Կրակել է եղբոր ավտոմեքենայի վրա, այնուհետև բնակարանի պատուհանին
Մարտի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր` Ռաֆիկ Դ.-ին պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող` Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետև «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է:
Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի հյուրասենյակի պատուհանի հատվածում, հայտնաբերվել են անցքեր, իսկ մետաղյա ճաղավանդակին՝ վնասվածք:
Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Արթուր Դ.-ն և խոստովանել հանցանքը:
Նա իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է հանցագործության գործիք «ՄՌ-27Մ» տիպի որսորդական հրացանը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կրակել է եղբոր ավտոմեքենայի վրա, այնուհետև բնակարանի պատուհանին