Լրահոս

07.03.2012 14:43


Ստեփան Գրիգորյան. «ԱԺ ընտրությունները կլինեն առաջին քայլը նախագահականից առաջ»

Ստեփան Գրիգորյան. «ԱԺ ընտրությունները կլինեն առաջին քայլը նախագահականից առաջ»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀ սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշել է.

–Այսօր միտումներն այնպիսին են, որ ՀՀ–ում կանցկացվեն ՌԴ–ի ընտրություններին նույնատիպ ընտրություններ։ Սակայն մենք պետք է հասկանանք տարբերությունը մեր և Ռուսաստանի, մեր և Ադրբեջանի միջև. մենք չունենք ռեսուրս։ Եթե իշխանության ներսում ինչ–որ մարդիկ դա չեն հասկանում, ապա նրանց պետք է հասկացնել։

Քաղաքագետի կարծիքով Հայաստանի համար մեծ շռայլություն  է առկա ժողովրդավարության էլեմենտները թուլացնելը։ Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց քաղաքականության բացերը կարող են փակել նավթից ստասված գումարներով, մենք, ըստ Գրիգորյանի, այդպիսի հնարավորություն չունենք։ Ավելին, մենք կոշտ մրցակցության մեջ ենք մեր հարևանների հետ։

–Այդպիսի մրցակցություն չկա ոչ մի այլ տարածաշրջանում։ Զարգացումներն այնքան արագ են ընթանում, որ մենք նույնիսկ չենք հասցնի ասել՝ «Ղարաբաղը մերն է» կամ նման որևէ այլ բան։ Ինչ–որ մարդիկ կան, որ չեն հասկանում Հայաստանի վրա կախված այդ վտանգները։ Հանրապետական կուսակցությունը դա կլինի, թե կոալիցիոն այլ ուժեր՝ նշանակություն չունի. բոլորն էլ պիտի հասկանան՝ դրա գինը շատ թանկ է լինելու,–ասել է բանախոսը՝ ավելացնելով, որ եթե Ալիևը կարող է իրեն թույլ տալ բուրգի նման քաղաքական համակարգ ստեղծել, ապա մենք չենք կարող, և մեր իշխանությունները պետք է հասկանան այդ բանը։

«7օր»–ի հարցին՝ արդյոք ՀՀ խորհրդարանական ընտրությունները չե՞ն վերածվի նախագահական ընտրությունների առաջին փուլի, հատկապես եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ցուցակը, Ս. Գրիգորյանը պատասխանել է.

–Մեր ԱԺ ընտրությունները շատ կարևոր են. ես համարում եմ, որ հենց այդ ընտրություններով ահագին բան կլուծվի, և դա կլինի առաջին քայլը նախագահականից առաջ։

Ստեփան Գրիգորյանը նաև նշել է, որ Ռուսաստանին ավելի կհետաքրքրեն մեր նախագահական ընտրությունները, քանի որ ինչ նախագահ էլ ընտրվի Հայաստանում, ակտիվ կհամագործակցի Ռուսաստանի հետ, քանի դեռ փակ է Թուրքիայի հետ մեր սահմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը