Մեկնաբանություն

24.02.2012 16:02


ՀՀԿ-ն դիլեմայի առաջ

ՀՀԿ-ն դիլեմայի առաջ

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանական «փիառշիկների»  պատվիրած ներքին օգտագործման սոցհարցումներից հետո նախագահականում ծանր ընտրության  առաջ են կանգնել:

Բանն այն է, որ եթե ցուցակը գլխավորում է Սերժ Սարգսյանը, ապա նա փաստացի մասնակցում է նախագահական ընտրությունների առաջին փուլին: Իսկ քանի որ էական կորուստներն ու 2008–ի համեմատ տոկոսային ցուցանիշի կտրուկ անկումն անխուսափելի են, ապա այդ դեպքում խիստ փոքրանալու  է հաջորդ տարվա փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի առաջադրման հավանականությունը:

ՀՀԿ ցուցակը գլխավորելու մյուս հավակնորդը վարչապետն է։ Եթե ցուցակը գլխավորի Տիգրան Սարգսյանը, ապա Ս. Սարգսյանը ֆորմալ իմաստով ունենում է մանևրելու  և հետագա քայլերի հնարավորություն: Սակայն այս դեպքում էլ  ակնհայտ է, որ Տ. Սարգսյանը չի կարողանալու համախմբել ՀՀԿ-ն ու պետական համակարգը, հետևաբար՝ ՀՀԿ–ի պարտությունը կարող է շատ ավելի խայտառակ լինել:

Հանրապետականների ցուցակը վարչապետի կողմից գլխավորելու պարագայում կա նաև այլ հանգամանք: Եթե նա գլխավորի ցուցակը, ապա իշխող ուժը հայտնվելու է առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի անխնա քննադատության և հարվածների տակ, իսկ  Ս. Սարգսյանի պարագայում, այնուհանդերձ, որոշակի զսպող մարդկային  գործոններ կլինեն: Ստացվում է, որ ՀՀԿ–ում ընտրությունը վատի և վատագույնի միջև է լինելու:

Դատելով Շարմազանովի այն հայտարարությունից, թե ՀՀԿ ցուցակի առաջին համարը լինելու է Սերժ Սարգսյանը, դժվար է ասել՝ վա՞տ, թե՞ վատագույն տարբերակն են ընտրել Բաղրամյան 26–ում։

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը