Քաղաքական

13.05.2009 17:51


Վահան Հովհաննիսյան. «Արցախի ուղղակի մասնակցությունը բանակցություններին այսօր անհրաժեշտություն է»

Վահան Հովհաննիսյան. «Արցախի ուղղակի մասնակցությունը բանակցություններին այսօր անհրաժեշտություն է»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը չպետք է «ստորացնել և հասցնել միայն ճանապարհի բացման».

-Եթե մենք ասում ենք, թե մեր ամենակարևոր խնդիրը ճանապարհի բացումն է, ապա ֆանտաստիկ հզորության զենք ենք տալիս Թուրքիայի ձեռքը։ Նրանք հասկանում են, թե մենք առանց այդ ճանապարհի «խեղդվում» ենք և բացման դիմաց նախապայմաններ են դնում։ Եթե խնդիրը միայն ճանապարհն է, ապա կա միջազգային փորձ, որտեղ ոչ թե սահմանն է բացվում, ինչը պարտադրում է այդ վիճելի սահմանը ճանաչել, այլ միջանցք է բացվում։

Սահմանների բացման մասին խոսելն այսօր, ըստ Վահան Հովհաննիսյանի, ճիշտ չէ, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է ընթանան 3 փուլով. 1-ին՝ նորմալացում, երբ երկու կողմերից  յուրաքանչյուրն իր շահերի մասին է մտածում, նախապայմաններ չկան, հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ և ճանապարհը բացում է նա, ով փակել է։ 2-րդ՝ մերձեցում և 3-րդ՝ բարիդրացիական հարաբերությունների հաստատում։

Հենց 2-րդ և 3-րդ փուլերում է, որ պետք է խոսվի սահմանների, տարածքների, ցեղասպանության և մնացած այլ քաղաքական թեմաների մասին։ Այնինչ հայկական կողմին արհեստականորեն պարտադրվում է օրակարգի վաղվա հարցերն ամրագրել այսօր, ինչը, ըստ Վ.Հովհաննիսյանի, կոչվում է պարտվողականություն։

Նա նաև համոզված է, որ Ղարաբաղի հարցում այսօր ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ, ինչը, սակայն, ոչ թե որոշակի հանդիպման արդյունք է, այլ Թուրքիայի նկատմամբ մեր կողմից վարվող անխոհեմ քաղաքականության հետևանք.

-Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հիմնական նախապայմաններից մեկը հենց Ղարաբաղում հայկական շահերը ադրբեջանական շահերին ենթարկեցնելն ու զիջելն է։ Եվ չնայած նրան, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե նախապայմաններ չկան, այնուամենայնիվ, այդ նախապայմանները կան։ Միգուցե քողարկված են կամ շատ հստակ կերպով չեն հրապարակվում, բայց կան։ Եվ անպայման փորձ է արվելու այդ նախապայմանները եթե ոչ դռնից, ապա պատուհանից փաթաթել մեր վզին։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշմանը և իր ժողովրդին առնչվող հարցերին ԼՂՀ-ի մասնակցության խնդրի քննարկումներին, ապա, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, բանակցություններին Արցախի ուղղակի մասնակցությունն այսօր դարձել է անհրաժեշտություն։

-Այստեղ կա մի կարևոր հանգամանք. Արցախի մեր հայրենակիցները չպետք է հույսը դնեն միայն Հայաստանում գործող քաղաքական դեմքերի կամ կուսակցությունների վրա։ Իրենք պետք է ակտիվ լինեն այս հարցում՝ չգնալով նաև ծայրահեղության։ Արցախը, որպես հայ քաղաքական իրավիճակի մեջ դերակատար, հեղինակություն վայելող և ազդեցության լծակներ ունեցող գործոն, պետք է կարողանա ավելի ծանրակշիռ ազդել առաջին հերթին Հայաստանի իշխանությունների վրա։ Իմ համոզմամբ, սակայն, Արցախը վերջին ժամանակներում բավականին պասիվ է եղել,- ասել է Վ.Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով՝ ոչ ոք իրավունք չունի ապագա սերունդներին զրկելու հույսից՝ վերադարձնել այն, ինչ կորցրել ենք ցեղասպանության հետևանքով։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը