Մեկնաբանություն

02.03.2012 19:20


Ինչո՞ւ են անհանգստացած Բաղրամյան 26–ում

Ինչո՞ւ են անհանգստացած Բաղրամյան 26–ում

Դատելով «ազատ, բայց սերժատու» մամուլի արձագանքից՝ նախագահական նստավայրում բավական ծանր են տարել Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը ՀԱԿ–ի հանրահավաքում։ Ակնհայտ զգացվում է, որ մարտի 1–ի դեպքերի և ԲՀԿ–ի մասով ՀԱԿ առաջնորդի տված գնահատականներից հետո Բաղրամյան 26–ում իրենց տեղը չեն գտնում։ Իսկ թե ինչու է այդպես, կներկայացնենք ստորև։

Մարտի 1–ի մասով

2008–ի մարտի 1–ի իրադարձությունների վերաբերյալ Տեր–Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ՀՀ hատուկ քննչական ծառայությունը սեփական ինտերնետային կայքում ընդարձակ տեղեկատվական հաղորդում հրապարակեց 2008թ. մարտի 1–2-ի իրադարձությունների կապակցությամբ իր վարույթում գտնվող քրեական գործի ընթացքի մասին։ Կրկնությունից խուսափելու համար զերծ մնալով այդ խայտառակ փաստաթղթի մանրակրկիտ իրավական գնահատականից, որը տրված է Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի կողմից («ՀԺ». 25.01.2012), ես կբավարարվեմ սոսկ հետևյալ կարճառոտ արձանագրումով։ Նշված հրապարակմամբ ՀՔԾ-ն ֆորմալ առումով կատարված ազդարարեց Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը և ԵԽԽՎ 1837–րդ բանաձևի պահանջը, իսկ, ըստ էության, փակված համարեց մարտի 1-ի պետական ոճրագործության արյունալի էջը։ Այսինքն, իշխող վարչախումբը, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր վրա վերցրեց այդ ոճրագործության ողջ պատասխանատվությունը և խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ցինիկաբար հայտարարեց, որ խաղաղ ցուցարարներին գնդակոծած, հարյուրավոր մարդկանց հրազենային ու բեկորային վերքեր պատճառած և տաս անմեղ քաղաքացու կյանք խլած մարդասպաններն անպատիժ են մնալու։ Անշուշտ, ժողովրդի պատվախնդրության ու իրավագիտակցության աստիճանից է կախված, թե այդ ցինիզմն ինչպիսի հակազդեցության կարժանանա առաջիկա ընտրություններում։ Բայց անգամ դրանից անկախ՝ պարզ է մեկ բան. որքան էլ մղձավանջը շարունակվի, որքան էլ բռնապետությունը երկարաձգվի, սեփական ժողովրդի արյունը թափած ոճրագործները երբ էլ լինի, կանգնելու են արդար դատաստանի առջև։ Նիկոլա Չաուշեսկուի, Էրիխ Հոնեկերի, Սադամ Հուսեինի, Մուամար Քադաֆիի և Հոսնի Մուբարաքի թշվառ վախճանը ձեզ օրինակ»։

Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանն իր այս գնահատականով վերջին նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դեպքերի ողջ պատասխանատվությունը դրեց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ–ի վրա։ Այդպիսով ՀԱԿ առաջնորդը նախ իրերն անվանեց իրենց անուններով և, բացի այդ, հստակ հասկացրեց, որ թույլ չի տալու, որպեսզի Բաղրամյան 26–ում շահարկեն մարտի 1–ի դեպքերը, կոկորդիլոսի արցունքներ թափեն և նեղ քաղաքական հաշվարկներից ելնելով՝ ողբերգական իրադարձությունների պատասխանատու դարձնեն երրորդ կողմին ու տասը զոհերը «դուրս գրեն» այլոց վրա։

ԲՀԿ–ի մասով

Տեր–Պետրոսյանի ելույթը ցույց տվեց, որ չաշխատեցին իշխանությունների տարածած բոլոր այն «մուտիլովկաները» և «վերլուծությունները», որոնք նպատակ ունեին վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին ու դրանով իսկ արժեզրկել ՀԱԿ առաջնորդի՝ ամիսներ առաջ հնչեցրած «քաղաքագիտական վերլուծությունը»։ Երիտսերժականներն ինտենսիվորեն լուրեր էին տարածում այն մասին, թե, իբր, ԲՀԿ–ն խաղում է Սերժ Սարգսյանի խաղը, և կան պայմանավորվածություններ։ Խնդիր էր դրված անհարմար դրության մեջ դնել և՛ Տեր–Պետրոսյանին, և՛ Ծառուկյանին։

Իշխանությունն այս քարոզչահոգեբանական օպերացիաներն արդյունավետորեն իրականացնելու համար ներգրավել էր նաև ՀԱԿ–ի ներսի բազմակի օգտագործման հաճախորդներին։ Գեղամյանի ֆունկցիան իր վրա վերցրած Արամ Զավենի Սարգսյանի «լավաշ» հարցազրույցներն ու որոշ «ազնիվ քյարփինջների» հաճախորդացման գործընթացն այդ շարքից էին։ Բայց ոչինչ չստացվեց։ Տեր–Պետրոսյանը շարունակեց ամիսներ առաջ որդեգրած գիծը և «միս ու արյուն» տվեց իր «քաղաքագիտական վերլուծությանը»՝ ըստ էության հայտարարելով, թե ովքեր Ծառուկյանին ու Օսկանյանին համարում են ինքնուրույնությունից զուրկ ֆիգուրներ, նրանք լավագույն դեպքում ցնորամիտներ են կամ դավադրությունների տեսությամբ առաջնորդվող թերարժեք մարդիկ։

Դե հիմա ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս կարող էին նմանատիպ գնահատականներից հետո նախագահականում հանգիստ նստել ու սերժատուների վայնասուն չբարձրացնել։

ՀՀԿ վերնախավում շատ լավ հասկանում են, որ «կոնսենսուս մինուս մեկը» գնալով գործնական տեսք է ստանում։ Եթե նախկինում, ինչ–ինչ հանգամանքներից ելնելով, Տեր–Պետրոսյանը թիվ մեկ խոչընդոտն էր այդ հարցում, ապա այսօր, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով,  դարձել է դրա թիվ մեկ ջատագովը, ինչը ողջունելի է։

«Կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափի կայացումն առնվազն ընտրակեղծիքների դեմ պայքարի հարցում շահավետ է և՛ ԲՀԿ–ին, և՛ ՀԱԿ–ին, և՛ ՀՅԴ–ին, և՛ «ժառանգությանը» և ամենակարևորը՝ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը։ Այնպես որ բոլոր ինքնուրույն քաղաքական ուժերը պետք է ձգտեն նպաստել հանրային լայն համախմբմանը, և այդ դեպքում փոփոխություններն իրականություն կդառնան։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը