Լրահոս

23.02.2012 12:02


Վիճահարույց նախագիծը կառավարությունը լրամշակեց

Վիճահարույց նախագիծը կառավարությունը լրամշակեց

Առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին ՀՀ օրենքի նախագծում, որը երեկ ԱԺ–ից հետ էր կանչվել, կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ են կատարել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ այն լիարժեք չէր:

–Առաջին խնդրահարույց հարցադրումը վերաբերում էր Զինված ուժերի օգտագործմանը արտակարգ դրության պայմաններում: Այս առումով երկու կարևոր փոփոխություն ենք կատարել: Հարց էին բարձրացնում՝ արդյոք զինված ուժերը նախապատրաստվա՞ծ են այդ գործողությունները կատարելու համար, և անցումային դրույթներով սահմանում ենք, որ ԶՈՒ-ն կարող է մասնակցել հատուկ նախապատրաստություն անցնելուց հետո: Պետք է առավելապես բացառվի նրանց անմիջական շփումը բնակչության հետ: Նրանք հիմնականում պետք է զբաղվեն արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու և բնակչության տեղահանման հարցերով: Սա նշանակում է, որ մի քանի զսպաշապիկներ, մի քանի արգելակներ են սահմանվում զինված ուժերի և անմիջապես բնակչության շփումը կանխելու համար,–ասել է նախարարը,–մեր ներկայացրած տարբերակում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը, որը վերաբերում էր հատկապես վարչական իրավախախտումներին և այնպիսի դրույթներին, ինչպիսիք են արտակարգ դրության տարածքում մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը, արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, սննդամթերքի և առանջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի հատուկ կարգը խախտելը և մի շարք այլ սահմանափակումներ, որոնք նախատեսված են Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում: Դրանց համար մեկ ընդհանուր նորմ էր սահմանված, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ինչը իրավական անորոշություն կարող էր ստեղծել, որովհետև այդ պատասխանատվությունները, հատկապես վարչական պատասխանատվությունները սահմանված չէին: 

 Լրամշակված նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը