Աշխարհ

15.05.2009 13:06


Այս պատմությունից գազի հոտ է գալիս

Այս պատմությունից գազի հոտ է գալիս

Շատ է խոսվում, որը բոլոր գերտերութունները, այդ թվում Թուրքիան, Հայաստանի փակ սահմաններն այլևս չեն ուզում հանդուրժել: Նույնիսկ Հայաստանի լռակյաց դիվանագիտությունն է խոսում, որ կայսրությունների շահերի համադրման,  և ոչ թե հակադրման, մի ժամանակաշրջան ենք թևակոխել: Բայց թե որտե՞ղ են այդ շահերը համնկնում, այդքան էլ տեսանելի չէ հանրությանը: Իհարկե, մոլորակի վրա ոչ մի նորմալ և ազնիվ մարդ չի պատկերացնում, որ թուրքերն ու ադրբեջանցիները այլևս չեն ձգտում միանալ միմյանց և հայկական սեպը վերացնել օրակարգից: Կասկածից վեր է նաև, որ Հայաստանն այսօր իրեն առավել վստահ է զգում ռուսական բանակի ներկայությամբ՝ հայ-թուրքական սահմանում: Իսկ եվրոպական գազաքաղցը ամեն րոպե զգացնել է տալիս իրեն,  Ռուսաստանի մենաշնորհային թելադրանքով: Իրանը փնտրում է արևմտյան աշխարհի հետ հակադրության մեղմման հնարավորություններ, և իր գազի վաճառքը եվրոպացիներին կարող է այդ հարցում հնարավորություն և լծակ հանդիսանալ: Ահա այս հարթության մեջ միջազգային ասպարեզում Հայաստանը հառնում է, որպես պիտանի մի երկիր, որտեղով և կարող է անցնել Nabucco գազամուղը: Օպերետային  անուն կրող այս նոր աշխարհաքաղաքական նախագիծին, պարզվում է, հակացուցված են Հայաստանի փակ սահմաններն ու Ղարաբաղյան հակամարտությունը:  Եվ, իրոք, եթե նույնիսկ Թուրքիան է նախաձեռնությամբ հանդես գալիս Հայաստանի տարածքով անցկացնելու այս գազամուղը, ապա բոլոր խոչընդոտները դառնում են փոքրոգի: Ռուսաստանը, ակնհայտորեն, նախագծի մեջ կարող է ներգրավվել «Գազպրոմի» և հայաստանյան ռուս սահմանապահների միջոցով: Այստեղ է, որ Ռուսաստանի շահերը Հայաստանի և մնացյալների հետ այդքան էլ դեմ չեն:  Եվ զարմանալի չէ, որ Հայաստանի նախագահը համառորեն սառնասիրտ է մնում «ճանապարհային քարտեզի» հարցում: Եվ նա դեռ կասի՝ վերջապես, մի օր խնդիրները պետք է ինչ-որ ձև լուծել ու այդ  օրը այսօր է...Եվ  գազամուղն է այն քարտեզը, որի հաշվին և միջոցով  ճիգ է  արվում հարթելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կնճիռները:

 Իսկ թե գազաֆիկացման այս նախագծումներից ինչպե՞ս դուրս կգա Հայաստանը, արդեն ինչ-որ կերպ նշմարվում է աղոտ: Եթե իրոք գազամուղը անցնի Հայաստանով, ինչպես կողմնորոշվում են միջազգային հարթակում, ապա Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, Հայաստանը և Թուրքիան կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանի օրինականությունը: Հայաստանը կազատագրի Ղարաբաղի շուրջ ստեղծած անվտանգության գոտին, Ղարաբաղը մի ինչ-որ ժամանակ կմնա փաստացի անկախ, Հայաստանին միացված Լաչինի շրջանով, իսկ այդ որոշ ժամանակի ավարտից հետո կանցկացնի ևս մեկ հանրաքվե, որից հետո կճանաչվի միջազգային հանրության կողմից, որպես անկախ պետություն, կամ Հայաստանի մաս: Հավանաբար, էլի որոշ ժամանակ Քելբաջարը կմնա հայերի կամ միջազգային ուժերի հսկողության տակ, որպես երաշխիք՝ ուժերի նոր դիրքավորման: Ադրբեջանցի փախստականները հետ կվերադառնան հայոց հայրենիք: Իսկ ՆԱՏՕ-ի տանկերը, անհրաժեշտության դեպքում, թուրք-հայկական երկաթուղով կարող են, ըստ անհրաժեշտության, նետվել իրանական ճակատ:

Ահա այս «խաղարարար» սցենարով են, հավանաբար, ընթանում հարավկովկասյան նոր զարգացումները: Իսկ Հայաստանը, կարծեք, դառնում է էներգետիկ երկիր՝ իր նոր ատոմակայանով, Իրան-Հայաստան գազամուղով, Nabucco գազատարով, որով և միջինասիական, ադրբեջանական և իրանական գազը կմղվի դեպի Թուրքիա, ապա՝ Եվրոպա: Այստեղ է, որ Թուրքիան, իրոք, անկեղծ է և Ադրբեջանին հանգստացնելու առաքելություն է ստանձնել, ցանկանալով միաժամանակ ազատագրվել ցեղասպանության, ղարաբաղյան և Եվրոպայում աճող հակաթուրքական ուրվականներից, և, նաև, իր ոտքերի տակ առնել Եվրոպայի «արյունատար» խողովակները, սնելու իր մկաններն ու հետագայում դրանք խաղարկելու, որպես Եվրոմիության մուտքի տոմս:  Իհարկե, մենք էլ դեմ  չենք, որ մի քանի կիլոմետր անգին խողովակ մեր տարածքով անցնի վերջապես, միաժամանակ հայտնվենք ապաշրջափակ երանության մեջ և «բարեկամների» շրջապատում:

Եվ ինչու՞ չփաստել անթաքույց, որ Հայաստանում կայսրությունների շահերը համադրվում են Nabucco խողովակաշարում, և ոչ թե Եվրապական հիմնարար արժեքներում, կամ մեկ այլ անորոշ տեղ:

Այս խորագրի վերջին նյութերը