Լրահոս

14.05.2009 17:01


Գյումրիի տաքսու վարորդները նամակ կգրեն կառավարության ղեկավարին

Գյումրիի տաքսու վարորդները նամակ կգրեն կառավարության ղեկավարին

Գյումրիում այսօր կրկին բողոքի գործողություն էին կազմակերպել անհատական տաքսու վարորդները: Մի քանի տասնյակ վարորդներ այս անգամ հավաքվել էին «Մայր Հայաստան» կոչվող թաղմասում և պահանջում էին վերջնականապես լուծում տալ իրենց խնդրիրներին: Այն է՝ Գյումրիի անահատական տաքսիների նկատմամբ չկիրառել կառավարության համապատասխան որոշումը:

-Մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի վերջնական պատասխան ստանանք, թե ի՞նչ է լինելու մեր վերջը. աշխատելու հնարավորություն տալի՞ս են, թե՞ ոչ,- ասաց վարորդներից Անդրանիկ Կարապետյանը:

Մեկ ժամ անարդյունք սպասելուց հետո, երբ որևէ պատասխանատու պաշտոնյա չներկայացավ տաքսու վարորդների հետ զրուցելու, նրանք որոշեցին շարժվել քաղաքի կենտրոն և փակել կենտրոնական՝ Սայաթ-Նովայի փողոցը: Սակայն տեղ հասնելուն պես պարզվեց, որ ոստիկանությունն արդեն իսկ փակել է փողոցը, ինչպես նշեցին ոստիկանները, «վթարային իրավիճակ չստեղծելու համար»:

Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց նրանց հետ հանդիպման եկավ մարզային ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Գեորգինյանը և Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանը:

Տաքսու վարորդները ևս մեկ անգամ պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեցին իրենց մտահոգությունները և պահանջեցին չեղյալ համարել անցած երկու օրերի ընթացքում իրենց նկատմամբ արձանագրված տուգանքները:

Լրագրողների այն հարցին, թե վերջը ի՞նչ պետք է լինի, փոխմարզպետ Միքայել Վրադանյանը պատասխանեց.

-Ի՞նչ պիտի լինի։ Պետք է ջա՜ն ասենք, ջա՜ն լսենք: Անհրաժեշտ է նամակ գրել կառավարության ղեկավարին և սպասել պատասխանի: Իսկ մինչ այդ, մենք ոստիկանության հետ պետք է պայմանավորվենք, որ մինչև նամակի պատասխան գալը տաքսու վարորդներին չտուգանեն:

Ինչ վերաբերում է արդեն տուգանված վարորդներին, ապա նրանք 15-օրյա ժամկետում պետք է տուգանքը վճարեն: Սակայն նրանք նշում են, որ այդքան եկամուտ չունեն՝ 20000 դրամ տուգանք մուծելու համար: Շիրակի փոխմարզպետը տաքսու վարորդների ներկայացուցիչներին հրավիրեց մարզպետարան՝ խնդիրը ևս մեկ անգամ քննարկելու:

Դերենիկ Մալխսյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը