Մեկնաբանություն

17.02.2012 23:00


Ընտրակաշառքը և «առաջադեմ» լրագրողները

Ընտրակաշառքը և «առաջադեմ» լրագրողները

Ընտրակաշառքի միջոցով ձայներ հավաքելու պրակտիկան մեզանում նոր երևույթ չէ։ Հետանկախական շրջանի ընտրությունների ժամանակ միշտ էլ գտնվել են փող վերցնողներ ու փող տվողներ։ Դժվար է ասել, թե այս դեպքում պահանջա՞րկն է ծնում առաջարկ, թե՞ հակառակը։

Վերջերս տեղի ունեցած Հրազդան քաղաքի ընտրություններում ընտրակաշառքը կրկին իրենն արեց. մարդա 5000 դրամ և դու քաղաքապետ ես։ Ասում են, թե օրվա վերջում ընտրողի փոխարժեքը Հրազդանում բարձրացել էր մինչև 10 000 դրամ։ Ընտրակաշառքն իշխանության թեկնածուի կողմից այնքան «ափաշքարա» էր այնտեղ բաժանվել, որ մի կին նույնիսկ տեսախցիկի առաջ բողոքում էր, թե ինչու է բոլորին փող բաժանվել, իսկ իրեն՝ ոչ։

Հրազդանյան ընտրություններից հետո սոցիալական ցանցերում, քաղաքականացված «տուսովկաներում» և լրատվական դաշտում գերիշխողը «Էս ինչ ծախվող ժողովուրդ ա» ձևակերպմն էր։ Հանդիպում էին նույնիսկ ծայրահեղ գնահատականներ. «Սրանք Ալիևին էլ հայրենիքը կծախեն 100 դոլարով»։

ՀՀԿ–ի հրազդանյան թեկնածուին ընտրողների մի մասի ծախվելուց ամենաբարձրն, ի դեպ, խոսում էին այն լրատվամիջոցներն ու «առաջադեմ» լրագրողները, որոնք ուղղակիորեն կառավարվում են Բաղրամյան 26–ի կողմից։ Այ սա արդեն կեղծավորության ու երկերեսանիության բացահայտ դրսևորում է։

Ով ով, բայց մեծապատիվ մուրացկանի կարգավիճակ ունեցող «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցներն ընդհանրապես պետք է չխոսեն «փողի դիմաց ձայն ծախելու» թեմաներով։

Եթե քաղաքացիները, Տիգրան Սարգսյանի «բարեշրջումների» հետևանքով աղքատացել են ու հինգ հազար դրամի հույսին են մնացել, ապա նույն այդ «բարեշրջումների» հետևանքով լավ վարձատրվող միշիկահպատակ գրչակներն իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են երկարաձգել փող բաժանող այս իշխանության գոյությունը։ Հիմա ո՞վ է անբարոյական ու ծախու. քաղաքացի՞ն, որ մնացել է ընտրակաշառքի հույսին ու փողով ձայն է վաճառում, թե՞ սերժատու լրատվամիջոցները, որոնք ամեն ամիս են շարունակաբար աղքատացող հասարակության հաշվին ընտրակաշառք ստանում նույն այն մարդկանցից, ովքեր հինգ հազարով ձայն են գնում ընտրական փուլում։

Հիմա ո՞վ է պատրաստ հայրենիքը Ալիևին փողով հանձնել. քաղաքացի՞ն, ով չդիմանալով այս վիճակին արտագաղթում է, թե՞ սերժատու լրատվամիջոցները, որոնք փողի դիմաց արդարացնում են իշխանության ցանկացած արարք ու «մուտիլովկաներով» փորձում նպաստել «վերարտադրություն» օպերացիային։

Հարկ է նկատել, որ վարվող տնտեսական քաղաքականության հետևանքով ինչքան շատ է աղքատանում քաղաքացին, այնքան շատանում են սերժատու լրատվամիջոցները։ Ասել է թե՝ սերժատու լրատվամիջոցների քանակական աճն ու հիստերիկայի մակարդակի բարձրացումը ուղիղ համեմատական է ՀՀ աղքատացող քաղաքացիների, արտագաղթող մեր հայրենակիցների ու իրենց ձայնը փողով վաճառել պատրաստվողների քանակի աճի հետ։

Այսպիսով, իշխանությանը ընտրության օրը ձայն վաճառող քաղաքացու և սերժատու լրագրողի տարբերությունը գնի ու ծախվելու հաճախականության մեջ է։ Փողով քվեարկող քաղաքացին մեկ օր է տրվում կաշառվելու «հաճույքին» ու դրա դիմաց ստանում հինգ հազար դրամ, իսկ սերժատու լրագրողն ամեն օր է կաշառվում ու անհամեմատ բարձր գնով։ Այսինքն՝ սերժատուների պահով մենք գործ ունենք «էլիտնի» ընտրակաշառվողների հետ։

Փողով ձայն ծախող քաղաքացու և սերժատու լրագրողի միջև մեկ այլ տարբերություն էլ կա։ Ընտրակաշառք վերցնողը երբեմն փողը վերցնում, բայց խղճով է քվեարկում, այն է՝ իր ուզածի օգտին, այլ ոչ թե փող տվողի, իսկ հակաիշխանականի դիմակ հագած սերժատուները փողը վերցնում ու գծից երբեք չեն շեղվում անգամ այն դեպքում, երբ ներքին ձայնը հուշում է, որ չի կարելի։

Ահա այսպիսի լպրծուն ժամանակներում ենք ապրում։ Պոռնիկները խոսում են բարոյականությունից, իսկ անաստվածները՝ քրիստոնեական արժեքներից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը