Մեկնաբանություն

26.02.2012 19:23


Մի կուսակցափոխ երեսփոխանի պատմություն

Մի կուսակցափոխ երեսփոխանի պատմություն

Ինչպես հայտնի է, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր և թիվ 41 ընտրատարածքից պատգամավոր դարձած Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբը) ՀՀԿ–ական դառնալու նպատակով օրերս դիմում է ներկայացրել։

«7 օրին» տված հարցազրույցում նա իր այդ քայլը բացատրել էր այն բանով, որ ՀՀԿ սկզբունքներն ու գաղափարներն ավելի մոտ են իրեն (հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ http://7or.am/am/news/view/31069/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%E2%80%93%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2%D5%B5%D5%A1%D5%B6

Ուշագրավն այն է, որ Հ. Հակոբյանը, նախքան հոգեհարազատ ՀՀԿ–ին «հայտնաբերելը», վերջին մեկ–երկու տարվա ընթացքում բազմիցս կիսվել էր մեր կայքէջի հետ իր դժգոհություններով առ կառավարություն և այդ կառավարության տնտեսական քաղաքականություն։ Հակոբյանը բազում առողջ առաջարկներով էր հանդես գալիս ու այն սեփականատեր պատգամավորներից էր, ովքեր չէին վախենում իրենց բացասական կարծիքն իշխանության հասցեին բարձրաձայնելուց։ Հիմա պարզվում է, որ ատելությունից մինչև սեր՝ մեկ դիմում է։ Ի դեպ, Հակոբյանն ընդամենը մեկ ամիս առաջ ասում էր նաև, որ կմնա անկուսակցական, իսկ ավելի ճիշտ՝ «ընկերության» կուսակցության անդամ։ Ինչևէ։

Հիմա տեղին է հիշեցնելը, որ տարիներ առաջ նույն այս Հակոբ Հակոբյանին հոգեհարազատ էին թվացել ՕԵԿ–ի սկզբունքներն ու գաղափարախոսությունը (փաստորեն, Հայաստանի գարեջրագործներին Արթուր Բաղդասարյանի գլխավորած կառույցը կյանքի մի «X» փուլում դուր է գալիս, բայց հետո գալիս է ճակատի գիրը մաքրելու ժամանակը), և նա դարձել էր օրինաց երկիր կառուցելու մեծ ջատագով։ Հետո, երբ Ա. Բաղդասարյանը տեղափոխվեց ընդդիմադիր դաշտ, Հակոբյանին անմիջապես խորթ թվացին ՕԵԿ–ի ծրագրերն ու գաղափարները, և «Կիլիկիայի» սեփականատերը դուրս եկավ այդ կուսակցությունից։

Այս գումարման ԱԺ–ում Հակոբյանը հայտնվեց անկախ պատգամավորի կարգավիճակով և, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված այն եզակի պատգամավորներից է, ով ակտիվորեն ներգրավված է օրինաստեղծ աշխատանքի մեջ և Տնտեսական հանձնաժողովում արդյունավետ դերակատարում ունի։

Ակնհայտ է, որ Հակոբյանը ՀՀԿ–ական է դարձել պատգամավորական մանդատը պահելու ցանկությամբ։ Սերժ Սարգսյանից կամ նրա թիմից, հավանաբար, հասկացրել են Հակոբյանին, որ «ԱԺ–ում գործարարներ չպետք է լինեն» դեմագոգիկ կարգախոսի շրջանակներում նրա մոտ պետք է «ինքնաբուխ» սեր առաջանա ՀՀԿ սկզբունքների (հետաքրքիր է՝ կա՞ն այդպիսիք) և գաղափարների (իշխանության կուսակցության գաղափարն ընդամենն իշխանությունն է) նկատմամբ, որպեսզի կարողանա 2012–ից հետո էլ երեսփոխանություն անել։

Նկատենք, որ Հակոբ Հակոբյանը, մեծ հաշվով, մեղավոր չէ իր այս վիճակի համար։ Քանի դեռ Հայաստանում սեփականության ինստիտուտի պաշտպանության գործուն մեխանիզմներ չեն ստեղծվել և սեփականության վերաբաշխման ուրվականը չի լքել մեր երկիրը՝ հակոբհակոբյանները կուսակցափոխությամբ են զբաղվելու ձայնի արագությամբ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ «Կոտա՞յք», թե՞ «Կիլիկիա» վեճի մեջ ես միշտ նախընտրել եմ «Կիլիկիան», բայց Հակոբ Հակոբյանի այս քայլից հետո «Կիլիկիա» այլևս չեմ գնելու։ Դա, իհարկե, չի նշանակում, որ «Կոտայքի» սիրահար կդառնամ, բայց «Կիլիկիա» հաստատ չեմ առնի, քանզի եթե այդ գործարանի տերն այդքան փոփոխական բնավորություն ունի, ապա արտադրության մեջ էլ այդ ամենը կարող է դրսևորվել, ինչն, իմ կարծիքով, կազդի գարեջրի որակի վրա։ 

Այս խորագրի վերջին նյութերը