Հարցազրույց

27.02.2012 13:57


Վահե Արսեն.

Վահե Արսեն.

Հարցազրույց բանաստեղծ Վահե Արսենի հետ

–Արդեն տևական ժամանակ է՝ պայքար է ընթանում Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ և այնտեղ կանաչ գոտիների պահպանման համար։ Այս նախաձեռնությունը սատարում են նաև հանրությանը հայտնի մի շարք մարդիկ։ Ինչպե՞ս եք գնահատում այս պայքարը։

–Կարծիքս բազմիցս եմ հայտնել թե՛ այգում իմ գրեթե ամենօրյա ներկայությամբ, թե՛ զանգվածային լրատվամիջոցներով: Կանաչ Երևանը վերածել են անապատի, դեռևս երկու տարի առաջ, երբ գեոդեզիական մեքենաները այգում ընդերքի ուսումնասիրություն էին կատարում, թերևս առաջինն էի, որ բարձրաձայնեցի դրա մասին: Այգին տեղից էլ իր դեմքը կորցրել է, խոսքս ահռելի սրճարանի մասին է, որն անվերջանալիորեն գրավում է այգու տարածքը... Արտասահմանցի հյուրեր ունեի, հրավիրեցի համերգի, որից հետո զբոսնեցինք օպերային հարող այգով: Նրանք ուղղակի շոկի մեջ էին, երբ տեսան, որ շենքից մի քանի մետրի վրա գործում են դիսկոտեկներ, սրճարաններ՝ յուրաքանչյուրն իր «աղմուկի» տերը լինելով...

–Զարմանալի չէ՞, որ բողոքի գործողության մասնակիցներին իրենց զորակցությունը հայտնեցին նաև իշխանական շրջանակների հետ շփումներ ունեցող «աստղերը» և «հեռուստադեմքերը»։

–Ձեր նշած մարդկանց ներկայությունը ինձ միայն ուրախացնում է, նշանակում է, որ Երևանը սիրողներ դեռ կան... Այս պարագայում չի կարելի տարանջատել քաղաքական առանձին շրջանակներ: Հարցը բացարձակապես քաղաքական չէ, սակայն թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր կողմերը հարցը քաղաքականացնելու միտում ունեն: Ինձ ավելի շատ զարմացնում է, որ իշխանական կողմից որևէ մեկը, հատկապես երիտասարդները, իրենց մտահոգությունը չեն հայտնում այգու կանաչ տարածքի ոչնչացման հետ կապված: Ճիշտ հակառակը՝ «մտա-վորականների» դեսանտ է իջնում այգի՝ իր իրական դեմքը ցույց տալու համար: Զարմացնում է որոշ մարդկանց ծախվածության, անթասիբության, ստրկամտության, ռոբոտացվածության աստիճանը:

2007թ. լույս տեսած «Կանաչ Աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուիս շապիկին դրել եմ մի նկար, որը կոչվում է «Վերջին ծառը»: Նկարում ռոբոտը փրկում է անապատի վերածված երկրագնդում ապրող վերջին ծառը... Երբ մարդը կհասնի այն ժամին, երբ լիովին կկորցնի իր մարդկային հատկանիշները, դրանք կսեփականացնեն ռոբոտները...

–Ասուլիսի ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանը Մաշտոցի այգում տեղի ունեցողը կապեց հեռուն գնացող քաղաքական գործընթացների հետ, իսկ այնտեղ հավաքվածների մի մասին էլ անվանեց մարտնչող տգետներ։ Ի՞նչ կասեք այդ տեսակետի մասին։

–Եթե տգետները նրանք են, ովքեր պայքարում են կանաչ տարածքը փրկելու համար (կրպակները 90 տոկոսով տեղադրված են կանաչ տարածքում, ես այդ այգու հարևանությամբ եմ ապրում, գիտեմ ամեն թուփն ու ծառը), ապա ինչպե՞ս անվանել նրանց, ովքեր կողմ են կանաչ տարածքի վերացմանը... Վաղը մեր երեխաներն ու թոռները շնչելու օդ չեն ունենալու։ Զարմանալի է, որ, ի տարբերություն շատերի, անգամ տգետներն ու իրեն սատանիստ համարող երիտասարդը դա հասկանում են...

–Մի խումբ երգիչներ հայտարարություն տարածեցին, որով բոյկոտում են Բաքվում կայանալիք «Եվրտատեսիլը»։ Ինչպե՞ս եք գնահատում նրանց այդ քայլը։ Պե՞տք է Հայաստանը մասնակցի այդ մրցույթին։

–Մենք ունենք ադրբեջանամելիզմասեր մի շարք երգ գրող-կատարողներ, կարծում եմ՝ շատ կուզեն միակողմանի տոմսով առաքվել Ադրբեջան...

–Մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ ընտրություններից և նախընտրական այս շրջանում ի՞նչ խորհուրդ կտաք արվեստագետներին ու հանրությանը հայտնի մարդկանց։

–Բացարձակապես սպասելիքներ չունեմ: Խորհուրդներ տալ չեմ սիրում, Աստված բոլորիս պահապան:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը