Լրահոս

05.03.2012 16:18


Մարտուն Գրիգորյան. «Թիվ 34 ընտրատարածքում թեժ պայքար չի սպասվում»

Մարտուն Գրիգորյան. «Թիվ 34 ընտրատարածքում թեժ պայքար չի սպասվում»

Այսօր Գյումրիում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հայտարարել է, որ հակառակ բոլոր կանխատեսումներին՝ թիվ 34 ընտրատարածքում թեժ պայքար չի լինելու, քանի որ ինքը վստահ է իր ուժերին, և այդ վստահությունը գալիս է ժողովրդից: Նա նաև նշել է, որ որոշ մարդիկ փորձում են իր ընտրողներին ապակողմնորոշել ու իր անունից տարատեսակ տեղեկատվություն են տարածում, ինչը, ըստ պատգամավորի, սև քարոզչություն է։

–Քաղաքում ինչ–որ խմբեր են շրջում, ովքեր ներկայանում են Մարտուն Գրիգորյանի գրասենյակի անդամներ: Նրանք շրջում են տնետուն և փորձում մարդկանց թյուրիմացության մեջ գցել, ապատեղեկատվություն են տարածում՝ իբր Մարտուն Գրիգորյանն իր թեկնածությունը չի առաջադրելու ընտրությունների ժամանակ: Ես ուղիղ եթերով հայտարարել եմ, այսօր էլ եմ հայտարարում, որ առաջադրելու եմ իմ թեկնածությունը թիվ 34 ընտրատարածքում: Բացի դրանից, ինֆորմացիա են տարածում, որ ես պատրաստվում եմ ածուխ, ալեհավաքներ, DVD-ներ կամ նմանատիպ բաներ բաժանել: Խորհուրդ չէի տա մարդկանց նմանատիպ ընտրապայքարի մեջ մտնել. ես ոչ մի բան չեմ բաժանել ու չեմ էլ պատրաստվում բաժանել,–ասել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում աբողջ քաղաքում փակցված այն վահանակներին, որտեղ Ձեր հավանական մրցակիցը խոստանում է վերականգնել Գյումրու տնտեսությունը, արդունաբերությունը և նմանատիպ այլ խոստումներ է տալիս, և ի՞նչ եք Դուք նրան հակադրելու», Մարտուն Գրիգորյանը պատասխանել է.

–Հիշեցնենք տվյալ ռոմանտիկներին, որ Գյումրի քաղաքի երկրաշարժից հետո մի կերպ կարողացել ենք անօթևանների խնդիր կարգավորել: Այս քաղաքը շատ լուրջ խնդիրներ ունի: Գյումրեցիների այսօրվա նմանատիպ ռոմանտիկ հայտարարություններին կամ լոզունգներին լուրջ չեմ վերաբերվում: Կատարյալ թյուրիմացություն է։

Հավելենք, որ այդ վահանակները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, փակցրել է Մարտուն Գրիգորյանի հավանական մրցակից, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը