Լրահոս

07.03.2012 12:31


Հայաստանի Կանաչների կուսակցությունը պահանջում է

Հայաստանի Կանաչների կուսակցությունը պահանջում է

«Դալմայի այգիներն ունեն մոտ 3000 տարվա պատմություն և պատմամշակութային ու հնագիտական մեծ արժեք են ներկայացնում ո’չ միայն Երևանի, այլև Հայաստանի համար: Մինչև 2000թ. այս տարածքն ընգրկված է եղել Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում իր 790 հա պահպանման տարածքով, որից 533 հա բուն այգու տարածքն էր: Հուշարձանների ցուցակների «ճշտման»  երկարատև պրոցեսի արդյունքում Դալմայի այգիները, որոնք իրենց աչքի լույսի նման պահպանում էին  պարսից խաները` հասկանալով նրանց դերը Երևանի կլիմայական պայմաններում, անհետացան այդ ցուցակներից, և ոչ միայն անհետացան, այլ 2003թ. անհասկանալի պատճառներով փաստաթղթերում այգու տարածքից անհետացավ նաև  277 հա տարածք: 

Խախտելով ՀՀ կողմից վավերացված մի շարք միջազգային կոնվենցիաներ այդ թվում` Օրհուսի կոնվենցիան, ՀՀ բազմաթիվ օրենքներ և նորմատիվներ (ՇՄԱՓ, ՀՀ հողային, ՀՀ քաղաքաշինության մասին և այլն), ՀՀ կառավարությունը, սկսած 2003թ-ից (1941-Ա որոշում), անօրինական ոտնձգություններ է կատարել Դալմայի այգիների նկատմամբ: Փոխվել է ոչ միայն այգու հարող պահպանման գոտու, այլև բուն այգուն պատկանող հարյուրավոր հա տարածքի կարգավիճակ և դա տրվել կառուցապատման համար, տարբեր մեթոդներով դուրս մղելով հարյուրավոր ազնիվ հողագործների, որոնք իրենց քրտիքով մշակում և պահպանում էին այգին:  

Այս խնդիրը տարիներ շարունակ բարձրացվել է տարբեր ՀԿ-ների, քաղաքացիների, ինչպես նաև մեր կողմից` չստանալով որևէ հիմնավոր, օրինական պատասխան:
Ներկայումս, հերթական անգամ խախտելով ՀՀ օրենքները, ՀՀ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաները, ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են (ՀՀ կառավարության նիստի օրակարգ 7.03.2012թ. /կետ.29/) Դալմայի այգիների միջով անցով ճանապարհային հանգույցի կառուցման մասին: 
Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցությունը պահանջում է դադարեցնել Երևանի կանաչ տարածքների բնաջնջման քաղաքականությունը: 

ՀՀ կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռք առնել` պատասխանատուներին` ՀՀ կառավարության անդամներ, Երևանի ներկա և նախկին քաղաքապետեր, Երևան քաղաքի ներկա և նախկին ճարտարապետեր և այլ պատասխանատուներ, պատասխանատվության կանչել ՀՀ օրենքների համապատասխան և դադարեցնել Դալմայի այգիների ոչնչացումը: 

Միաժամանակ հիշեցնում ենք Նորքի սարալանջի անտառների հարցը. այստեղ ևս անհականալի որոշմամբ անտառային նշանակության հողերի կարգավիճակ է փոխվել` անտառայինից` քաղաքաշինության, և մոտ 600 հա անտառից փաստաթղթով միայն 60 հա անտառ է մնում: Պահանջում ենք վերականգնել ամբողջ անտառը` իր նախկին տարածքներով: 
Երևանի համար, որն այսօր խեղդվում է, դա կլինի միակ փրկությունը, որը կունենա ոչ միայն բնապահպանական, ռազմավարական, այլ նաև` գենոֆոնդի պահպանման հսկայական նշանակություն: 

Հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել Դալմայի այգիների, Նորքի սարալանջի անտառների վերականգման գործընթացի կազմակերպման աշխատանքները»: 

Հայաստանի Կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության նախագահ  Արմենակ Դովլաթյան

Այս խորագրի վերջին նյութերը