Լրահոս

01.03.2012 09:42


«Ուխտ Արարատի». «Ֆրանսիայի ՍԽ–ը Թուրքիային զրկեց զարգացման քաղաքակրթական ուղի ընտրելու եզակի հնարավորությունից»

«Ուխտ Արարատի». «Ֆրանսիայի ՍԽ–ը Թուրքիային զրկեց զարգացման քաղաքակրթական ուղի ընտրելու եզակի հնարավորությունից»

Որոնք էլ լինեն բացատրություններն ու արդարացումները, իսկ դրանք կան և կարող են լինել, իրականում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այն անդամները, ովքեր դեմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ընդունած Ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծին, իրականում, և նախ և առաջ, Թուրքիային զրկեցին ապաշխարելու հնարավորությունից՝ այպիսով նրան զրկելով զարգացման քաղաքակրթական ուղի ընտրելու եզակի հնարավորությունից:  

Մենք հասկանում ենք, թե դա ինչո՞ւ է արվել: Որպեսզի Թուրքիան շարունակի իրականացնել 2008-ից ի վեր ստանձնած իր հանձնառությունները Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում և Աֆղանստանում: Իսկ դրանք հանցագործ ծրագրեր իրականացնելու հանձնառություններ են, որից թուրքական ռազմական և քաղաքական վերնախավը շատ հաճախ փորձում է խուսափել (1):

Որովհետև, նպաստել թուրքական ժխտողականության ջանքերին, նշանակում է հրահրել նրան դեպի նոր հանցագործություններ և ցեղասպանություն: Որովհետև, ըստ այդ ծրագրի և ժամանակացույցի, դրված է նաև քրդերի ցեղասպանություն իրականացնելու և դրանից հետո միայն քրդերին պետություն տրամադրելու ծրագրային խնդիրը (2): Թեև այստեղ էլ, Հայերի ցեղասպանության օրինակով պարզ է, որ որքան էլ որպես ցեղասպանության փոխհատուցում (մասնակի փոխհատուցում) ձևակերպվել էր Սևրի դաշնագրի՝ Հայաստանին վերաբերող դրույթները, և կայացվել Վուդրո Վիլսոնի հայտնի Իրավարար վճիռը, բայց ինչպես հայոց դեպքում, քրդերի դեպքում էլ նմանատիպ որոշումները կարող են չիրականացվել:

Միաժամանակ սա ուժգին հարված է մարդու իրավունքների պաշտպանության գործին ողջ աշխարհում: Եվ կրկին թիրախը Միջին Արևելքն էր և այնտեղ ապրող ժողովուրդները: Որովհետեւ դրված է մի ողջ տարածաշրջան քաոսի ու անիշխանության, ազգամիջյան հակամարտությունների ու քաղաքացիական կռիվների մեջ ներքաշելու, տարածաշրջանը մարդասիրական ճգնաժամի մի ահռելի փորձադաշտի վերածելու  ծրագիրը: Եվ բնական հարցադրում է առաջանալու. իսկ ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը, եթե մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն այսպիսի թշվառ վիճակում է աշխարհում: Որոշումը նպատակ ունի բարոյալքելու և բարոյազրկելու մարդու իրավունքների պաշտպանության ողջ գործընթացն աշխարհում, բայց ակամա ի հայտ է բերում այդ գործընթացի ձևական–վտանգավոր ու մերժելի բնույթը նույնպես, որը, որպես միջամտության և ագրեսիայի գործիք, հաճախ գործածվում է գերտերությունների կողմից` միջամտելու համար այլ պետությունների և ազգերի ներքին գործերին:

Սակայն, այս որոշումից իզուր են ուրախանում բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մարդկության զարգացման համաշխարհային գործընթացները միայն ռազմա-քաղաքական և տնտեսական բաղադրիչներ ունեն; Իզուր, որովհետև մարդկային զարգացման համաշխարհային գործընթացները, նախ և առաջ, բարոյական բաղադրիչ ունեն, որն անմիջապես կարող է աչքի չզարնել, բայց շատ ու շատ կայսրությունների ու կայսերապաշտ ժողովուրդների պատմության օրինակով` կարող է շատ ուսանելի լինել: 

 

Ասում են՝ պատմության քննությունը բռնելը կարևոր է: Իսկ ո՞վ կարող է ասել, թե այդ քննությունը հայ ժողովուրդը չի բռնել և կամ՝ որ մարդկային հասարակության պատմությունն ավարտվում է այստեղ՝ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի պատերի ներսում: Իրականում ամփոփվում է այդ պատմության 2000-ամյա փուլը միայն, որի մեծ քննությունը, հնարավոր է, դեռ նոր է սկսվել, և որը չկարողացան կամ չցանկացան հանձնել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի այն անդամները, ովքեր դեմ քվեարկեցին Ֆրանսիայի Սենատի ընդունած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

01.03, 2012 թ.

Ծանոթագրություն

1. Տես, <>, թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008, էջ 1-6: Տես  նաեւ, <>, թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009, էջ 1-3: Տես, http://Oukhtararati.com/amsagrer կայքում:

2. Տես, Ռալֆ Պիտերս, «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006թ.: Blood borders, How a better Middle East would look, By Ralph Peters, All content © 2006, Armed Forces Journal / Terms of Service. 

Այս խորագրի վերջին նյութերը