Լրահոս

15.02.2012 16:38


ՊԵԿ նախագահի հանձնարարական. ժամանակին և պարբերական իրազեկում հարկ վճարողներին

ՊԵԿ նախագահի հանձնարարական. ժամանակին և պարբերական իրազեկում հարկ վճարողներին
Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով  հարկ վճարողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ձևավորված ավանդույթի համաձայն, պարբերաբար տեղեկատվական հանդիպումներ է կազմակերպում` հարկային և մաքսային ոլորտների բարեփոխումներին, օրենսդրական և վարչարարական փոփոխություններին ծանոթացնելու նպատակով: Կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականով խնդիր է դրվել` հարկ վճարողներին ժամանակին և պարբերաբար իրազեկել, որպեսզի նոր փոփոխությունները թյուրըմբռնումների տեղիք չտան:

Երևանի հարկային և մարզերի բոլոր տարածքային հարկային տեսչություններում արդեն իսկ` ավելի քան 4000 ակտիվ գործող հարկ վճարողների հետ մի շարք հանդիպումներ են կազմակերպվել, միաժամանակ շարունակվել են նաև ոլորտային հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել են համակարգի բարեփոխումները: Հարկ վճարողները նաև պարզաբանումներ են ստացել իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ  նրանց կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին անուղղակի հարկերին, ինչպես նաև օրենսդրական այն փոփոխություններին, որոնք առնչվում էին նրանց կողմից հայտարարագրող շրջանառություններին, այդ շրջանառությունների հաշվառմանը:  Բազմաթիվ էին հարցերը նաև դրամարկղային գործառույթների օրենսդրական  փոփոխությունների հետ կապված: Հարկ վճարողները մեծ գոհունակությամբ են ընդունել էլեկտրոնային հաշվետվողականության պարզեցմանն ուղղված քայլերը, սակայն ամենամեծ արձագանքը ստացել է «Հարկ վճարողների մասին» օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությունը: «Հարկ վճարողներն այսուհետն չեն վարելու ապրանքների  առաքումների և գրանցումների նախկին գրքերը, փոխարենը ներդրվել է միայն առաքումների նկատմամբ հսկողության  մեխանիզմը: Վստահեցնում եմ, որ այս փոփոխությունը նաև մեր գործարար միջավայրի վարկանիշի վրա էական ազդեցություն կունենա»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:

Ի դեպ,  հարկ վճարողների հարցերին ոչ միայն տեղում են տրվել պարզաբանումներ. նրանք արդեն հնարավորություն ունեն իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել նաև ՊԵԿ պաշտոնական կայքէջում: Իրազեկման հանդիպումների ընթացքում բարձրացված  և գրավոր ներկայացված ավելի քան 200 հարցերն ի մի  են բերվում, դասակարգվում են ըստ  բովանդակության և տրվում են համապատասխան պարզաբանումներ: Շուրջ 150 հարց ու պատասխան արդեն իսկ տեղադրված են taxservice.am-ի` □Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան□ բաժնում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը միաժամանկ վստահեցրել է, որ իրազեկման  հանդիպումները շարունակական են և թեմատիկ բնույթ են կրում: Արդեն իսկ տեղի է ունեցել ԱԱՀ հարկ վճարողների հետ հանդիպումը, օրակարգում նաև պարզեցված համակարգով և արտոնագրային վճար վճարող տնտեսվարող սուբյեկտների հետ հանդիպումներն են: «Նմանատիպ միջոցառումների նպատակն է` ոչ թե ստուգումների, վարչարարական լծակների միջոցով հարկերի ապահովման աշխատանքներ իրականացնել, այլ իրազեկման, ինքնագնահատման մեխանիզմների միջոցով հարկերի` այս տարվա բյուջեով նախատեսված ցուցանիշներն ապահովել»,-շեշտել է Արմեն Աալվերդյանը:

Ասուլիսում չշրջանցվեց նաև ՊԵկ-ում տարեսկզբից մեկնարկած կադրային փոփոխությունների խնդիրը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը պարզաբանել է, որ համակարգում իրականացվող կառուցվածքային փոփոխություններն իրենց հերթին հանգեցրել են կադրային փոփոխությունների. «Երևանում կրճատվել է ևս 3 հարկային տեսչություն, թիվը հասցնելով 6-ի: Հետևաբար այս փոփոխություններով կրճատվել են հսկողական ավելի քան  40 բաժիններ` եկամտահարկի, սոցվճարների, գանձումների գործառույթները միավորելով մեկ հսկողական բաժնում: Այս վերակազմակերպման արդյունքում, Երևանում շուրջ 130 աշխատակից տեղափոխվել  են այլ աշխատանքի կամ հայտնվել կադրային ռեզերվում, որոշների աշխատանքն էլ ներկայացված բնութագրերի հիման վրա նպատակահարմար չի գտնվել կառույցում»: Ըստ Արմեն Ալավերդյանի, փոփոխություններից անմասն չմնաց նաև կենտրոնական ապարատը. ստեղծվել են 3 նոր կառույցներ` ներքին աուդիտի, գերատեսչական հսկողության և ստուգումների կազմակերպման ու մոնիթորինգի ստորաբաժանումները, որոնք ավելի կամրապնդեն հսկողական գործառույթները: «Բնականաբար, այս ընթացքում կենտրոնական ապարատում գլխավոր տեսուչներ, նույնիսկ բաժնի պետեր, վարչության պետերի տեղակալներ ազատվել կամ հայտնվել են ռեզերվում: Իսկ ինչ վերաբերում է  վերադաս մարմնի, վարչության պետերի, առավել ևս տեղակալների մասով աշխատանքից ազատվելու լուրերին, ապա վստահեցնում եմ, որ նման կարգի որևէ փոփոխություն չի եղել և առաջիկայում չի սպասվում: Միաժամանկ նշեմ, որ կադրային փոփոխություններն անձնավորված բնույթ չեն կրում»,-շեշտել է ՊԵկ նախագահի առաջին տեղակալը: Արմեն Ալավերդյանը միաժամամանակ հիշեցրել է, որ այս բարեփոխումներն իրականացվել են   բացառապես կոմիտեի ներքին ռեսուրսերի հաշվին, առանց բյուջետային միջոցների լրացուցիչ ներգրավման:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը