Լրահոս

17.02.2012 13:11


Հովհաննես Շահինյանն ու Սաթիկ Սեյրանյանն առաջադրելու են իրենց թեկնածությունները

Հովհաննես Շահինյանն ու Սաթիկ Սեյրանյանն առաջադրելու են իրենց թեկնածությունները

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը գալիք խորհրդարանական ընտրություններում մտադիր է մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրել Արաբկիր համայնքում: Այս մասին նա հայտնել է «Slaq.am»-ին՝ նշելով, որ ՀՀԿ–ում դեռ որոշում չեն կայացրել, թե որ ընտրատարածքում, ում է սատարելու, քանի որ դեռ քննարկումներ են ընթանում։

-Շատ ցանկալի է ոչ թե գնալ կուսակցություն ու ստանալ համաձայնությունը և գալ ընտրողներին ասել՝  կուսակցությունը որոշել է, ես եմ ձեր պատգամավորը, այլ իսկապես վաստակել, արժանի լինել որոշակի ընտրազանգվածի,  և կուսակցությանը հայտնել թեկնածությունը դիտարկելու հարցը,–ասել է նա:

Հ. Շահինյանը տեղյակ է, որ այդ նույն ընտրատարածքում իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրություն ունեն նաև ՀՀԿ-ական   Արտակ Սարգսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, սակայն նշել է, որ բավական լավ հարաբերությունների մեջ է նրանց հետ, և իրենց մրցակցությունը պատկերացնում է միայն օրենքի սահմաններում:

Հ. Շահինյանը հաստատել է նաև խոսակցությունները, որ իր կինը` «168 ժամ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նույնպես մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: 

-Այո, նա առաջադրելու է իր թեկնածությունը: Իմ կինը դեռ նախորդ ընտրությունների ժամանակ նման ցանկություն ուներ: Դեռ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով կառաջադրվի՝ համամասնականո՞վ, թե՞ մեծամասնականով: Քանի որ մեր տղան նոր է լույս աշխարհ եկել, այս պահին մենք դեռ զբաղված ենք փոքրիկի խնդիրներով: Ինչպես մեր ընտանիքն է ամուր և պինդ, այնպես էլ մեր գաղափարներն ու սկզբունքները: Ճիշտ է, մենք տարբեր հարցերի շուրջն ունենք մեր տեսակետները, սակայն հիմնական հարցերի շուրջը միասնական ենք մտածում,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը