Հարցազրույց

14.05.2009 17:53


Ժիրայր Սեֆիլյան.

Ժիրայր Սեֆիլյան.

Հատված Հայ ազգային կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսից

-Իմ տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը շատ լարված է անցել և ոչ մի արդյունք չի տվել՝ փարատելու կասկածները, որ ինքը դավաճանական ընթացքի մեջ է։

-Ասում եք՝ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը չի համոզել, թե հայ-թուրքական հարաբերություններում և ԼՂ-ի հարցում դավաճանական քայլերի չի գնում, բայց մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ կողմ է «հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»։ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի  դիրքորոշումներում տարբերություն տեսնու՞մ եք։

-Սերժը Թուրքիայի կողմից առաջ քաշված  որևէ հարցի «ո՛չ» չի ասել՝ ներառյալ Ցեղասպանությունը կասկածի տակ առնող հանձնաժողովի ստեղծումը։ Երկրորդը Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ընդունելն է, որը Կարսի պայմանագիրն է...

-Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունում է դա...

-Մի րոպե։ Այս երկու կետերին էլ Տեր-Պետրոսյանը դեմ է։ Ես ձեզ վստահեցնում եմ։

-Նա միայն մեկ կետ է նշել. «Մեր միակ առարկությունը վերաբերում է ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը»...

-Եվ Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։

-Նա չի նշել այդ կետը։

-Ե՛ս եմ այս պահին ասում։ Ինքն իր ելույթում չի նշել, բայց ես համոզված եմ, որ ինքը դեմ է։ Եվ հետո, այս երկու տարբերակներից բացի, կա երրորդ տեսակետը, որը մերն է ու մեր նման մի քանի կազմակերպություններինը։ Եվ՝ մեր ժողովրդի զգալի մասինը։ Դա հետևյալն է՝ քանի դեռ մենք ազգային պետություն չենք ձևավորել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսելն անհեթեթություն է։

-Բայց Հայ ազգային կոնգրեսն այդ տեսակետը չունի ։

-Ընդդիմության միավորվելու գլխավոր նպատակը մեր երկրում սահմանադրական կարգի հաստատումն է։ Քաղաքական, գաղափարական բանավեճը կլինի միայն իշխանափոխությունից հետո... Ես Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ տեսնում որպես ազգային պետություն կառուցող, այլ որպես միջոց՝ նախ ձերբազատվելու այս ավազակապետական ռեժիմից։ Իսկ հետո ազգային պետությունը մենք ենք կառուցելու, դա մենք Լևոն Տեր-Պետրոսյանից չենք պահանջելու։ Նա ունի անցումային փուլի իրականցման առաքելություն։

Իմ համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանը չի գալիս ո՛չ Արցախի հարցը շուտափույթ լուծելու, ո՛չ էլ՝ հայ-թուրքական հարաբերությունները... Ինքը զբաղվելու է, գլխավորապես, «ավգյան ախոռները» մաքրելով։ Իսկ եթե հանկարծ համարձակվի իր պատկերացրած շուտափույթ հարաբերությունները կամ արցախյան՝ նրանց պատկերացրած մոտեցումները գործի լծել, մենք մեր ժողովրդի հետ միասին կանխելու ենք այդ ամբողջ վտանգը։

-Այսինքն՝ հետո էլ պայքարելու եք Լևոն Տեր-Պետրոսյանի՞ դեմ։

-Եթե ինքը ի՞նչ անի...

-Եթե անի նույնը, ինչը հիմա ողջունում է։

-Ես համոզված եմ, որ ինքը նույնը չի անելու։ Իսկ եթե անի, անշու՛շտ։ Ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ կարծում եք, թե այս ժողովուրդը, որ հիմա Լևոնի հետից գնում է, Լևոնի անձի համա՞ր է գնում։ Դուք չկասկածեք, որ եթե Տեր-Պետրոսյանը սխալվի ազգային ծրագրերում, մեր ժողովուրդը կգտնի այլ մադկանց ու կգնա նրանց հետևից, որպեսզի կանխի այդ դավաճանական ընթացքը։

 Ասուլիսի հատվածը ներկայացրեց՝ Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը