Մեկնաբանություն

05.03.2012 17:48


Բարիշացնող վարչապետը

Բարիշացնող վարչապետը

«Որդյա՛կ իմ, տե՞ր ես, դո՛ւստր իմ, հնազա՞նդ ես»,–չզարմանաք, եթե ՀՀ մոդեռնիստ վարչապետի շուրթերից շուտով այս խոսքերն էլ լսեք։ Տիգրան Սարգսյանն այնքան է մտել «ինչ մինչև հիմա ոչ մի վարչապետ չի արել, ե՛ս կանեմ» դերի մեջ, որ բանուգործը թողած՝ արդեն ստանձնել է «հարց լուծող տղու» դերակատարությունը։ Հաշվի առնելով, որ Տիգրան Սարգսյանին տերտերական կեցվածքն ու առոգանությունը շատ է հոգեհարազատ, ինքն էլ ներկայանում է որպես բարեպաշտության քայլող մարմնավորում՝ չի բացառվում, որ մոտ ապագայում կառավարության ցուցանակի կողքին ևս մեկը ավելանա՝ ամուսնությունների և հաշտարարի գրասենյակ՝ «Կհաշտեցնենք, կամուսնացնենք, կօրհնենք..., համեցե՛ք ամեն օր, բացի մեռելոցի օրերից»...

Հիմա «բուն թեման»։ Մարտի 3–ին Տիգրան Սարգսյանն այցելել էր Սյունիքի մարզ՝ բնակիչների հետ քննարկելու ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Մի կողմ թողնելով վարչապետի կողմից որևէ կուսակցության քարոզչությունն իրականացնելու իրավական և քաղաքական կողմը՝ նշենք, որ Քաջարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր.

–Քաջարան գյուղի հարցը դարձել է քաղաքական սպեկուլյացիաների պատճառ, և պետք է այսօրվանից այդ հարցին լուծում տանք։

Տիգրան Սարգսյանի փիառշիկներն էլ ստեղնաշարը վերցրել էին ձեռքներն ու իրենց կայքերում լծվել մեծամեծի գովքն անելու գործին՝ էհեեեեեեե՜յ, անգրագետնեեեեեեե՜ր, չուզողնեեեե՜ր ու արատավորողնեեեեեեե՜ր, տեսեք–տեսեք, թե ինչ ամենազոր վարչապետ ունեք դուք, նա հաշտեցրել է Քաջարան գյուղի ղեկավար Ռաֆիկ Աթայանին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Երևի բարիշացնելն էլ ՀՀԿ նախընտրական ծրագրի մաս է կազմում։  

Պատկերացնո՞ւմ եք, երկար ու ձիգ ամիսներ Քաջարանի հողերի նշանակությունը փոխելու կառավարության որոշման պատճառով միմյանց դեմ պայքարող Ռաֆիկ Աթայանին և Մաքսիմ Հակոբյանին Տիգրան Սարգսյանը ձեռքի մի թեթև շարժումով՝ կախարդական փայտիկի օգնությամբ, հավանաբար, միանգամից հաշտեցրեց։ Ա՜յ քեզ գիգանտ, ա՜յ քեզ հզորություն և ամենակարողություն։ Գյուղացիներին էլ երևի համոզել է, որ հողերն իրենց ձեռքից վերցնելն ու մաքուր օդը պղտորելը հենց նրանց իսկ շահերից է բխում։

Բայց չէ, վարչապետին ու նրա պալատական սազանդարներին շատ չէր մնացել ուրախանալու։ Տիգրան Սարգսյանի PR-փուչիկը հերթական անգամ պայթեց, երբ այսօր Քաջարանի գյուղապետը բաց նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ասաց այն ամենը, ինչ մտածում է հարց լուծող ու բարիշացնող վարչապետի և նրա որոշման մասին։

Նամակն էլ այսպես է ավարտվում. «Հարգարժա՛ն պարոն Սարգսյա՛ն,

մենք հավատում ենք Ձեզ, ինչի համար և հերթական անգամ ենք դիմում Ձեզ: Քաջարան գյուղական համայնքի անունից խնդրում եմ վերացնել կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն որոշումը և գործնական քայլերով նպաստել սահմանային Քաջարան գյուղի ամրապնդմանը:

Եթե Դուք կրկին կոնկրետ քայլ չձեռնարկեք ու լռեք, ինչպես վարվեցիք մոտ 600 քաջարանցու՝ 2011թ. մայիսին հղած դիմումի պարագայում, ապա վերջնականապես կնշանակի, որ Դուք կողմնակից եք Քաջարանի կոմբինատի ծպտված սեփականատերերի՝ սահմանային մեր գյուղը վերացնելու հրեշավոր ծրագրին, ինչի համար մեծագույն ափսոսանք կապրի գյուղի բնակչությունը, իսկ գյուղում կշարունակվի խորանալ անորոշությունը՝ սկիզբ առած 2011թ. ապրիլի 28-ից հետո»։

Ահա այսպիսի հարց լուծող է Տիգրան Սարգսյանը։ Այ եթե մի փոքր էլ թողնեին մարդը հանգիստ շունչ քաշեր ու ժամանակ ունենար, ապա, անկասկած, Դիլիջանը վաղուց դարձած կլիներ միջազգային ֆինանսական կենտրոն, Ջերմուկը՝ առողջարանային կենտրոն, իսկ Գյումրիում ծով կլիներ ու հայաստանցիներն իզուր տեղը չէին հարստացնի վրացիներին ու թուրքերին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը