել բոլորին։ Հայաստանը դրանից հետո կթևակոխի թուրքմենբաշիզմի լուսավոր դարաշրջան»։

Ահա թե ինչ պետք է ասեր «Հայկական աշխարհի» ճարտարապետն ու, ինչպես վերջերս պարզվեց, համատեղությամբ նաև ձախորդ որսորդը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը