Լրահոս

14.05.2009 15:16


Ժիրայր Սեֆիլյան. «Օրենքի վերահսկողությունը ժողովուրդը վերցնելու է իր վրա»

Ժիրայր Սեֆիլյան. «Օրենքի վերահսկողությունը ժողովուրդը վերցնելու է իր վրա»

 ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրություններում «նկարչությունը» շատ դժվար է լինելու,  որովհետև իրենք, ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, ընտրակեղծիքների դեմ պայքարելու նոր մարտավարություն են մշակել.

-Բացի նրանից, որ ընտրության օրն ընտրական տեղամասերում ընդդիմության ներկայացուցիչները հնարավորինս վճռական են լինելու և պահելու են ձայները, կա ծրագիր, որ ընտրություններն ավարտվելուց հետո, երբ դռները փակվեն, յուրաքանչյուր ընտրատեղամասի առաջ, օրենքով սահմանված կարգով, հավաքվելու է ժողովուրդը՝ 100-200 հոգի։ Նրանց ֆունկցիան լինելու է վերահսկել ոստիկանությանը, որի պարտականությունն է  վերահսկել ընտրությունների կարգը։ Երբ ոստիկանությունը կլինի իր դերի մեջ, այդտեղ հավաքված ժողովուրդը կողջունի ոստիկանությանը, իսկ երբ կթերանա իր պարտականություններում, ապա այդտեղ ժողովուրդն իր խոսքն ասելու է։ Այսինքն՝ օրենքի վերահսկողությունը ժողովուրդը վերցնելու է իր վրա։

Ժիրայր Սեֆիլյանը նշել է նաև, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկի ավարտվելուց հետո այդ նույն ժողովուրդը գնալու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով և «ԿԸՀ-ն պաշարվելու է ժողովրդի կողմից, մինչև մեր ականջին հաճելի արդյունքը լսենք»։

Ժիրայր Սեֆիլյանը չի բացառել, որ ոստիկանության հետ կարող է նաև բախում լինել և նույնիսկ արյուն թափվել, բայց, քանի որ «դրված է երկրի գոյության հարցը», իրենք անգամ պատրաստ են զոհողությունների։

Այս խորագրի վերջին նյութերը