Մեկնաբանություն

19.02.2012 18:40


Մնաս Մանվելի հույսին. ժամանակակից քաղաքական անեծք

Մնաս Մանվելի հույսին. ժամանակակից քաղաքական անեծք

Հայաստանի քաղաքական կյանքում կա մի տարածված «մարզաձև», որը կոչվում է առնետավազք կամ, որ նույնն է, ճամբարափոխություն։ Դժվար է ասել, թե այդ «մարզաձևում» ում է պատկանում բացարձակ չեմպիոնի կոչումը, բայց եթե քաղաքական քամելեոնների «թոփ» տասնյակ կազմենք, ապա վերին հորիզոնականներում հաստատ կհայտնվի Երկրապահ կամավորականների միության ներկայիս ղեկավար Մանվել Գրիգորյանը։ Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Օջալանին արտաքինից նմանվող գեներալ Մանվելը վերջին երկու տասնամյակի ընթացքում ճամբարափոխության անգերազանցելի ռեկորդներ է սահմանել և մշտապես «թռիչք երկարության» այնպիսի ցուցանիշներ ապահովել, որ անվանի թեթևատլետներն անգամ կնախանձեին։

Ուշագրավն այն է, որ հայկական «Օջալանի» վրա հույս դնողները վերջում միշտ հուսախաբ են եղել, բայց դա դաս չի եղել մյուսների համար ու ամեն մեկը, «կրկին փորձիր» տարբերակով, «Մանվելի վկա» է դարձել։ Մանվելը միշտ խոստացել է «ժողովրդի կողքը կանգնել», բայց պառկել է սեփական տանը ու դուրս չի եկել։

Քաղաքական պրակտիկայից ելնելով՝ գեներալ Մանվելի հետ կապված երկու օրինաչափություններ կուզենայինք առանձնացնել.

օրինաչափություն 1–ին՝

Մանվելը քաղաքական «լակմուսի թղթի» պես մի բան է։ Նա հայտնվում է այնտեղ ուր պարտություն է սպասվում կամ, ավելի ճիշտ, եթե նա հայտնվում է մեկի կողքին, ուրեմն հետագայում այդ մեկն անպայման պարտվելու է, իսկ գեներալը փորձելու է լեզու գտնել հակառակորդ թիմի հետ։

օրինաչափություն 2-րդ՝

Ով ուզում է իշխանություն վերցնել ու այդ նպատակով սկսում է «Մա՛ն–վե՛լ, Մա՛ն–վե՛լ» խաղացնել՝ հետո Մանվելին չի գտնում անգամ «Bluetooth»–ով և նույնիսկ «Google» որոնողական ծրագրով։

Պատմական էքսկուրս կամ մանվելապատում

2000 թվական

1999–ի հոկտեմբերի 27–ի ողբերգական իրադարձություններից հետո Հայաստանում երկիշխանություն հաստատվեց։ Վարչապետի պաշտոնում Վազգեն Սարգսյանին փոխարինած Արամ Զավենի Սարգսյանը, հույսը Մանվելի և նրա նմանների վրա դրած, ուզում էր ամբողջությամբ վերցնել իշխանությունը։ Այդ օրերին ԵԿՄ–ի շենքում բազում հավաքներ էին կազմակերպվում և իշխանությունը Ռոբերտ Քոչարյանից վերցնելու տարբերակներ քննարկվում։ Երկրապահներն այդ ընթացքում նույնիսկ համագումար արեցին ու Վահան Շիրխանյանի շուրթերով պահանջեցին երկրորդ նախագահի հրաժարականը (Ճիշտ է, Շիրխանյանը հրաժարականի պահանջ հնչեցնելուց երեսուն րոպե անց հրաժարվեց իր խոսքերից, բայց դա արդեն էական չէ)։ 2000–ի մայիսին, սակայն, Մանվել Գրիգորյանը մեկ գիշերվա մեջ «սալտո» տվեց ու անցավ Բաղրամյան 26–ի կողմը, իսկ Արամ Զ. Սարգսյանը վարչապետի գրասենյակից հայտնվեց իր հարազատ գյուղում։

«Շուստրի» Մանվելն իր ճամբարափոխության դիմաց ստացավ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, որոշակի բիզնես հնարավորություններ ձեռքբերեց, Էջմիածնում ֆեոդալական կարգեր հաստատելու «լիցենզիա» հաջողացրեց ու  գնդապետից դարձավ գեներալ։ Կոպիտ ասած՝ Մանվելը ծախվեց։

2004 թվական

2003ի նախագահական ընտրություններից հետո կար որոշակի հանրային ընդվզում։ Ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիճյանը, ընտրությունների արդյունքների հետ կապված, դիմել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն, իրեն հատուկ լպրծուն ոճով, «ոչ նալին, ոչ մեխին» որոշում էր կայացրել ու առաջարկել մեկ տարի անց վստահության հանրաքվե անցկացնել։ Իշխանությունը, բնականաբար, չգնաց այդ քայլին։ Դեմիրճյանի թիմն էլ, ոգևորված հետսովետական տարածքում տեղի ունեցող «գունավոր» հեղափոխություններով, ապրիլի 12–ին փակել էր Բաղրամյան փողոցը և պահանջում էր Քոչարյանի հրաժարականը։ Ակնհայտ էր, որ իշխանությունը չէր զիջելու և ուժ էր կիրառելու։ Ընդդիմադիր շարքերում էլ գիտեին, որ կարող է ուժ կիրառվել ու հույսը դրել էին ... գեներալ Մանվելի վրա։ Գեներալը «չերեզով» խոստացել էր, որ եթե ոստիկանությունը ուժ կիրառի, ապա երկրապահները «կկանգնեն ժողովրդի կողքին»։ Ասում են, թե այդպիսի հավաստիացում նա տվել էր Լեդի Հակոբի ու մյուսների միջոցով։

Ինչպես հայտնի է, 2004–ի ապրիլի 12–ի գիշերը, երբ ոստիկանությունը պատրաստվում էր ուժ կիրառել, Մանվելի «իզ ու թոզն» անգամ Բաղրամյան փողոցում չերևաց։ Մի քանի հոգի, ովքեր երկրապահից էին, ոստիկանական ուժերն առաջ գալուն պես, մեկ կենտրոնից ստացած հրահանգով անմիջապես ծլկեցին։ Դիմադրության կազմակերպումն իրենց վրա վերցրեցին Արցախի պատերազմում վիրավորված Ալբերտ Բազեյանն ու մյուսները, ովքեր ԵԿՄ–ից չէին։

2008 թվական

2008ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը որոշակի հաշվարկներ ուներ և, միայն իրեն հայտնի պատճառներով, հույսեր էր կապում Մանվել Գրիգորյանի հետ։ Պատահական չէր, որ Ազատության հրապարակում առաջին նախագահը «Մա՛ն–վե՛լ, Մա՛ն–վե՛լ» էր գոռում ու հավաքվածներին կոչ անում նույն բանն անել։ Մանվելն էլ իր հերթին ԵԿՄ–ի շենքում «ջիպերով» ժողովներ էր կազմակերպում և հակասերժական տրամադրություններ տարածում։

Գաղտնիք չէ, որ Մանվելը «տակից» անցել էր Տեր–Պետրոսյանի կողմը, բայց հրապարակավ դեռ գլուխը դուրս չէր հանում «բնից»։  Ասում են, թե Մանվելի միջամտությամբ ու հորդորով էր, որ Լեդի Հակոբն ու Սասուն Միքայելյանը դարձան լևոնական։ Այսինքն՝ Մանվելն իր շրջապատին ուղղորդում էր դեպի Լևոնը, իսկ ինքը սպասում՝ վերջնականապես համոզվելու համար, թե ինչ անի։

Մանվելի դրդմամբ էր նաև իր եղբոր որդի Հրանտը մեկ օրով դարձել Տեր–Պետրոսյանի կողմնակից այն պատգամավորներից, ովքեր ստորագրեցին ընդդիմադիր լիդերի կողմն անցնելու մասին հայտարարության տակ։ Մանվելը դրանից հետո կրկին «մեյդան» դուրս չեկավ՝ դրանով իսկ «պոդստավկա» անելով զարմիկին։

Բոլորը ջրի երես էին դուրս գալիս, բայց Մանվելը չկար ու չկար. Քոչարյանը նրա վախը բռնել էր։

Մանվելը չկար նաև 2008–ի մարտի 1–ի իրադարձությունների ժամանակ, այնինչ լևոնականներից ոմանց մոտ հույս կար, թե հիմա Մանվելը գալու է ու իր «աշխարհազորով» իշխանության դեմ ելնի (փաստորեն, Մանվելին Չինգիզ Խանի կարգի զորավարի տեղ էին դրել)։ Ի՞նչ իմանային Մանվելի վրա հույս դնողները, որ նա վախից թաքնվել է իր գյուղական տանը և, լավատեղյակների հավաստմամբ, մոտ տասն օր դուրս չի եկել տանից։ Ասում են, թե Մանվելն անգամ հեռուստացույց չի նայել այդ օրերին, որպեսզի Քոչարյանին չտեսնի ու շաքարը չբարձրանա։

Հետագա իրադարձությունները ներկայացնելու կարիք չկա։ Բոլորն էլ տեղյակ են, թե ինչ եղավ. մարտի 1–ից հետո Մանվելը կարողացավ լեզու գտնել նախագահ դարձած Սերժ Սարգսյանի հետ ու  որդուն դարձրեց Էջմիածնի քաղաքապետ։

2012 թվական

2008–ին Սերժ Սարգսյանին հայհոյող, նրա դեմ հավաքներ կազմակերպող և Տեր–Պետրոսյանի օգտին թեկուզև «տակից» («պո գեներալսկի») աշխատող Մանվել Գրիգորյանն այսօր դարձել է Սերժ Սարգսյանին սատարող։ ԵԿՄ վերջին համագումարի ժամանակ նա հայտարարեց, թե իրենք կանգնած են գործող նախագահի կողքին ու աջակցում են նրա բոլոր նախաձեռնություններին։

Նկատենք, որ շատ նողկալի ու ռաբիս մթնոլորտ էր տիրում ԵԿՄ համագումարում։ Հավաքվածները գիտեին, որ Մանվելը Սերժի դեմ է աշխատել, բայց ձև էին տվել, թե ամեն ինչ կարգին է։ Իր հերթին Սերժ Սարգսյանը նույնպես ձևի մեջ էր մտել ու  ներկաներին դիմում էր «Տղե՛րք, բարո՛վ տեսանք» ձևակերպումն օգտագործելով՝ փորձելով ցույց տալ, թե իբր շատ հարազատ միջավայրում է։ Այդ ամենի մեջ այնքան «ֆալշ» կար, որ պարզապես ամաչում ես երկրիդ համար, երկրիդ նախագահի փոխարեն։ Ռուսների ասած՝ «զա դեռժավու աբիդնո»։

Ամփոփում

Մանվել Գրգորյանը Հայաստանի քաղաքական դաշտի ամենաթափառաշրջիկ ֆիգուրներից է։ Քաղաքական լարվածության պիկերի ժամանակ փառապանծ գեներալը միշտ անցել է գետի հատակը մինչև անցնի վտանգը, իսկ հետո հայտնվել հակառակ թիմում՝ «անցումային» փուլում փորձելով հաղթահարել սեփական վախը։ Դա այնքան շատ է տեղի ունեցել, որ առանց երկմտելու կարելի է ասել, թե ԵԿՄ–ից սատարվելուց հետո ինչ է սպասվում Սերժ Սարգսյանին։ Չեմ կասկածում, որ  Մանվելը, կախված իրավիճակից, առաջինն է լքելու Սերժ Սարգսյանին ճիշտ այնպես, ինչպես Վազգենին (հետմահու), Վազգենի եղբորը (նրա կենդանության օրոք), Ստեփան Դեմիրճյանին (հեռակա կարգով) և Լևոն Տեր–Պետրոսյանին (երկրորդ անգամ)։  

Այսպիսով, ԵԿՄ–ի վերջին համագումարը շատ խորհրդանշական կարելի է համարել։ Հաշվի առնելով վերը նշված օրինաչափություններն ու ոչ վաղ անցյալի դեպքերը՝ պարտության ուրվականն այժմ պտտվում է ՀՀԿ–ի գլխավերևում, քանի որ Մանվելից սատարվող որևէ մեկը հաջողության դեռ չի հասել։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Եթե հիշում եք, 2008–ի նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը քաղաքացիների հարցերից կազմված մի շոու–հարցազրույց տվեց։ Մանվել Գրիգորյանի պրոլևոնական վարքագծի պահով, պատասխանելով լրագրողի հարցին, նախագահն ասաց, թե նրա այդ արարքն անպատիժ չի թողնելու։ Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն, իրոք, պատժեց Մանվել Գրիգորյանին. գեներալի որդին դարձավ քաղաքապետ, իսկ ԵԿՄ նախագահն ու  Սերժը շաբաթ օրով իրար «ջան–ջիգյար» էին ասում  կարծես ոչինչ չէր եղել։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը Մանվելին պատժելու պահով էլ իր խոսքի տերը եղավ այնպես, ինչպես որ խոստացել էր Իրան–Հայաստան երկաթգիծը գործարկել կամ նոր ատոմակայան  կառուցել։

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ապա նա հիմա Արթուր Բաղդասարյանից կամ Արտաշես Գեղամյանից գրեթե չի տարբերվում։ Արթուրբաղդասարյանավարի սեղմելով  Սերժ Սարգսյանի ձեռքը՝ Մանվել Գրիգորյանը վերջնականապես օեկացրեց ԵԿՄ–ն։ Միգուցե դա՞ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, թե չի ներելու Մանվել Գրիգորյանին ու պատժելու է նրան։ 

Այս խորագրի վերջին նյութերը