Լրահոս

01.03.2012 14:54


Մրցակցային խնդիրների վերաբերյալ քննարկում դատավորների մասնակցությամբ

Մրցակցային խնդիրների վերաբերյալ քննարկում դատավորների մասնակցությամբ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու որոշումները սովորաբար բողոքարկվում են դատական կարգով. Հետևապես այս առումով կարևորվում է տվյալ գործերը քննող դատավորների խորը և համակողմանի տեղեկացվածությունը մրցակցային խնդիրների և ոլորտի նոր իրավական զարգացումների վերաբերյալ:
 
Փետրվարի 28-29-ին  տեղի ունեցավ ‹‹Մրցակցային օրենսդրության նոր իրավական զարգացումները›› թեմայով սեմինար-քննարկում`Հայաստանի դատավորների մասնակցությամբ: ՀՀ Վարչական և ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանների դատավորները հնարավորություն ունեցան ԵՄ փորձագետների հետ քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը, ինչպես նաև տեղեկանալու ԵՄ դատարանների և ազգային դատարանների դերի և լիազորությունների մասին: Դատավորները  ԵՄ փորձագետների հետ քննարկեցին նաև տնտեսական մրցակցությունը սահմանափակող գործերի քննությանն առնչվող մասնագիտական հարցեր:

 

 Միջոցառման ժամանակ զեկույցներ ներկայացրեցին ԵՄ անդամ պետությունների փորձագետներ, Գերմանիայի մրցակցային մարմնի նախկին փոխնախագահ` պարոն Կ. Շթոքմանը,Լիտվայի մրցակցության խորհրդի նախագահ` Շարունաս Կեզերաուսկասը: Մասնավորապես նրանք անդրադարձան ԵՄ Հանձնաժողովի ստուգումներ և հետաքննություն իրականացնելու իրավասությանը, ԵՀ-ի և անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցությանը, մրցակցային մարմինների և դատարանների միջև տեղեկատվության փոխանակմանը, ինչպես նաև մասնագիտական այլ հարցերի:

 Քննարկման մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում` հատկապես Հայաստանի և ԵՀ-ի օրենսդրական ակտերի, իրավասությունների և գործերի քննության վերաբերյալ:  Մասնավորապես դատավորներին հետաքրքրում էր, թե օրենսդրությամբ ինչպես է կարգավորվում տուգանքի վճարումը այն դեպքում, երբ տնտեսվարողը որոշումը բողոքարկել է դատարանում: Կ. Շթոքմանը պատասխանեց, որ նման դեպքերում Գերմանիայում կասեցվում է տուգանքի վճարումը, քանի դեռ դատական վերջնական ակտով որոշում չի կայացվել: Բացի այդ, փորձագետը նշեց, որ նման դեպքերում դատարանի կողմից կայացվող վճիռը խիստ էական է և վճիռն ինչ-որ տեղ նման է մեղադրական եզրակացության, քանի որ դատարանն իրավասու է գործի հետ կապված նոր քննություն սկսել, գործում վկաներ ներգրավվել, տուգանքի չափի փոփոխություն կատարել և այլն:
 Հարցի հետ կապված Շ. Կեզերաուսկասը տեղեկացրեց, որ Լիտվայի մրցակցային օրենսդրությամբ բողոքարկված գործերի դեպքում կիրառվում է այլ մոտեցում: Նրա տեղեկացմամբ, դատական բողոքարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը: Անկախ ամեն ինչից, տուգանքի ենթարկված տնտեսվարողը պարտավոր է վճարել այն, իսկ եթե դատարանը մրցակցային մարմնի որոշումը ճանաչի անվավեր, ապա հետագա ընթացքը կարգավորվում է օրենսդրությամբ: Երկու փորձագետներն էլ նշեցին, որ եթե տնտեսվարողը դիմում է ներկայացնում` տուգանքը մաս մաս վճարելու վերաբերյալ, ապա, հատկապես խոշոր տուգանքների պարագայում ընդառաջում են նրան:  Դատավորների կողմից հնչեցին նաև հարցեր օրենդրական տարբեր ակտերի, տուգանքների չափի և վճարման, ԵՄ Հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների համագործակցության, համատեղ վարույթների իրականացման և այլ թեմաների վերաբերյալ:    

Այս խորագրի վերջին նյութերը