Լրահոս

05.03.2012 14:29


ԵՀՄՖ-ի նախագահ. «Ֆրանսիայի ՍԴ որոշման պատճառներից էր Հայաստանի իշխանությունների բացառիկ պասիվությունը»

ԵՀՄՖ-ի  նախագահ. «Ֆրանսիայի ՍԴ որոշման պատճառներից էր Հայաստանի իշխանությունների բացառիկ պասիվությունը»

 Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը ներկայացնում է ԵՀՄՖ-ի  նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանի հայտարարությունը:

Հայկական լոբինգը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը ծանր հարված ստացան  Ֆրանսիայի սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետևանքով: Ըստ մեզ դրա պատճառները երկուսն էին. թուրք-ադրբեջանական պետական մեխանիզմի աննախադեպ ակտիվ գործունեությունը Ֆրանսիայում և երկրորդ` Հայաստանի իշխանությունների բացառիկ պասիվությունն ու հայկական լոբինգի հետ կապի և համատեղ աշխատանքի իսպառ բացակայությունը: Խոսենք այս երկրորդ կետի շուրջ ավելի մանրամասն:

Կոնկրետ ԵՀՄՖ-ը և ես որպես նախագահ բացառիկ ակտիվ աշխատեցինք ֆրանսիահայ լոբիստների հետ` անելով ամեն հնարավորն ու անհնարինը Ֆրանսիայի Սահմանադրական Դատարանի վրա ազդելու համար: Հատկապես շատ հզոր ազդակ էր Սլովակիայում արդեն <<ցեղասպանությունների մերժման դատապարտումը քրեականացնող օրենքի>>  ընդունման նախադեպը: Մեր կարծիքով այս նախադեպի օգտագործումը հսկայական ուժ կհաղորդեր և հայկական կողմի  և Ֆրանսիայում  օրենքի նախագիծն իրականացնողներին: Բնական է, սլովակյան փորձը տարածելու համար ակտիվ համագործակցության մեծ կարիք կար ՀՀ ԱԳՆ-ի, Արևմտյան Եվրոպայում ՀՀ դեսպանատների և հայ լոբիստների միջև: Այդ առումով ևս ԵՀՄՖ-ը ծավալուն աշխատանք կատարեց: Դիմեցինք ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչներին, արևմտյան մի շարք  երկրներում ՀՀ դեսպաններին անձամբ, ինչպես նաև Սփյուռքի նախարարությանը: Մեր առաջարկը շատ պարզ էր. պետք է օգտագործել Սլովակիայում արդեն գործող օրենքի նախադեպը և աշխատել այն ներկայացնել Ֆրանսիայում: Ասենք, որ չնայած նրան, որ Ֆրանսիայի Սենատի վերջին նիստի բացման ժամանակ խոսվեց Սլովակիայում գործող օրենքի մասին, ՀՀ ԱԳՆ-ը և նրա նախարարը գոնե մեկ անգամ ակնարկ չարեցին այդ` իր նմանը չունեցող փաստի շուրջ, կարծես բացարձակ արհամարելով բարեկամ Սլովակիայում  կատարված հսկայածավալ հայանվեր աշխատանքը: Ավելին, ՀՀ պետական հեռուստատեսությունը` Հ-1ը, բազմիցս, միտումնավոր կերպով չլուսաբանեց մեր կողմից ուղղարկված տեղեկատվությունը և նույնիսկ չցուցադրեց Սլովակիայի Արդարադատության նախարար և փոխվարչապետ, այսօր Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հետ հարցազրույցը, որը վերջինս սիրահոժար տրամադրել էր հայկական հեռուստատեսություններին: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական նոտա էին հղել Մոսկվայում տեղավորված Սլովակիայի դեսպանությանը /վերջինս պաշտոնապես ծածկում է նաև Հայաստանն ու Ադրբեջանը/, որում նրանք պահանջում էին բացատրություն ԵՀՄՖ-ի կողմից տարածած Սլովակիայում ցեղասպանությունների մերժման քրեականացնող օրենքի շուրջ: Օգտվելով տվյալ նոտային Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի տված պատասխանի թուլությունից, որտեղ դեսպանն Ադրբեջանի նախագահին սիրաշահելու համար տվել էր կեղծ պատասխան, այն է, որ դեսպանությունը տեղյակ չէ Սլովակիայում Հայոց ցեղասպանության շուրջ գործող օրենքի մասին, ադրբեջանական ԶԼՄ-ները ամբողջ կոկորդով բղավում էին, որ ԵՀՄՖ-ը ստում է և Սլովակիայում համանման օրենք չի գործում: Բնական է, որ Աստված մեզ տվել էր հիանալի հնարավորություն դիմազրկելու ադրբեջանցիների կեղծիքը: Ընդ որում թուրք դիվանագետները, որոնք հիանալի ծանոթ էին Սլովակիայում գործող օրենքին, բացառիկ լռություն էին պահպանում: ԵՀՄՖ-ը, օգտագործելով իր բոլոր հնարավորությունները, համաշխարհային հայկական և հայամետ ԶԼՄ-ներին տրամադրեց բազմաթիվ նյութեր, հարցազրույցներ ու լուսաբանումներ երկու տարի ի վեր Սլովակիայում գործող օրենքի մասին: ԵՀՄՖ-ը դիմեց նաև հայ դեսպաններին` խնդրելով համանման նոտաներ հղել Սլովակիայի դեսպանին` պահանջելով օրենքի գույության շուրջ պարզաբանում: Դեսպանների պատասխանն ավելի քան սահմռկեցուցիչ էր. ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը կարգադրել է չհամագործակցել ԵՀՄՖ-ի հետ: Պատճառը+` ԵՀՄՖ-ի քննադատական ելույթներն են նախարարի կատարած աշխատանքների վերաբերյալ, կապված հայ-թուրքական անփառունակ արձանագրությունների հետ: Իսկապես ԵՀՄՖ-ը և նրա նախագահը, սկսված 2009թ-ի հոկտեբերի փարիզյան հավաքից, խիստ քննադատում էին «արձանագրություններում» տեղ գտած երեք հայտնի կետերը` կապված ցեղասպանության, Թուրքիայի հետ սահմանների հաստատման և անուղղակիորեն արցախյան հարցի արծածման շուրջ: Ժամանակն ապացուցեց քննադատության բացառիկ օբյեկտիվությունը, և մենք ականատես եղանք այն արհավիրքներին, որոնք բխեցին այդ արձանագրությունների ստորագրումից: Բացարձակ անհասկանալի է, նույնիսկ անձնական վիրավորանք կրելու դեպքում, պետական բարձր պաշտոնյայի համանման վերաբերմունքն ազգի գլխին կախված վտանգի պայմաններում: Մենք նույնիսկ դիմել էինք Սփյուռքի նախարարին հայտնելով, որ ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը պայմանավորվել է օրենքի հեղինակի` նախկին նախարար, փոխվարչապետ, այսօրվա Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի հետ, կազմակերպել մի հանդիպում եվրոպահայ լոբիստների, ՀՀ Սփյուռքի և ԱԳՆ-ի ղեկավարների հետ Բրատիսլավայում` Ֆրանսիայում <<ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի>> շուրջ պարզաբանումների ու համագործակցության համար: Արդյունքում. ոչ մի համագործակցություն չխրախուսվեց, հայ լոբիստների և կոնկրետ ԵՀՄՖ-ի կողմից տարված տքնաջան աշխատանքներն արդյունք չտվեցին, և մենք կանգնեցինք  «կոտրած տաշտակի»  առջև:

Անկեղծ ասենք Ֆրանսիայի Սահմանադրական Դատարանի որոշումը մեծ հարված էր հայանպաստ բոլոր կազմակերպություններին ու անհատներին, հարված մեջքից: Մեջքից հարված կարելի է համարել նաև հայաստանյան իշխանությունների պասիվ, անօգնական, նեղ անձնական շահերին զոհ դարձած և բացառիկ ոչ արհեստավարժ վերաբերմունքը: Կորցրածը ետ բերելու համար պահանջվում է ջանքերը տասնապատկել: Կգտնենք արդյոք ուժ, եռանդ, ինչու չէ նաև ֆինանսներ ցեղասպանության շուրջ աշխատանքները հաղթական ավարտի հասցնելու համար: Այս հարցի պատասխանը կախված է ոչ միայն սփյուռքահայ կազմակերպությունների աշխատանքների աննախադեպ, կտրուկ մոբիլիզացումից, այլ նաև ՀՀ ԱԳ և Սփյուռքի նախարարությունների անմնացորդ և հայրենանվեր գործունեության հնարավորություններից: Մի բան, որը մենք ակնկալում ենք, ցավոք առանց լուրջ սպասելիքների:

Անկասկած է սակայն, որ մի փոքր դադարից ու շունչ քաշելուց հետո եվրոպահայ լոբիստներն ավելի մեծ թափով են լծվելու ցեղասպանության հարցում թուրքական և այսօր նաև ադրբեջանական մերժողների ալիքը պատվարելու ու արդարության հաղթանակի համար անձնուրաց աշխատելու գործին:

 ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը