Լրահոս

28.02.2012 16:07


Լևոն Զուրաբյանը ՀՅԴ–ի, «Ժառանգության», ԲՀԿ–ի և անգամ որոշ ՀՀԿ–ականների հետ համագործակցության հնարավորություն է տեսնում

Լևոն Զուրաբյանը ՀՅԴ–ի, «Ժառանգության», ԲՀԿ–ի և անգամ որոշ ՀՀԿ–ականների հետ համագործակցության հնարավորություն է տեսնում

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, ով ի թիվս ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչների, խորհրդարանում 100% համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովի դարպասների մոտ այդ նույն պահանջն էր ներկայացնում, «7օր»–ի հետ զրույցում նկատել է, որ այդ հարցի շուրջ այսօր հասարակության մեջ կա աննախադեպ համախմբում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ նման համախմբված կերպով կարելի է պայքարել նաև ընտրակեղծիքների դեմ։

–Սա շատ կարևոր զարգացում էր։ Չորս տարի մենք պայքարել ենք ընտրակեղծիքների դեմ, մեր աջակիցները գնդակների տակ էլ են ընկել. այդ պայքարում գնդակահարվել են, բանտերում են եղել։ Հիմա մենք հասցրել ենք այն հանգրվանին, որ լայն կոնսենսուս է ձևավորվում այս հարցի շուրջ։ Այդ կոնսենսուսը ձևավորվել է մեկ պարզ պատճառով՝ հասարակությունը, քաղաքական ուժերը հասկանում են, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, որ ընտրակեղծիքներով ստեղծված Հայաստանը դատապարտված, կործանված Հայաստան է։ Ես շատ երջանիկ եմ, որ մենք չորս տարի հետո հասել ենք այսպիսի մի համաձայնության, և սա միայն աճելու է։ Բնականաբար, այս ընթացքը բերելու է նրան, որ մենք ընտրատեղամասերում էլ ենք ճակատամարտ տալու, ու միացյա՛լ ճակատամարտ է լինելու։ Մենք պատրաստ ենք այդ ճակատամարտը տալ բոլորի հետ, լինի «Ժառանգությունը», Դաշնակցությունը, ԲՀԿ–ն, անգամ Հանրապետական այն անդամների հետ, ովքեր կհրաժարվեն ընտրակեղծիքներին այդ հանցագործ մասնակցությունից և կանցնեն ժողովրդի ձայնի ապահովման կողմը,–ընդգծել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը