Լրահոս

20.02.2012 09:19


Պահանջում են իրագործելի դարձնել արտերկրում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը

Պահանջում են իրագործելի դարձնել արտերկրում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը

«Facebook» սոցիալական ցանցում գործող «ԻՐԱԶԵԿ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ» խումբը, որի մեջ զգալի թիվ են կազմում սփյուռքահայերը և Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները, գործունեություն է ծավալում մեր ԲՈԼՈՐԻՍ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացին սփյուռքահայությանը էլ ավելի մերձեցնելու ուղղությամբ: Քննարկումների ժամանակ մասնակիցները այս պահին հրատապ են համարել Արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը իրագործելի դարձնելու հարցը: Ուստի, նախաձեռնող խումբը հորդորում է ՀՀ իշխանություններին և քաղաքական ուժերին ՀՀ քաղաքացու օգտին լուծել այս կարևոր խնդիրը։
Սփյուռքում այսօր մեծ թիվ են կազմում Հայաստանից հեռացած քաղաքացիները, ովքեր, ինչպես գիտեք, ունեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր իրավունքները, այդ թվում Հայաստանի տեղական և համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Մայր օրենքը և դրա հիմք հանդիսացող կարևոր գործիքը՝ ազատ քվեարկությունը, հաստատում են, որ ժողովուրդը իրականացնում է երկրի ղեկավարումը արդար ընտրությունների միջոցով։ 
Սակայն Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ընտրություններին մասնակցելը գործնականում այսօր անհնարին է: 2008 թվականից նրանցից խլել են փաստացի բնակության վայրում քվեարկելու հնարավորությունը: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է: 
ՀՀ իշխանությունները բնավ չեն արգելում ՀՀ քաղաքացուն մասնակցել երկրում իրականացվող ընտրություններին, պայմանով, որ քաղաքացին անձամբ ֆիզիկապես գտնվի եւ քվեարկի ՀՀ տարածքում, ինչը, համաձայնեք, Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների գերիշխող մեծամասնության համար նյութական առումով պարզապես անիրագործելի է։ Փաստորեն Հանրապետության սահմաններից դուրս հայտնված ՀՀ շարքային քաղաքացին չունի քվեարկելու իրավունք՝ անգամ Արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական առաքելության տարածքում։ Այդպես ՀՀ քաղաքացիների ընդհանուր թվի զգալի մասը դառնում է ձայնազուրկ։ 

Մենք համոզված ենք, որ Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների՝ իրենց բնակության վայրում քվեարկելու իրավունքի վերահաստատումը կնպաստի մեր Հանրապետության հզորացմանը և համայն հայության մասնակցությանը Հայրենիքի հզորացման վեհ գործին։

Այս խորագրի վերջին նյութերը