Լրահոս

01.03.2012 16:47


Քննարկվել է Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների եւ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել ՀՀ Նախագահի՝ Բրյուսել առաջիկայում նախատեսվող այցելության նախապատրաստական աշխատանքներին:

Անդրադառնալով օրերս ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունը մի շարք՝ մասնավորապես Հայաստան – ԵՄ հարաբերությունների օրակարգային հիմնական հարցերի շուրջ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն առնչվող առաջընթացը, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը, Հայաստանում ընթացող  բարեփոխումների դրական եւ արդյունավետ ընթացքը եւ դրանց՝ ԵՄ շարունակական աջակցությունը:

Խոսելով ԵՄ խորհրդի կողմից ընդունված փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Այս պարագայում եւս կարող ենք արձանագրել Հայաստանի եւ Եվրոպական Միության մոտեցումների համահնչյունությունը՝ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին, Մեծ Ութնյակի Դովիլում կայացած գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների 2012 թ. մայիսի 26-ի հայտարարության եւ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ս.թ. հունվարի 23-ի համատեղ հայտարարության դրույթների ամբողջական իրականացմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը