Մեկնաբանություն

04.03.2012 19:09


Ինչը կամ ով է միավորում այս մարդկանց

Ինչը կամ ով է միավորում այս մարդկանց

Արթուր Բաղդասարյանին, Արտաշես Գեղամյանին, Արամ Սարգսյանին և Պետրոս Մակեյանին միավորում է այն, որ նրանք բոլորն էլ Սերժ Սարգսյանի հաճախորդներն են ու ցանկանում են նպաստել ՀՀԿ «ֆուտբոլասեր» նախագահի վերարտադրմանը։

ԱԽՔ–ն ու դատարկ դհոլը (Գեղամյանին այսպես է սիրում դիմել Սերժը) հանրության լայն շրջանակների համար վաղուց բացահայտված հաճախորդներ են և Ս. Սարգսյանին սատարում են «բաց ճակատով» ու «կուսազրկված» քաղաքական կարգավիճակով, իսկ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամն ու «ազնիվ քյարփինջի» համարում ունեցող Մակեյանը նույն բանն անում են ընդդիմադիրի «հագուկապով», այն է՝ «տակից», ինչի պատճառով էլ հանրության լայն շրջանակներին առայժմ տեսանելի չէ վերջիններիս հաճախորդ լինելը։

Նկատենք, որ «պատահական» զուգադիպությամբ՝ վերոնշյալ գործիչները միշտ հանդես են գալիս այնպիսի հայտարարություններով, որոնք ձեռնտու են Սերժ Սարգսյանին։

2008–ի մարտի 1–ից հետո քաղաքական դիակի վերածված ՕԵԿ նախագահն ամեն օր ասում է, որ իրենց կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սատարելու է ՀՀԿ ղեկավարին։ ԱԺ ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, հայտնի չէ, թե արդյոք Սարգսյանն առաջադրվելու՞ է նախագահականի ժամանակ, թե՞ ոչ, բայց Ա. Բաղդասարյանը, միևնույն է, որտեղ տեսնում է Սարգսյանին՝ սատարում է։ ԱԽՔ–ն այնպիսի էնտուզիազմով է լծվել «վերարտադրություն» օպերացիայի իրականացման գործին, որ, ամենայն հավանականությամբ, բարի նախանձ է առաջացրել անգամ «քոքված» սատարող ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ։

Դե իսկ Արտաշես Մամիկոնիչի մասով ամեն ինչ պարզ է։ Նա Սերժ Սարգսյանին սատարում է, այսպես ասած, ի պաշտոնե. «դատարկ դհոլ» որակումը ստանալուց հետո նրան այլևս ուրիշ բան չի մնում անելու։ Ինչպես ասում են՝ Ա՛ր–տա՛շ, տա՛շ, տա՛շ...

Հայ ազգային կոնգրեսի անդամ (առայժմ) «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանն այժմ գեղամյանացման ուղու վրա է։ Ավելի ճիշտ, նա արդեն իսկ կատարում է հաճախորդի ի՛ր ուրույն դերը և սատարում Սերժ Սարգսյանին՝ սերժահաճո հայտարարություններ անելով և «ազատ, բայց սերժատու» լրատվամիջոցների արտահաստիքային թղթակցի դերը կատարելով (օպերատիվ կարգով հարցազրույցներ տալ, արձագանքել քաղաքական իրավիճակներին, գովել ԵԿՄ սերժահպատակ որոշումները և այլն)։

Հարկ է արձանագրել, որ Սարգսյանների ընտանիքում Սերժին սատարելու մասով աշխատանքի հստակ բաժանում կա. լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար դատապարտված ու Սերժի օգնությամբ ժամկետից շուտ ազատ արձակված Վազգեն Սարգսյանի փոքր եղբայրը՝ Արմեն Սարգսյանն ուղղակիորեն է պաշտպանում Սերժ Սարգսյանին (ԵԿՄ ղեկավար կազմի անդամի, ինչպես նաև տանը բարձրաստիճան հյուրեր ընդունող–ճանապարհող–լուսանկարվողի դերում), իսկ «ական»–ավոր գործիչ Արամ Սարգսյանը նույնն անում է ավելի «նուրբ» ձևով՝ Ազատության հրապարակում կոկորդ պատռելով։

Դատելով ամենից՝ Արամի վրա դրված է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դհոլություն անելու պարտականությունը, ինչպես նաև ՀԱԿ անդամի կարգավիճակով քաղաքական դաշտում ձևավորվող «կոնսենսուս մինուս մեկ»–ի դեմ խոսելու հանձնարարությունը։ Ուշագրավն այն է, որ Արամի աչքին ամենուր Քոչարյանի պատկերն է հայտնվում, ու նորաթուխ «Գեղամյանն» ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Զավենիչն իր այդ վարքագիծը փորձում է նեղ շրջապատին բացատրել Հոկտեմբերի 27–ի հետ կապված ինչ–ինչ կասկածների պահով, բայց բոլորն էլ հասկանում են, որ իրականում այդ «բացատրությունները» Սերժ Սարգսյանի հաճախորդը լինելու հանգամանքը թաքցնելու կամ դհոլությունն արդարացնելու «ատմազկա» է։ Ասել է թե՝ հաճախորդը մնում է հաճախորդ, ինչ հիմնավորմամբ էլ, որ դա արվի։

Տեղին է հիշեցնելը, որ Արամ Սարգսյանը ոգևորված էր ՀԱԿ–կոալիցիա սերժանպաստ «գյալաջի–երկխոսության» փուլում, իսկ ահա երբ առաջ քաշվեց «Առա՛ջ, դեպի անսերժ Հայաստան» կարգախոսը, «ականն» անմիջապես պայթեց ու դեմ դուրս եկավ Լևոն Տեր–Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությանը»։  Ակնհայտ է, որ որքան մոտենան ընտրությունները, այնքան Արամի հաճորդ լինելն ավելի ակնհայտ կդառնա անգամ քաղաքականությունից հեռու մարդկանց համար։

Մեր խորհուրդը Արամ Սարգսյանին. շատ ավելի ազնիվ կլինի, եթե նա դուրս գա ՀԱԿ–ից ու բացահայտորեն սատարի «մարտական ընկեր» Սերժ Սարգսյանին այնպես, ինչպես իր եղբայրը կամ գաղափարակից գործընկերներ Ա. Բաղդասարյանն ու Ա. Գեղամյանն են անում։

Ինչ վերաբերում է մեր կողմից  «ազնիվ քյարփինջ» որակված Պետրոս Մակեյանի պահվածքին, ապա նրա մոտ արդեն նկատվում են հաճախորդացման միտումներ։ Իսկ դա նշանակում է, որ փանիկցի Պետրոսի հայտարարություններն այլևս պետք է դիտարկել ոչ թե քաղաքական անմեղսունակության կանխավարկածից ելնելով, այլ «ա լյա գեղամյան» տարբերակը հաշվի առնելով։ 

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն ընտրություններին ընդառաջ խաղի մեջ է մտցրել իր բոլոր հաճախորդներին ու դիմել իրեն հոգեհարազատ մեթոդին, բայց դա արդեն հնամաշ տեխնոլոգիա է և իրեն չի արդարացնելու, քանի որ բացահայտված «ականի» ՕԳԳ–ն զրոյից չի տարբերվում։ Սերժ Սարգսյանն այդ ամենը կհասկանա միայն մայիսի 6–ից հետո, երբ իր հաճախորդների հետ միասին ահագին ազատ ժամանակ կունենա սեփական անցած ուղին հիշելու և պարտության պատճառներն ուսումնասիրելու համար։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը