Կարծիք

25.02.2012 12:46


Կարող ա՞ հեռանա… Չէէէ՜,… Կարող ա հեռանա

Կարող ա՞ հեռանա… Չէէէ՜,… Կարող ա հեռանա

«Եթե «Հին Երևան» նախագիծն իրականացնելուն զուգընթաց չվերանան Մաշտոցի պուրակի ժամանակավոր կրպակները, ապա քաղաքականությունից կհեռանամ» երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Աժ պատգամավոր Մանվել Բադեյանը:

Պարոն Բադեյանի ազնվությանը չկասկածելով, նաև նրա հանդեպ ունեցած մեր հարգանքով հանդերձ, պատասխանենք, որ ՀՀ իշխանությունների եւ Երևանի քաղաքապետարանի համար Մաշտոցի պուրակն ու Բադեյանի, ինչպես նաև նրա նման մի քանի տասնյակ քաղաքական գործիչների` քաղաքականությունից հեռանալու սպառնալիքները տարբեր կատեգորիաներ են: Իշխանությունները, եթե որոշել են որ իրենց կրպակները պիտի լինեն հենց Մաշտոցի պուրակում, ուրեմն պիտի լինեն, եւ ոչ մի նշանակություն չունի, թե Մանվել Բադեյանի նման քանի քաղաքական գործիչ կհեռանա քաղաքականությունից: Նրանց համար, ի դեպ, նույնիսկ նշանակություն չունի, թե քանի մշակույթի գործիչ կհեռանա մշակույթից, քանի մտավորական կփչանա, քանի ոստիկան ամոթահար կկանգնի ցուցարարների առաջ եւ այլն: Այնպես որ, հարգելի պարոն Բադեյան, ձեր խոսքի տպավորությունը, թե կրպակներն այնտեղ թողնելու պարագայում դուք կհեռանաք քաղաքականությունից, ներողություն, այնքան էլ ցնցող չէ: Այն ցնցող չէ նաև երևանցիների եւ այս շարժման մասնակիցների համար, որովհետև, եթե ձեր հեռանալուց հետո երկու օրվա ընթացքում տասը նոր քաղաքական գործիչ լցվի իշխանական դաշտ, ապա պուրակը կրպակապատելուց հետո նոր պուրակ այլևս չի ստեղծվի:

Մեզ անչափ մտահոգում է նաև այն, թե որտեղից է պարոն Բադեյանին եւ նրա նման մտածող շատ իշխանավորների հայտնի դարձել, որ այս ակցիան դրսի ուժերի ձեռքի գործն է: Գիտե՞ք` հարիր չէ իշխանության ներկայացուցչին նման բան հայտարարել սուվերեն երկրում, որի անվտանգության երաշխավորն ու իշխանության ղեկավարը միևնույն մարդն է` երկրի նախագահը: Նման բան պնդելու դեպքում իշխանության ներկայացուցիչը պարտավոր է նշել, թե դրսի հատկապես որ ուժն է նման բաներ հրահրում մեր երկրում ու նաև բացատրել, թե այդ ինչպես է պատահում, որ կարողանում է հրահրել:

«Բողոքի ակցիաները իրականացվում են մի քանի շերտերով. առաջինը` կազմակերպված են ոչ միայն ՀՀ-ի քաղաքացիների կողմից, այլ ուղղորդվում են արտերկրից, մասնակիցների երկրորդ հատվածը բնապահպանական խնդիրներով մտահոգ մարդիկ են, իսկ երրորդը` մարտնչող տգիտության գաղափարակիրները»,- ասում է պարոն Բադեյանը` առանց մտահոգվելու, որ պարզապես կրկնում է պատմության թատերաբեմից հեռացած եւ աստիճանաբար հեռացող արաբական առաջնորդներին, ովքեր փորձեցին եւ փորձում են մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել` բոբոներ փնտրելով բացառապես իշխանություններից դուրս: Անգամ սատանիստների շրջանում, բայց ոչ իշխանությունների:

Մարդկանց, ովքեր իրենց ելույթներով փորձեցին այս օրերին սատար կանգնել շարժմանն ու խոսք փոխանցել ՀՀ իշխանություններին, պարոն Բադեյանը հռչակում է «մարտնչող տգիտության գաղափարակիրներ»: Հակադարձե՞նք, իմաստ ունի՞ ժողովրդի դեմ մարտնչող իշխանության ներկայացուցչին որևէ կերպ հակադարձել կամ հասկացնել, որ հասարակական բողոք է սա, իսկ ցանկացած հասարակական բողոք հասարակությանն է` ցուցարարից սկսած մինչև այն տատիկինը, ով բողոքին իր ներկայությամբ չի միացել, որովհետև իր իշխանության պահած քաղաքի մայթերով չի կարողացել քայլել, բետոնախառնիչի անուղեղ վարորդից սկսած մինչև նոր աչք բացած այն երեխայինը, ով Մարգարյան հիվանդանոցի պատուհանից իր պամպերսն է նետել ոստիկանի ու քաղաքապետարանի աշխատակցի գլխին:

Ամփոփելով` կցանկանայինք մեկ անգամ եւս անդրադառնալ ՀՀ իշխանություններին սրբության սրբոց հռչակող մեր մտավորականների ու քաղաքական գործիչների այն հիմար եւ անհիմն  պնդումներին, թե այս շարժումը հրահրվել է դրսից: Իսկ որտեղի՞ց են հրահրվել այն բազմաթիվ օրենքներն ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հեղինակ են իշխանություններն ու իշխանական կուսակցությունը, ամեն անգամ եվրոպաներում այդ ո՞ւմ հավանությանն են արժանացնում ու բերում իշխանություններն իրենց մտքի խայտառակ արգասիքները, որոնցով էլ ահա, գոյատևում ենք, քարշ գալիս եւ ոչ թե ապրում: Թվարկե՞նք, իմաստ ունի՞: Օտարալեզու կրթության եւ ընտրությունների մասին ձեր օրենքը նայեք, կրոնական ազատությունների մասին ձեր օրենքը լավ ուսումնասիրեք, որ հետո «խեղճ» սատանիսներին չմեղադրեք այստեղ բաներ հրահրելու մեջ, Եհովայի էն անտերներին սուտի չբռնոտեք եկեղեցու բակում տերտեր ծեծելու համար: Ահա թե ինչեր են ներկրվում դրսերից ու ահա նաև` ինչի համար են տրվում ԵԺԿ կրծքանշանները: 

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը